«Եվրոպան իր արժեհամակարգի շրջանակից դուրս եկող իր ցանկացած ներկայացուցչին պատշաճ ու շատ արագ իր տեղն է դնում». Գայանե Առուստամյան

«Եվրոպան իր արժեհամակարգի շրջանակից դուրս եկող իր ցանկացած ներկայացուցչին պատշաճ ու շատ արագ իր տեղն է դնում». Գայանե Առուստամյան
«Եվրոպան իր արժեհամակարգի շրջանակից դուրս եկող իր ցանկացած ներկայացուցչին պատշաճ ու շատ արագ իր տեղն է դնում». Գայանե Առուստամյան

«Եվրոպան իր արժեհամակարգի շրջանակից դուրս եկող իր ցանկացած ներկայացուցչին պատշաճ ու շատ արագ իր տեղն է դնում»,-անդրադառնալով վերջերս ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի անհարգալից պահվածքին եւ դրա շուրջ զարգացումներին գրում է լրագրող, գրող, հրապարակախոս Գայանե Առուստամյանը: Առուստամյանը զուգահեռներ է անցկացնում ՀՀ-ում Ռումինիայի եւ Ռուսաստանի դեսպանների պահվածքների եւ դրան հետեւած արձագանքին:
«Ռումինիայի դեսպանը հաշիվ է տվել հայերի զգացմունքները վիրավորելու համար»,-ֆեյսբուքյան գրառման մեջ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ, նշում է նա:

«Մարդու իրավունքները օրենքների ուժով ամրագրելու ու կիրառելու արժեքը եվրոպական է ու այդ փաստն անհերքելի է: Եվ այդ արժեքային համակարգը հակակշիռն ու այլընտրանքն է մոնղոլթաթարական, միապետական, կայսերապաշտական հավակնություններով մարդկանց վերահսկելու ու կառավարելու այն արժեհամակարգին, որ ԵՏՄ համաձայնագրի ուժով պարտադրվեց մեր ժողովրդին ու վտանգեց մեր երկրի ինքնիշխանությունը:

Ամեն մի առանձին մարդու, մարդկային հանրույթների ու ամբողջ ժողովուրդների եւ ազգերի հիմնարար ազատությունները պաշտպանելու նպատակ հետապնդող եվրոչինովնիկներն ու եվրոպական տարբեր կառույցների ղեկավարներ, սակայն, ժամանակի մեջ այդ արժեքները ոտնահարելու կամ շրջանցելու դեպքեր արձանագրում են:

Զորօրինակ, վերջերս Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեն Երևանում կարդացած մի դասախոսության ժամանակ վիրավորել է իր լսարանի եւ ողջ հայ ժողովրդի զգացմունքները, 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը գնահատելով որպես հարաբերական պատմություն եւ համեմատելով սեռական բարոյականության հետ:

Իր այդ անզգույշ եւ ոչ պրոֆեսիոնալ քայլի համար դեսպանը կանչվել է Բուխարեստ` իր խոսքերին հաշիվ տալու նպատակով: Ավելին` հայերի զգացմունքները վիրավորող խոսքերի համար դեսպանից հաշվետվություն են պահանջել եվրոպական լրատվամիջոցներն ու լրագրողներ ու դեսպանը ստիպված է եղել շտկելու իր խոսքը եւ մեղայական ձեւակերպումներով հաստատելու հայերի ցեղասպանության մասին Եվրոպայում գոյություն ունեցող այն կարծիքները, որոնք դատապարտում են մարդկության դեմ կատարված այդ հրեշավոր հանցագործությունը:

Բոլորովին էլ չարդարացնելով Հայաստանում եվրոպական երկրի դեսպանի վարքագիծը, ստիպված եմ արձանագրել, որ Հայաստանը որպես սուվերեն պետություն այնքան է գցել իր վարկանիշն ու պետական կառավարման մակարդակը, որ օտար պետությունները լուրջ չընդունելով մեր երկիրը, այստեղ են գոծուղում հիմնականում ցածրակարգ ու որոշ դեպքերում` անզգույշ եւ երբեմն էլ լկտի ներկայացուցիչների, որոնք կորցրած լինելով այն զգոնությունը, որ կդրսեւորեին ցանկացած այլ` արժանապատիվ ու գործոն հանդիսացող երկրում, ուշադիր կլինեին իրենց արտահայտություններում:

Դեսպանի սանձարձակ վարքագծի ամենավառ օրինակը, սակայն Հայաստանում դրսեւորում է Ռուսաստանի դաշնության դեսպանը, մեր երկրում հանդես գալով տանտիրոջ դիրքերից ու նույնիսկ ի զորու է երկրի նախագահին կանչել դեսպանատուն, հարց քննարկելու: Բայց Ռուսաստանի դեսպանի վարքագիծը մի կողմ դնելով, անդրադառնանք եվրոպական արժեհամակարգին:

Հայաստանում Ռումինիայի դեսպանն, այնուամենայնիվ, կանչվել է իր երկիր, իր վերադաս ատյանին հաշիվ տալու, քանի որ շեղվել է այն արժեհամակարգից, որի կրողն է: Այսինքն` Եվրոպան իր արժեհամակարգի շրջանակից դուրս եկող իր ցանկացած ներկայացուցչին պատշաճ ու շատ արագ իր տեղն է դնում:

Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեն Բուխարեստ կանչելու եւ նրանից հաշիվ պահանջելու փաստը վկայում է, որ դեսպանն այս պարագայում ներկայացրել է ոչ թե իր երկրի, այլ իր անձնական կարծիքը, ինչի իրավունքը, որպես դեսպան, չուներ:

Կարող են, իհարկե, առարկություններ հնչել թե. դա դիվանագիտություն է, ասել է, հետո կանչել են, իբր համաձայն չեն դեսպանի խոսքերի հետ: Նման առարկությունները կարող են ծագել հատկապես եվրոպական արժեքները Հայաստանից դուրս մղելու նպատակ հետապնդողների գլխում, որին ի պատասխան կարող եմ ասել, որ եթե անգամ այդպես է, ապա էթիկան պահպանելով, դեսպան Վասիլեի երկիրը փրկել է իր դեմքը ու հարգանքի նշան ցույց տվել մեր երկրին ու ժողովրդին:

Նույնը, սակայն, չենք կարող ասել Ռուսաստանի մասին, որի դեսպանը Հայաստանում բացահայտ հայտարարում է, որ պետք է փակվեն ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ոչ պետական կազմակերպությունները, այսպիսով միջամտելով օտար երկրի ներքին հարցերին ու այնտեղ տարածելով իր երկրի ղեկավարի կարծիքն ու կամքը:

Լուսանկարը` Գայանե Առուստամյանի ֆեյսբուքյան էջից: