«Մարտի 1»-ի գործի ընթացքը ջախջախված է, արդյոք սա չի՞ գալիս վկայելու, որ Հայաստանում տապալվեց օրինականության վերականգնման գործընթացը»․Փաստաբան

«Մարտի 1»-ի գործով առանձնացված մասով ընթացող քրեական գործի ընթացքը ջախջախված է, քանի որ վարույթն իրականացնող մարմինները չկարողացան բացահայտել, թե ովքեր են կրակել ժողովրդի վրա, և ովքեր են հրաման տվել ժողովրդի վրա կրակողներին։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Մարտի 1»-ի գործը ես համարում եմ տապալված՝ գործող իրավապահ համակարգի փնթի աշխատանքի հետևանքով, որովհետև վերջին երեք տարիների ընթացքում իրավապահ համակարգը չկարողացավ ճիշտ իրավական գնահատական տալ մարտի 1-ի ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություններ կատարած սուբյեկտներին՝ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձանց»,- ասում է փաստաբանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր որոշեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել էր Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Ըստ դատարանի որոշման՝ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովն այս քրեական գործով ձեռք են բերում արդարացվածի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն, որ նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրված միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասով։

Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը արդարացվածի կարգավիճակ են ձեռք բերում միայն մեղադրանքի այս մասով։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաև 3 միլիոն դոլար կաշառք ստանալու գործով։ Իսկ Արմեն Գևորգյանը, որը Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր նրա նախագահության տարիներին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար է մեղադրվում նաև։

Նորայր Նորիկյանի խոսքով՝ այս գործընթացը պետք է նայել ոչ թե տվյալ դեպքում ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով դատարանի կողմից կայացված որոշման համատեքստում, այլ ընդհանուր։

«Սա մի բաղադրիչն է։ Հետևաբար, մեծ հաշվով «Մարտի 1»-ը, կարելի է ասել, տապալված գործընթաց է։ Եվ դրան ուղղված պետական միջոցների վատնումն ակնհայտ է»,- ասում է փաստաբանը։

Ըստ Նորիկյանի՝ դեռևս մինչև 2018 թվականը մարդկանց ասվում էր՝ քանի դեռ Սերժ Սարգսյանի ռեժիմն է իշխանության, մարտի 1-ի հանցագործությունը չի բացահայտվում։

«Դրա մեջ ես տրամաբանություն տեսնում էի, բայց ես չեմ հասկանում՝ քանի՞ տարի պետք է սպասել։ 2018 թվականից հետո 3 տարի անցել է, և հնարավոր չի լինում բացահայտել մարդասպաններին։ Մեր ժողովրդին շատ քիչ է հետաքրքրում, թե դատարաններն ինչպիսի որոշումներ են կայացնում, ՄԻԵԴ-ն ինչ խորհրդատվական կարծիք է հայտնելու։ Մեր ժողովրդին հետաքրքրում է հետևյալը՝ մարտի 1-ի մարդասպանները բացահայտվե՞լ են, թե՞ ոչ, հրաման տվողները, ժողովրդի վրա կրակողները բացահայտվե՞լ են, թե՞ ոչ, զինված ուժերը քաղաքական գործընթացներին ներքաշողները պատասխանատվության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ»,- հավելում է Նորիկյանը։

Փաստաբանը հարցադրում է անում՝ արդյոք սա չի՞ գալիս վկայելու մի բանի մասին, որ Հայաստանում ուղղակի տապալվեց օրինականության վերականգնման գործընթացը։ «Եվ իրավապահ մարմիններն իրենց անարդյունավետ ու փնթի աշխատանքով ապականեցին և փոշիացրեցին այս ամբողջ քրեական գործերը»,- ասում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am