Չեք պատկերացնի, թե ովքեր տարիներով չեն վճարել աղբի, հողի և գույքի հարկ. Ըստ Առինջի գյուղապետի՝ վնասի գումարը մեկ միլիարդով ավելացել է

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Հայկ Մկրտչյանը

– Պարո՛ն Մկրտչյան, նախորդ տարի ամռանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Կոտայի մարզի Առինջ գյուղի պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել. բացահայտվել էր համայնքին շուրջ 3 միլիարդ 900 միլիոն դրամի իրական եկամուտ ստանալու հնարավորությունից զրկելու դեպք: Հաջողվե՞լ է արդյոք համայնքային բյուջե այդ գումարները վերադարձնել։

– Քանի որ քրեական գործեր են հարուցվել, գործերը դեռևս քննչական պրոցեսում են, չեմ կարող շատ փակագծեր բացել, որ հանկարծ չվնասեմ քննչական գործողությունները, քանի որ հօգուտ մեր համայնքի է կատարվում։ Հուսով եմ, որ մինչև տարեվերջ մենք արդյունք կունենանք, բայց այս պահին բյուջեի զգալի մուտքեր այդ առումով չեն եղել։ Այս պահին դեռ որևէ փոփոխություն չկա։

– Առհասարակ, նորմա՞լ է, որ գործերի բացահայտումից մեկ տարի անց որևէ գործողություն չի իրականացվել, խոստումները չեն կատարվել։

– Չի կարելի այդպես գնահատական տալ՝ նորմալ է կամ նորմալ չէ, քանի որ ամեն վայրկյան նոր նյութեր են ի հայտ գալիս, նոր ապօրինություններ, և գումարի չափը մեծանում է։ Նորմալ է, թող մի քիչ ուշ լինի, բայց ամբողջությամբ բացահայտվի։

– Բացահայտվել էր 3 միլիարդ 900 միլիոն դրամի իրական եկամուտ ստանալու հնարավորությունից զրկելու դեպք։

– Ես հիմա ձեզ մի փոքր գաղտնիք կբացեմ, բայց խնդրում եմ ավել հարց չտաք. ձեր նշած գումարը 1 միլիարդով ավելացել է։

– Նախկինում «Մուլտի գրուպ» կոնցեռնի անունն էր շրջանառվում։ Հիմա դարձյալ նրա՞նք են շրջանառվող անունների տիրույթում։

– «Մուլտի գրուպն» էլ կա, նախկին գյուղապետն էլ կա, նախկին աշխատակիցներն էլ կան, ներառյալ գլխավոր ինժեներ և ևս մի քանի հոգի։

– Իշխանությունը շարունակ հայտարարում է, որ դատարանները նախկինների հրահանգն են կատարում, նույն իներցիայով են գործում։ Հիմա որտեղի՞ց վստահություն, որ կկարողանաք այդ գումարները վերադարձնել համայնքային բյուջե։

Գիտեք՝ դատարանների չենթարկվելը ժամանակավոր է, հիմա դատավորները, կոպիտ ասած, չոր աշխատավարձով են աշխատում, և երևի իրենց դա ձեռք չի տալիս, բայց քանի որ ստեղծվել է հակակոռուպցիոն նոր դատարան, հույս ունեմ, որ այդ դատարանը շատ մեծ բեռ կվերցնի իր վրա, և կկարողանանք մաքրել մեր գաղջ դատական համակարգը։

– Դուք բավական ակտիվ եք Ֆեյսբուք սոցիալական ցանցում, օրերս էլ Ռոբերտ Քոչարյանին ուղղված գրառում էիք արել։ Առինջի բնակիչները նշում են, որ համայնքում շատ են խնդիրները, փոխանակ համայնքային խնդիրները լուծելու, լուսավորություն, փողոցների բարեկարգում և այլն, գրառում եք անում։

 – Ընդհանուր բոլորի առինջեցիների անունից ես սխալ եմ համարում այդ հարցը բարձրացնել, դրանք որոշ շրջանակներ են, որոնց ես խանգարում եմ իմ աշխատանքով: Իմ յոթ ամսվա աշխատանքի ընթացքում ես 30 միլիոնի լուսավորություն եմ արել, 200 միլիոնի ասֆալտապատում, բյուջեն կրկնապատկել եմ, այսինքն՝ կատարողականը 147 տոկոս է, և նման բան հանրապետության ոչ մի համայնքում երևի չկա։ Եվ շատերին դուր չի գալիս, որ այդ գումարը ճիշտ տեղում է ծախսվում։

– Այսինքն՝ կարծում եք՝ ձեզ քննադատողները նախկինների հետ կապ ունեն, դրա համա՞ր են քննադատում։

– Երևի։ Այդ գումարը միշտ էլ եղել է, ինչո՞ւ չի հավաքվել։ Ես գել ու գազան չէի, որ բերեցին ինձ տվեցին։ Դուք չեք էլ պատկերացնի, թե տարիներով ովքեր չեն վճարել։ Էն որ ՀՀ բյուջեից շատ փող ունեն, այդ մարդիկ չեն վճարել ո՛չ աղբահանության համար, ո՛չ հողի ու գույքի հարկերը, իսկ հիմա, ինչպես ասում են՝ как миленький:

– Նրանց մեջ նաև Ծառուկյա՞նն է։

– Չէ՛, Ծառուկյանին դրա համար չեմ կարող մեղադրել, Ծառուկյանն ամեն եռամսյակ պարտաճանաչ վճարում է, և երևի էդ մի բանով կարելի է նրա անունը չշոշափել։

– Հայտնի անուններ կա՞ն։

– Շատ-շատ կան, բայց եկեք անուն չտամ, մենք մի որոշ ժամանակ անց լուսաբանելու ենք այդ ամենը, և ամբողջ հանրապետությունը կտեսնի։

– Քոչարյանի մասին գրառում ինչո՞ւ էիք արել։ Վտանգ կա՞ նրանցից եկող։

– Չէ՛, նրանք վտանգ չեն, նրանք ունեն մեծ փող, ուզում են իրենց փողով հետ գալ իշխանության, բայց հաստատ թույլ չենք տալու, ժողովուրդը սովորել է օրենքով ապրելուն, և մականունավորներին և թալանչիներին թույլ չեն տալու հետ գալ, և նրանք այսօր պետք է հաշտվեն իրենց կարգավիճակի հետ։

Մանե Հարությունյան

MediaLab.am