Կան հետազոտություններ, որոնց համաձայն, եթե ընտրություններ լինեին, «Իմ քայլը» ևս մեկ անգամ կստանար մեծամասնություն. պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը

– Պարո՛ն Ենգիբարյան, «Իմ քայլը» հանդիպել է վարչապետի հետ, և երեկ հանդիպման արդյունքներով հայտարարություն տարածվեց, որում նշվում էր, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա: Ի՞նչ հանդիպում էր, ի՞նչ քննարկվեց և ինչո՞ւ այդպես որոշվեց:

– Երեկվա հանդիպումը պլանավորված էր դեռ մեկ ամիս առաջ: Այսինքն՝ մենք տեսել էինք, որ քաղաքական դաշտը խանդավառված չէ արտահերթ ընտրություններով, և, եթե կհիշեք, վարչապետն էլ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը այդ թեմայով պատրաստ չէ երկխոսության, ապա «Իմ քայլը» ստիպված կլինի ինքնուրույն կայացնել որոշում՝ անցկացնե՞լ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ:

Եվ այդ ծրագրված հանդիպումը երեկ տեղի ունեցավ, և շուրջ մեկ օր՝ առավոտից մինչև երեկո, մենք քննարկել ենք երկրի համար արդիական տարբեր ներքին, արտաքին քաղաքական հարցեր նաև՝ հենց ընտրությունների կոնտեքստում:

Ի վերջո, հանգել ենք այն եզրակացության, թե քանի որ հանրության կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընդգծված պահանջ չկա, և խորհրդարանական ուժերը ևս խանդավառված չեն այդ գաղափարով, ապա որոշում ենք կայացնում, որ այս փուլում խորհրդարանական ընտրություններ անցկացնելը անիմաստ է:

Շարունակելու ենք հետևել նոյեմբերի 18-ին վարչապետի առաջարկած ճանապարհային քարտեզին, որից հետո ծրագրային նոր դրույթներով հանդես կգանք:

– Այսինքն՝ դա նշանակում է՝ գնալու եք հերթական ընտրությունների՞:

– Այո՛, այս պահի դրությամբ, կարծում եմ, ընտրություններ անցկացնելու հարցը օրակարգից դուրս է գալիս:

– Պարո՛ն Ենգիբարյան, ընդդիմությունից «Լուսավոր Հայաստանը» կարծես թե դեմ չէր արտահերթ ընտրություններին: Նրանք նույնիսկ պատրաստվում էին, ընտրական հանձնաժողովներում անդամագրումներ էին իրականացնում:

– Ե՛վ «Լուսավոր Հայաստանը», և՛ «Բարգավաճ Հայաստանը» տարբեր հարցազրույցներում ասել են, որ իրենք կողմնակից չեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

ԲՀԿ-ն այդ 15 կուսակցությունների ֆորմատով առաջադրել է իրենց վարչապետի թեկնածուին, որին պետք է ընտրի ներկայիս խորհրդարանը: Իսկ դա նշանակում է, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մոտիվացիա չունեին, այլ պարզապես ցանկանում էին, որ «Իմ քայլը» Վազգեն Մանուկյանին ընտրի որպես վարչապետ:

Իսկ «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում էր առաջադրել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Այո՛, դուք իրավացի եք, իրենք տարբեր առիթներով հայտարարել էին, որ եթե, այնուամենայնիվ, «Իմ քայլը» որոշի գնալ արտահերթ ընտրությունների, իրենք ստիպված կլինեն դրան մասնակցել: Բայց մենք ստիպված մասնակցելու ջատագով չենք, հետևաբար կայացրեցինք նման որոշում:

– Իսկ հնարավո՞ր է արտահերթ ընտրություններ չկազմակերպելու ձեր որոշումը պայմանավորված էր Ռոբերտ Քոչարյանի հայտարարությամբ: Գիտեք՝ նա ասաց, որ պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն ու մասնակցել արտահերթ ընտրությունների:

– Բացարձակ:

– Կան կարծիքներ, որ իշխանությունը վախեցավ այդ նախաձեռնությունից:

– Գիտեք, նույնիսկ չեմ էլ ուզում պատասխանել նման հայտարարություններին, որովհետև շատ նաիվ հարց է թվում, որ որևէ մեկը կարող է վախենալ որևէ մեկի մասնակցությունից:

Արտահերթ ընտրությունների գաղափարը հենց մենք ենք առաջադրել և ասել ենք, որ ուրախ կլինենք, որ բոլոր ուժերը մասնակցեն, և հանրությունը տա իր գնահատականը: Այնպես չէ, որ արտահերթ ընտրությունների պահանջը բխել է մեր հանրությունից կամ ընդդիմությունից, դա մեր գաղափարն է եղել:

Ի վերջո, տեսել ենք, որ չկա մեծ խանդավառություն այդ հարցում, չկա մեծ աջակցություն, և համարել ենք, որ անտեղի է երկիրը արտահերթ ընտրությունների միջով անցկացնելը:

Պարզ է, չէ՞, որ ընտրական գործընթացները ուղեկցվում են տնտեսական որոշակի պասիվությամբ, որոշակի անորոշություններով: Ի վերջո, ընտրություններ կազմակերպելը ծախսեր է ենթադրում պետության, քաղաքական ուժերի համար: Եթե չկա արտահերթ ընտրությունների պահանջ, ինչո՞ւ գնալ այդ քայլին: Նրա համար, որ ապացուցենք՝ ունենք բարձր վարկանի՞շ:

– Ձեր՝ արտահերթ ընտրություններին չգնալու որոշումը նաև նշանակում է, որ դուք զգում եք՝ ունեք 70-տոկոսանոց նախկին աջակցությունը: Կարծում եք՝ հիմա՞ էլ ունեք հանրային նման բարձր աջակցություն:

– Այո՛, կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ եթե մենք մասնակցեինք արտահերթ ընտրությունների, ապա «Իմ քայլը» ևս մեկ անգամ կստանար մեծամասնություն:

– Նույն հետազոտության հիման վրա՞ էր պնդումը, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա:

– Այո՛, եթե կա հետազոտություն, որը ցույց է տալիս՝ իշխող ուժը ունի կրկին մեծամասնություն ստանալու հնարավորություն, ապա դրանից էլ բխում է, որ չկա արտահերթ ընտրությունների հանրային պահանջ:

Բացի այդ, տեսնում ենք երկրում իրավիճակը՝ կան շատ անորոշություններ, մենք շատ բարդ իրավիճակի միջով ենք անցնում մեր ամբողջ ժողովրդով, բարդ փորձությունների միջով անցանք 2020 թվականին, և դժվարությունները շարունակվում են նաև այսօր:

Բայց դա ուղիղ չի կապվում երկրի իշխանությունների հետ, և կարծում եմ, որ հակառակը՝ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ մենք այդ խնդիրները կարող ենք առաջիկայում լուծել: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am