Ակտիվանալու են նրանք, որոնք պատրաստ են ռուսական տարբեր օղակներին բոլոր միջոցներով համոզել, որ նրանց կծառայեն, հայրենիքը ժապավենով փաթեթավորած կնվիրաբերեն. Սուրեն Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումները շարունակվում են: Տեսակետ կա, որ պայքարը հիմնականում լինելու է Փաշինյանի և Քոչարյանի միջև: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: 

– Իհարկե, նշված երկու կողմերին շահեկան կլինի, եթե ընտրությունը նրանց միջև լինի։ Սև-սպիտակը, միմյանց դավաճան ու հերոս հռչակելը անբովանդակ երևույթ է, որ նրանց մոտ ամենալավն է ստացվում։ Հույս ունեմ՝ հանրությունը դա այլևս չի հանդուրժի։ Մենք մեր կողմից հնարավորինս կանենք, որ այդ կեղծ ընտրությունն այլընտրանք ունենա։

– Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, տեսնում ենք, թե ինչպես են Ներքին Խնձորեսկում ադրբեջանցիները վրաններ տեղադրում և սպասում, որ հայկական կողմն ազատի այդ տեղանքը: Հատկանշական է, որ մեր կողմից որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա: 

– Ես զարմանում եմ, թե ինչքան կարելի է նույն թեման ծամծմել։ Սրա մասին ով չի ալարել խոսել են, հարցը քննարկվել է ամենատարբեր դիտանկյուններից։ Պատերազմում պարտությունը հանգեցրել է քարտեզի գույների փոփոխության։ Նախկինում անվտանգ թվացող հատվածները հիմա վտանգավոր են դարձել։

Եթե առաջիկայում նոր պատերազմ չլինի, մենք պետք է պատրաստվենք ապրել այս պայմաններում՝ ձգտելով աշխատեցնել պետական կառավարման համակարգը, հնարավորինս անվտանգ ու պաշտպանված դարձնել մեր սահմանները։

Բնական է, որ քանի դեռ մեր պետական կառավարման համակարգը հնարավորություն չի ստացել կենսագործունեությունը վերականգնելու, հակառակորդի ամեն երևակում անհանգստություններ է առաջացնելու։

Հանրությանը սնում են նրանով, որ նրանք ամենակարող են, իսկ մեզնից ոչինչ կախված չէ։ Երբեմն հակառակորդը օգտվում է ներքին քաղաքական այս վիճակից։

– Առհասարակ, մտահոգիչ չե՞ք համարում, որ հիմնականում նախկին գործիչներն են հայտարարում արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին՝ Սեյրան Օհանյան, Քոչարյան և այլն: Քոչարյանն էլ հայտարարում է մեծ քաղաքականություն վերադառնալու մասին։

– Համաձայն չեմ ձեր դիտարկմանը։ Հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններ են հիմնում և նախկինում մեռածները վերականգնում բոլորը, որոնց իրենց ընտանիքի անդամներից բացի էլի ինչ-որ լսողներ կան։

Ընդ որում՝ կապ չունի լսողների թիվը։ Ցավալին այն է, որ դրանցից շատ քչերի միավորումն է հիմնված գաղափարների վրա։

Մեծ մասը «կուսակցություն» անունը օգտագործելու է իր ձայներն ու «հեղինակությունը» վաճառելու նրան, ով ավելի շատ կվճարի։

Ակտիվանալու են նաև նրանք, ովքեր պատրաստ են լինելու ռուսական տարբեր օղակներին հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով համոզել, թե իրենք նրանց կծառայեն ու հայրենիքը ժապավենով փաթեթավորած կնվիրաբերեն ավելի լավ, քան մինչև իրենց հայտնվելը որևէ մեկն արել է։

– Պարո՛ն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում կադրային վերջին նշանակումները։ Արդյոք կառավարող ուժը սրանով չի՞ փաստում, որ կադրերի լուրջ խնդիր ունի։

– Կառավարող ուժը ոչ միայն հիմա, այլև կառավարումը ստանձնելու առաջին իսկ օրից ապացուցել է, որ կադրային հարցում սխալ սկզբունքներ ու չափորոշիչներ է որդեգրել։ Անկեղծ ասած, եթե ես մի կոմպետենտ նշանակում էլ մտաբերեմ, երկրորդը չեմ կարող։ Մինչև հիմա ով էլ կոմպետենտ է եղել, չի դիմացել կառավարման այս համակարգի գործելաոճին։

– «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ պատրաստել են օրենսդրական նախաձեռնություն, որով կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները» և «ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը»:

Շատերը մտահոգություններ են հնչեցնում այս նախագծի վերաբերյալ։ Ի՞նչ կարծիք ունեք դուք։ Արդյոք իշխանությունը, դատարանների վրա վերահսկողություն չունենալով, այս ճանապարհո՞վ կփորձի այսպես կոչված ֆեյքերի դեմն առնել։

– Ընդհանրապես, այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է արդիական, այլև ամբողջ աշխարհում։ Ըստ իս, ֆեյք նորությունների, լայքերի դեմ պայքարողներն իրականում հողմաղացների դեմ կռվող Դոն Կիխոտներ են։

Համացանցը մեծ հնարավորություններ է տալիս գրառումներ անել և լուրեր տարածել առանց բացահայտվելու։ Այդ հարցի լուծումը ոչ թե վհուկների որսն է, այլ կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնելը և տեղեկատվության վստահելի աղբյուրներ ստեղծելը։

Ցավոք, կառավարությունն ու կառավարող ուժը հարցերի լուծման օպերատիվ մակարդակից չեն կարողանում վեր բարձրանալ։ Դա մտահոգիչ է բոլոր առումներով։ Ընտրողները պետք է դրանից հետևություններ անեն։

Մանե Հարությունյան

MediaLab.am