Չորսի նախաձեռնության հայտարարությունը

Չորսի նախաձեռնության հայտարարությունը
Չորսի նախաձեռնության հայտարարությունը

2016թ․ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից զենքի կիրառմամբ գործողությունների վերաբերյալ 2016թ․հուլիսի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ Հայաստանյան Գերագույն մարմինը գրեթե միաժամանակ տարածեցին բառացիորեն նույնաբովանդակ հայտարարություններ։

Տարածված հայտարարություններում արդարացիորեն անթույլատելի է համարվում ներքաղաքական հարցերը բռնությամբ և ուժի կիրառմամբ լուծելը։

Միևնույն ժամանակ, վերը նշված Երեք Հայտարարություններում որևէ գնահատական չի տրված 2016թ․ հուլիսի 17-ից 22-ը ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մամինների կողմից կիրառված զանգվածային, ապօրինի ազատազրկումներին, որոնք ուղեկցվել են բռնություններով, ծեծով, ֆիզիկական և հոգեբանական ճնշումներով, իրավական պաշտպանության և բժշկական օգնություն ստանալու հնարավորություններից զրկելով։

Մտահոգիչ համարելով ստեղծված ներքաղաքական լարված վիճակը երկրի և պետականության համար, Երեք Հայտարարությունների հեղինակները բացարձակապես որևէ

պատասխանատվություն չեն վերցնում նաև ներկա ճգնաժամային իրավիճակին հանգեցրած պատճառների համար՝ գերադասելով չանդրադառնալ այդ պատճառներին։

Երեք Հայտարարությունների հեղինակները կոչ են անում «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամներին վայր դնել զենքը՝ բոլորովին չանդրադառնալով երկրում ստեղծված իրավակա-քաղաքական մթնոլորտին, չանդրադառնալով քաղաքական բանտարկյալների ազատման խնդրին։

Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանն անձամբ է երաշխավորում, որ «հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ», դրանով իսկ ընդունելով, որ Հանրապետության Սահմանադրության և օրենքների ոչ խստիվ պահպանման համար կրում է անձնական պատասխանատվություն:

Երեք Հայտարարություններում իրավիճակից դուրս գալու երկարատևության անթույլատրելիության, ողջամտության վերաբերյալ պնդումներն ըստ էության հանդիսանում են պահանջ, որի ընթացքում խմբի անդամները պետք է հանձնվեն։ Հակառակ դեպքում, ենթադրում ենք, որ կիրականացվի ուժի կիրառում և խմբի անդամների ձերբակալում կամ վնասազերծում։

Գտնում ենք, որ Երեք Հայտարարությունների հեղինակները իրենց բավական և՛ ուշացած, և՛ ոչ համարժեք մոտեցումներով հանդերձ, եկել են քաղաքական համաձայնության՝ ուժային մեթոդի կիրառման հարցում։

Գտնում ենք, որ որևէ հիմնավորում, այդ թվում իբր թե հանրության լավածության
 
պատանդի վիճակից ազատելը, չեն կարող արդարացված լինել ուժային միջոցների կիրառման համար։

Ուժային միջոցների կիրառման հետևանքով թե՛ անխուսափելի մարդկային կորուստները, թե՛ դրա հետևանքով հասարակական լարվածության մեծացման համար անմիջական պատասխանատվություն կկրի ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև Երեք Հայտարարությունների բոլոր հեղինակները։

Կոչ ենք անում, հրաժարվել ուժային միջոցների կիրառումից, և իրավիճակը կարգավորել բացառապես բանակցային և քաղաքական ճանապարհով։

Գտնում ենք, որ Երեք Հայտարարությունների հեղինակները եկել են քաղաքական համաձայնության՝ երկրի, արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրներում: Հստակ է, որ Արցախի հարցի լուծման համատեքստում միակողմանի ցանկացած զիջում կարող է սպառնալ Արցախի բնակչության անվտանգությանը: Միևնույն ժամանակ կան նախանշաններ, որ գործընթացը կարող է ուղեկցվել բացառապես Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղապահ զորքերի տեղակայմամբ, որն էլ ավելի խոցելի կդարձնի Արցախի անվտանգությունը և կվտանգի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Չորսի նախաձեռնություն՝

Ավետիք Իշխանյան

Արթուր Սաքունց 

Զարուհի Հովհաննիսյան

Ստեփան Դանիելյան

Հայտարարությունը բաց է, կարող եք միանալ