«Առաջ նստում էինք հաց ուտելու, ամբողջական ընտանիք էր, ի՞նչ մնաց իմ ընտանիքից»․ ամուսնու մահը, հետո՝ որդու կորուստը պատերազմում

42-ամյա Լեյլի Ջիլավյանը հուզմունքով է հիշում մի քանի տարի առաջ մեծ ընտանիքով ճաշի սեղանի շուրջը հավաքվելը։ 2017-ին ամուսնուն կորցնելուց հետո Լեյլին երկրորդ հարվածը ստացավ 2020-ին, երբ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը որդին զոհվեց։ 

«Ի՞նչ մնաց իմ ընտանիքից, կիսատվեց իմ ընտանիքը։ Հիշում եմ մեր ուրախ օրերը, մեր լիքը տունը։ Շատ եմ կարոտում, որ առաջ նստում էինք հաց ուտելու՝ ամբողջական ընտանիք էր, իսկ հիմա ամեն ինչ կիսատ է…»- ասում է ու հուզվում 42-ամյա Լեյլին։

Լեյլին ամուսնու մահից հետո Հայաստանից ընտանիքով տեղափոխվել էր Ռուսաստան: Տղան՝ Էրիկ Ջիլավյանը, որոշել էր, որ ծառայելու տարիքը հասնելուն պես անպայման պետք է վերադառնա և հայրենիքում ծառայի:

Մայրը հիշում է՝ խնդրել է որդուն, որ չվերադառնա, սակայն տղայի որոշումը վերջնական էր։

«Ասում էի՝ մի՛ գնա, ասում էր՝ որ չծառայեմ, հանգիստ չեմ լինի: Ասում էր՝ 2 տարին ի՛նչ ա, կգնամ կգամ, քուրիկը, ապերը ստեղ են, դու մենակ չես, դու ուժեղ ես»,- հիշում է որդու խոսքը մայրը։

Էրիկն 8 ամսվա ծառայող էր Մատաղիսում, երբ սկսվել է պատերազմը։

Պատերազմի հենց առաջին օրը Մատաղիսի դիրքերում Էրիկը վեց զինվորների հետ զոհվել է դիպուկահարի կրակոցից։

«Զոհվել են հենց առաջին հարձակման ժամանակ, էդ դիրքը թուրքերը գրավել են, էդ դիրքում յոթից ոչ մեկը ողջ չի մնացել»,- ասում է ու հուզվում մայրը։

3 օր անց իմանալով որդու զոհվելու մասին Լեյլին վերադարձել է Հայաստան։ Սեպտեմբերի 31-ին Սպիտակի շրջանի գյուղ Քարաձորում տեղի է ունեցել Էրիկի հուղարկավորությունը։

Լեյլին ասում է՝ այդ օրվանից կյանքը կիսատվել է։ Նշում է՝ աննկարագրելի զգացողություններ են, ամուսնու մահից հետո Էրիկն էր տան հենարանն ու սյունը։

«Դաժան ցավ ա, ոչ մեկին չեմ ցանկանա էդ ցավը։ 

Հիշում եմ, որ տեղափոխվել էինք Ռուսաստան, մեզ համար օտար երկիր, ամուսինս չկար, դժվարությունները շատ էին, Էրիկս գալիս փաթաթվում էր՝ մա՛մ, մեռնեմ քեզ, դու չտխրես, չլացես, չմտածես, ամեն ինչ լավ ա լինելու։ 

Վերջին օրը աղջկաս հետ էր նամակներով խոսել։ Գրել էր՝ ինչ չի կարողացել պապան անի, ես եմ անելու քեզ համար, էդմոնի համար (փոքր եղբոր.- խմբ․), ես ամեն ինչ անելու եմ, որ լավ լինեք, ոչ մի բանի կարիք չունենաք։ 

Հիմա ասում եմ՝ էրի՛կ ջան, բա ո՞ւր մնաց էդ լավ լինելը»։

Լեյլին պատմում է, որ որդին շատ աշխատասեր էր, շատ շփվող, մարդամոտ։ Ռուսաստան տեղափոխվելուն պես շատ ընկերներ է ձեռք բերել, աշխատել ու օգնել ընտանիքին։ Մայրն ասում է՝ Էրիկը շատ երազանքներ ուներ ու կհասներ դրանց, քանի որ շատ ընդունակ էր ու նպատակասլաց։

«15-16 տարեկանում աշխատում էր արդեն անվադողերի շինմոնտաժում, անվադողեր էր փոխում։ Զբաղվում էր սպորտով՝ բոքսով, մրցումների էր մասնակցում։ Որոշել էինք՝ բանակից վերադառնար, բարձրագույն ընդունվեր, դառնար ֆիզկուլտ ուսուցիչ, որոշել էր իր գործը դնել։ 

Բայց ամեն ինչ կիսատ մնաց»։

Մայրն ասում է՝ շարունակ որդու հետ է խոսում, կարոտում նրա ժպիտը, ձայնը, խոսքը։

«Շատ դժվար ա առանց իրա։ Գնում փաթաթվում եմ իմ փոքր տղուն, պաչում եմ, ասում՝ ի՛մ տղա, քեզանից եմ Էրիկիս կարոտը առնում»,- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է որդեկորույս մայրը։

Էրիկ Ջիլավյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am