«Փարիզը կարողացավ իր Ֆիրդուսնոցը սարքել մշակութային ֆենոմեն, Հայաստանում եղած մշակութային ֆենոմեններն են ոչնչացնում». Անուշ Սեդրակյան

«Փարիզը կարողացավ իր Ֆիրդուսնոցը սարքել մշակութային ֆենոմեն, Հայաստանում եղած մշակութային ֆենոմեններն են ոչնչացնում». Անուշ Սեդրակյան
«Փարիզը կարողացավ իր Ֆիրդուսնոցը սարքել մշակութային ֆենոմեն, Հայաստանում եղած մշակութային ֆենոմեններն են ոչնչացնում». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ առևտրականներից մեկն անկեղծորեն խոստովանել է, որ ընտրել է Տարոն Մարգարյանին և հիմա ափսոսում է: Այս կնոջ խոստովանությունը բուռն քննադատության արժանացավ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում երևույթը, և արդյոք մեղավո՞ր են մարդիկ, որ իշխանություններին են ձայն տվել:

– Եկեք խնդրին մոտենանք երեք ուղղություններով: Նախ` երբ քաղաքացին ձայնը տալիս է Տարոն Մարգարյանին և վստահություն ունի, որ Ֆիրդուսը չի քանդվելու. ո՞վ է նրան այդ երաշխիքը տվել: Այսինքն՝ 2017 թվականի հաստատված ծրագրով Տարոն Մարգարյանն իր ընտրողներին մեսիջ է փոխանցել: Սա ի պատասխան, ի պարգևատրում ընտրական խոստումների մեջ Ֆիրդուսնոցը չքանդելն է: Ակնհայտ էր, որ նման խոստում չէր կարող լինել կամ, որ ավելի հավանական է, չէր կարող լինել թափանցիկ դաշտում: Մենք գիտենք, որ քաղաքացու կաշառման գործընթացն իրականացվում է իշխող կուսակցության, ինչպես նաև այլ կուսակցությունների մունետիկների միջոցով, որոնք ներկայացնում են թաղի լավ տղերքը, երբեմն` կրիմինալ աշխարհը, երբեմն, ցավոք, դպրոցի տնօրենները, որոնք կատարում են այդ միջնորդությունը: Այսինքն՝ նրանք ընտրողին, բացի դասական կաշառքից, նաև բազմաթիվ վերբալ խոստումներ են տալիս, որոնց մեջ հաստատապես եղել է նաև այդ շուկան չքանդելը, մեկին բնակարան տալը, մյուսի պատուհանները սարքերը և այլն: Ակնհայտորեն, այդ վերբալ խոստումները չեն կատարել, բայց քաղաքացին այնքան անիրազեկ է, որ չի հասկանում, որ միջնորդի խոսքը չի կարող քաղաքական ինչ-որ պահանջի հիմք հանդիսանալ: Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլև կենցաղային:

Բանն այն է, որ մեր քաղաքացին ապատեղեկացված է նաև լրատվամիջոցների ջանքերով, որովհետև լրատվամիջոցները, փոխանակ քաղաքացուն զգուշացնեն, թե ինչ է իրեն սպասում թեկուզ իր առօրյա կենցաղային հարցերի լուծման ճանապարհին, թե ինչպես իշխանությունների տված բոլոր խոստումները` նախադեպային և հեռանկարային, բոլորը սուտ են, փոխանակ այդ բացատրությունն իրականացնելու, ընդդիմությունը փոխանակ այդ հեռանկարները քաղաքացու առջև բացելու, մենք լսում ենք տարբեր էմոցիոնալ կոչեր առ այն, որ չի կարելի ձայնը ծախել, որ դա ստորություն է, որ հետո կբախվեք խաբեության:

– Այսինքն՝ այս դեպքում հիմնական մեղքի բաժինն ընդդիմությա՞նն է, որ չի կարողանում հանրությանը իրազեկել, ճիշտ աշխատել նրա հետ:

– Դրանք արդարացումներ են չկատարած աշխատանքի համար, որովհետև, ցավոք, ընտրությունների ժամանակ հիմնականում ուղղակի կամ անուղղակի լծվում են այս կամ այն կողմի վարկաբեկման կամ պաշտպանության գործին, և նույնիսկ մամուլի ջանքերով քաղաքացին դուրս է մնում տեղեկացվության, դաստիարակության ու կրթության ոլորտից: Մեր իշխանությունների ջանքերով մեր ժողովուրդը մի տհաս մանուկ է, որը չգիտի իրեն վերապահված տարրական իրավունքների, հնարավորությունների և գործողությունների ծրագրի մասին: Փոխանակ այդ բոլոր պրակտիկ կետերն իրականացվեն, մենք գալիս հասնում ենք այս իրավիճակին:

Ինչ վերաբերում է Ֆիրդուսի շուկային. այն իրոք չդարձավ այն շուկան, որը Փարիզում կոչվում է, այսպես կոչված, Ոջիլների շուկա, որտեղ վաճառվում են հին ու հնաոճ իրեր, որտեղ Կատրին Դենյովն է գնում, այցելում են ֆրանսիական աստղեր, գործիչներ՝ փնտրելով այնտեղ հետաքրքիր իրեր, այսպես կոչված` գրանժ և հնաոճ պերճանքի առարկաներ: Այսինքն՝ Փարիզը կարողացավ իր Ֆիրդուսնոցը սարքել մշակութային ֆենոմեն: Հայաստանում, բնականաբար, նույնիսկ եղած մշակութային ֆենոմեններն են ոչնչացնում, և հնարավոր չէր դա դարձնել մի ռեզերվացիա, մի տեղ, որտեղ զբոսաշրջիկները կարող էին բավարարել իրենց հետաքրքրությունը՝ արևելյան շուկա կոնցեպտի մեջ, որ կարելի է դա այնպես կազմակերպել, որ այդպես աշխատի: Դրա համար կամք է պետք, մարդկային, քաղաքական, պետական ու սեփական շահերին օգուտ բերող, ուղղակի ըմբռնում` քաղաքի դեմքը ստեղծելու կարողություն ունենալու, այն ցուցաբերել համար: Այսինքն՝ դա չստացվեց:

– Այդ դեպքում ինչպե՞ս պետք է լուծվեր այդ տոնավաճառի խնդիրը, ի՞նչ էր պետք անել:

– Պետք է այն բոլոր մարդկանց, որոնք այնտեղ կանգնած աշխատում են, սոցիալական երաշխիքներ տալ: Այսինքն՝ աշխատատեղերի խնդիր լուծել այդ մարդկանց համար, տալ հետագա աշխատանքի հեռանկար, հասկանալ, որ հերթական մոլը Հայաստանին պետք չէ, քանի որ Երևանը լեցուն է բազմաթիվ մոլերով, և էլի նոր մոլեր են կառուցում: Եվ ես չեմ կարծում, որ այդ մոլերը ստեղծված են օգուտի համար, ակնհայտ է, որ այդ մոլերով լվացվում են կեղտոտ փողեր, բայց քաղաքացին այստեղ վերջապես ինքն իրեն տալիս է այդ հարցադրումը. «Տարո´ն, ինչո՞ւ եմ ընտրել քեզ, որ հիմա այսպես խաբված եմ»: Եվ այդ դիլեման պետք է սկսեն լուծել լրագրողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և քաղաքական դեմքերը, բայց առանց հիմար կլիշեների՝ ձայն ծախող ժողովուրդ, ստրուկների զանգված, վայրենիներ: Եթե մենք դուրս չգանք այդ հռետորաբանության տիրույթից, ապա հավերժ կմնանք այս կախարդական շրջանում այն պարզ պատճառով, որ իշխանությունն իրականացնում է պրակտիկ ծրագիր, իսկ մենք՝ դեկլարատիվ:

– Եթե կաշառք են վերցրել և ընտրել, հիմա իրավունք չունե՞ն պահանջել Տարոն Մարգարյանից:

– Կաշառքը անօրեն գործողություն է, և կաշառքի դիմաց պահանջել որևէ օրինական կոմպենսացիա հնարավոր չէ, որովհետև, բարեբախտաբար, այդ կաշառքը ծածուկ է երկու կողմի համար էլ, այսինքն՝ կաշառք վերցնելուց հետո ոչ մեկը ոչ մեկի առջև պարտավորված չէ: Եվ որքան քաղաքապետարանն իրեն պարտավորված չի զգում քաղաքացու առջև, քաղաքացին ընդհանրապես պարտավորված չէ քաղաքապետարանի առջև, մանավանդ չկա որևէ բարոյական պարտավորություն, դրա համար ասում եմ՝ թող դատի տան:

– Վերջին շրջանում քաղաքացիական հասարակությունն այլևս չի արձագանքում կարևորագույն խնդիրների: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ: Արդյոք նախորդ տարի զենք վերցնելուց և ՊՊԾ գունդը գրավելուց հետո պայքարի մեխանիզմների սպառման հե՞տ գործ ունենք:

– Աշխարհում, հատկապես Հայաստանի պես թույլ ռեսուրսներով երկրում, դեռևս որևէ իրավական և իրական քաղաքացիական պայքարի գործիք սպառված չէ, ուղղակի քաղաքացիական պայքարի իրավական գործիքները պահանջում են ջանքեր, տեղեկացվածություն և քրտնաջան աշխատանք, որոնցով պետք է զբաղվեն բազմաթիվ իրավաբանական կազմակերպություններ, որոնք դրամաշնորհներ են ստանում են և` բավականին խոշոր: Բայց դրա փոխարեն հակառակ գործընթացն ենք տեսնում:

– Նախ` քաղաքացու իրավագիտակցությո՞ւնը պետք է բարձրացնել:

– Այո´, մեր իշխանություններին ձեռնտու է այսպիսի հասարակություն, բայց, ինչպես տեսնում եմ, մեր քաղաքացիական հատվածին էլ է ձեռնտու այսպիսի հասարակություն, որովհետև չեմ տեսնում, որ նրանք որևէ շոշափելի աշխատանք իրականացնեն այդ ուղղությամբ:

Մանե Հարությունյան

MediaLab.am