«Պատերազմը պարտվել ենք, բայց, պարզվում է՝ բանակը մեղավոր չէ. ոչ մի բարձրաստիճան զինվորական պաշտոնանկ չարվեց». Գագիկ Մելքոնյան

Լուսանկարը՝ «Ազատություն»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը

– ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան զինվորների, զինակոչիկների ծնողներից խոշոր գումարի կաշառքներ է վերցրել՝ նրանց հարազատներին Ղարաբաղի զորամասերից տեղափոխելու համար: Հատկանշական է, որ այդ գումարներով բարձրաստիճան զինվորականը «Աջարաբեթում» խաղադրույքներ է կատարել: Ըստ էության դա տեղի է ունեցել պատերազմի ամենաթեժ օրերին: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, կարո՞ղ ենք ասել, որ այդպիսի դեպքերը բազմաթիվ են եղել:

– Եթե ԱԱԾ-ն է ասել, ուրեմն իրենք ինֆորմացիա ու փաստեր ունեն: Երևույթը շատ տգեղ է, ու նման մարդկանց պետք է պատժել խստագույն ձևով, քանի որ նրանք արատավորում են ամբողջ բանակը: Կամ թող հանձնեն ժողովրդի դատին, ասեն՝ էս մարդը այսպիսի բաներ է արել, չթողնեն, որ դա դառնա տարբեր մեկնաբանությունների ու քննարկման առարկա: 

– Պատերազմի ընթացքում անընդհատ շեշտվում էր, որ կան դավաճանական դեպքեր, կոռուպցիոն դեպքեր, այսինքն՝ ոմանք պահը չեն կորցրել այդ վատ առիթից օգտվելու:

– Այո՛, մարդիկ օգտվել են դրանից ու սկսել են փող աշխատել: Մի հատ հարուստի տղա չտեսանք պատերազմի դաշտում: Այդ ինչպե՞ս եղավ, որ ոչ մի հարուստի տղա չեկավ հայրենիքը պաշտպանելու: Սա էլ հետաքրքիր հարց է: Դա էլ հո վիճակահանությամբ չէր արվում: 

– Բանակի շուրջ այս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ են այսօրվա իշխանություններն իրենց առջև դրել բանակի առողջացման խնդիր: Բարոյալքվա՞ծ է բանակը այսօր:

– Մեր բանակն այսօր շատ վատ վիճակում է, բարոյահոգեբանական վիճակը՝ ծանր, տեխնիկապես զինված չենք արդիական զենքերով:

Առաջին հերթին պետք է տեղի ունենա կառուցվածքային փոփոխություն, որից հետո պետք է սկսվի բանակաշինությունը, կարելի է ասել՝ զրոյից: Մենք պետք է արդեն պատրաստ լինեինք պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը: 

– Շատերը նշում են, որ վերջին 2,5 տարում էլ շատ քայլ չարվեց բանակում լուրջ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ: Այդ ընթացքում որևէ կոռումպացված զինվորականի պատժի ականատես չեղանք: 

– Ոչ թե 2,5 տարվա ընթացքում, այլ ընդհանրապես: Մենք պատերազմ ենք պարտվել, բայց, պարզվում է՝ բանակը ոչ մի բանում մեղավոր չէ: Ոչ մի բարձրաստիճան զինվորական պաշտոնանկ չարվեց, դրա մասին էլ պետք է մտածել:

Ասում են՝ չորս կողմը դավաճանություն է եղել, դրանք որտե՞ղ են եղել՝ բանակո՞ւմ են եղել, բանակից դո՞ւրս են եղել:

Այդքան մարդ ասում էին՝ հողերը հանձնված են, փախեք: Ովքե՞ր էին էդ ասողները: Բոլորը գիտեն, ուրեմն թող հրապարակեն, որ նման մարդիկ են եղել: 

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունները չեն շտապում բացահայտել տեղի ունեցածը: Պատերազմի ժամանակ խոսում էին դավաճանությունից, պատերազմից հետո ոչ ոք դրա համար պատասխան չի տվել: Ասում էին՝ Ջալալ Հարությունյանը կառողջանա, կխոսի, նա այսօր նոր պաշտոն ստացավ: 

– Այդ հարցով դիմեք իշխանությանը, ասեք՝ ինչո՞ւ եք դանդաղում: Երևի կխոսի Ջալալ Հարությունյանը, բայց չեմ կարծում, որ նա նորություններ կունենա ասելու: 

– Ի՞նչ պետք է անել բանակի արդիականացման համար:

– Պետք է կառուցվածքային փոփոխություն անեն և սկսեն ամեն մարդ իր տեղը նստի, աշխատի: Վերնախավից ոչ մի մարդ չի փոխվել, բոլորը մնացել են իրենց տեղերում և նույն ձևով աշխատում են: Մոտեցումները պետք է փոխվեն, աշխատանքային ձևը պետք է փոխվի: 

– Ջալալ Հարությունյանի նշանակումն ինչպե՞ս եք գնահատում:

– Ես գնահատականներ չեմ տալիս, որովհետև դա էն պաշտոնն է, որը պետք է լինի ճիպոտ ամբողջ զինված ուժերի համար: 

– Բացի ԱԱԾ-ի տարածած այս դեպքից, ձեր հայտնի եղե՞լ են դեպքեր, երբ զինվորականները փորձել են նման գործարքների գնալ ծնողների հետ, նրանց որդիներին տեղափոխել Երևան:

– Ես բանակում չեմ ծառայում, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցին պետք է պատասխանեն մարդիկ, որոնք ծառայում են բանակում և ներսից տեսնում են տիրող բարքերը: 

– Վերջին օրերին տեղեկություններ տարածվեցին, որ հնարավոր է՝ Արցախի պաշտպանության բանակը վերացվի: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ խոսակցությունները:

– Դրանք խոսակցություններ են, Արցախը անպայման պետք է ունենա իր ինքնապաշտպանական բանակը, նայած ինչքան զորքով: Դա հետագայի պայմանավորվածությունների հարց է:

– Ձեր կարծիքով՝ ինչու Քաշաթաղի Աղավնո և հարակից գյուղերի վերաբերյալ այդպես էլ հստակեցում չեղավ: Ի վերջո, դրանք մե՞րն են, թե՞ ոչ: 

– Այո՛, Քաշաթաղում այդպես էլ վերջնական չպարզվեց, թե ո՛րն է մերը: Այնտեղ 5-կմանոց սահման պետք է լիներ, ես չգիտեմ, այդ գյուղերը այդ 5 կմ-ի մեջ մտնո՞ւմ են, թե՞ ոչ: Ի վերջո, դա հրադադարի համաձայնագրում է, իսկ մնացած ամեն ինչի շուրջ ապագայում պետք է պայմանավորվածություն լինի: 

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախկին զինվորականների, մասնավորապես, Սեյրան Օհանյանի ակտիվացումը: Նրանք հայտարարություններով են հանդես գալիս, պահանջում են վարչապետի հրաժարականը:

– Երկրի պաշտպանությունը տված էր իրենց, թող պաշտպանեին: Վարչապետն ի՞նչ պետք է աներ: Օրինակ՝ հիմա Ֆրանսիան ու Գերմանիան պատերազմում են իրար դեմ, և Գերմանիան պարտվում է: Ի՞նչ են անելու, Մերկելին գնդակահարելո՞ւ են, ասելու են՝ դո՞ւ ես մեղավոր: Այսինքն՝ ամբողջ բանակը պատասխանատու չէ, Մերկե՞լն է պատասխանատու: 

Մանե Հարությունյան

MediaLba.am