«ԵՄ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ավելի մեծ ներգրավվածության եւ գլոբալ անվտանգության». Ստյոպա Սաֆարյան

«ԵՄ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ավելի մեծ ներգրավվածության եւ գլոբալ անվտանգության». Ստյոպա Սաֆարյան
«ԵՄ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ավելի մեծ ներգրավվածության եւ գլոբալ անվտանգության». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի: Եղավ տեղեկություն, թե հնարավոր է ստորագրումը հետաձգվի, բայց հերքվեց: Այնուհետև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է: Այսինքն՝ ի՞նչ փուլի ենք հասել:

– Ես կարծում եմ, որ իրավիճակն արդեն բավական պարզ է: Ե՛վ հայկական կողմը, և՛ Եվրամիությունը, այսպես ասած, ժամացույցների ստուգում են կատարել և հայտարարել, որ տեքստի հետ կապված խնդիր չկա, ձևակերպումներն ընդունելի են, և համաձայնագիրը կստորագրվի: Միաժամանակ, ստորագրման հետաձգման տեղեկությունները հերքված են:

Թերևս միակ անորոշությունը, որն ստեղծվեց երեկ Յոհանես Հանի հայտարարությունից, վերաբերում է ստորագրման ձևաչափին՝ արդյոք դա կլինի նոյեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովո՞ւմ, թե՞ գագաթնաժողովի շրջանակներում: Թե ինչի՛ հետ է կապված այդ անորոշությունը, կարելի է որոշ ենթադրություններ անել: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ինչ-որ պայմանավորվածությունների կգան. Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն ստորագրում են ուղղակի այդ գագաթնաժողովի շրջանակներում՝ որպես առանձին միջոցառո՞ւմ, թե՞ ուղղակի գագաթնաժողովի ժամանակ՝ որպես բազմակողմ ձևաչափի մաս:

-Ստորագրման ձևաչափն ի՞նչ է փոխում գործընթացում:

-Երեկ մեզ մոտ քննարկումների ժամանակ, ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, նկատելի էր մի փոքր հոռետեսություն Արևելյան գործընկերության հետ կապված, մանավանդ որ նա ասում էր, թե եվրոպական կողմից ուշադրության պակաս կա, ապագայի հետ կապված վերանայումների անհրաժեշտություն կա: Համենայնդեպս, նա պաշտոնական Երևանի անունից ասաց, որ անկախ Արևելյան գործընկերության ճակատագրից, դրա նկատմամբ վերաբերմունքից կամ զարգացումներից, Հայաստանի համար ավելի շատ կարևոր է երկկողմ ձևաչափով իր հարաբերությունները կարգավորելը, ինչը և անում է:

Ի դեպ, չմոռանանք, որ թեև համաձայնագրի տեքստը հրապարակված է, բայց Ադրբեջանն այս ամիսների ընթացքում ջանք չէր խնայում հակամարտությունների լուծման հետ կապված իր համար ցանկալի լուծումներ տալու համար: Ադրբեջանը հրաշալի հասկանում է, որ հակամարտության մասով և՛ հռչակագրի ձևակերպումը, և՛ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ձևակերպումը ուղղակի պատճենահանվելու ու պարտադրվելու են նաև Ադրբեջան-Եվրամիություն բանաձևում:

Երեկ Աշոտյանն ասում էր, որ եթե հրապարակված նախագիծը փոփոխության ենթարկվի, Հայաստանի կողմից չի ընդունվի: Եվ ես չեմ բացառում, քանի որ այստեղ բազմակողմ պրոցես է, և հակամարտությունների կարգավորումը վերաբերում է Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Ադրբեջանին ու Հայաստանին, կարող են լինել ինչ-որ խնդիրներ:

Հիմա թե ինչո՞վ է պայմանավորված այս առանձնացումը, թե փաստաթուղթը կստորագրվի կա´մ գագաթնաժողովի ընթացքում, կա´մ դրա շրջանակներում` չեմ կարող միանշանակ պնդել, բայց տեսականորեն կարող է կապված լինել այս խնդիրների հետ: Ադրբեջանը պարտվել է և՛ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, և՛ նաև Արևելյան գործընկերության եզրափակիչ փաստաթղթում իրեն ձեռնտու ձևակերպումներ ստանալու գործընթացում, գիտակցում է, որ տրված ձևակերպումները նաև ինքնըստինքյան տեղափոխվելու են իր համաձայնագիր, որովհետև Եվրամիությունը չի կարող հակամարտության մի կողմի հետ կարգավորման մասով մի ձևակերպումների շուրջ պայմանավորվել, իսկ մյուսի հետ՝ այլ:

Միգուցե սա է պատճառը, որ պաշտոնական Երևանը, զգալով, որ այնուամենայնիվ այդ պրոցեսը գնում է հակամարտությունների վերաբերյալ ձևակերպումներում, զգուշացնում է Արմեն Աշոտյանի շուրթերով, որ առկա ձևակերպումն առավելագույն կոմպրոմիսայինն է, որին կարող է համաձայն լինել պաշտոնական Երևանը:

Այլ խնդիր չի նշմարվում գործընթացում, թարգմանության հետ կապված հարցերը կարծես թե սպառվել են, երկու կողմերը վերջնականապես հայտարարել են, որ տեքստում փոփոխություններ կատարելու ո՛չ մտադրություն, ո՛չ էլ ցանկություն ունեն: Հետևաբար, մնում է ենթադրել, որ Արևելյան գործընկերության ամփոփիչ փաստաթղթի հետ կապված խնդիրներ են առաջացել: Երևանը միգուցե ունի որոշակի մտավախություններ, որ Ադրբեջանին կարող է ընդառաջ քայլ արվել, Եվրամիությունը միգուցե իր կողմից ունի բարդություններ՝ համաձայնեցնելու բոլորի հետ: Այնպես որ, կարծում եմ՝ առաջիկա շաբաթների ընթացքում շատ բան պարզ կլինի:

– Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն այս փուլում ի՞նչ է նշանակում:

– Սա վերին աստիճանի մեծ բան է նշանակում և՛ Եվրամիության, և՛ Արևելյան գործընկերության, և՛ Հայաստանի համար: Սա բավական էական է Հայաստանի՝ միջազգային պարտավորությունները վերաճշգրտելու առումով, հատկապես ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո: Համաձայնագրի տեքստը բավական կարևոր է, և Աստված տա այն պատշաճ իրականացվի:

Այդ դեպքում մենք նույնիսկ կարող ենք մոտենալ այն իրավիճակին, երբ կարող ենք ասել, որ առանձնապես մեծ տարբերություններ չկան ասոցացման համաձայնագրի հետ: Հատկապես համաձայնագրի քաղաքական մասն ամբողջովին նույնն է, ինչ ասոցացման համաձայնագրով էր: Իսկապես սա Հայաստանի արդիականացման ծրագիր է: Եվ այն բազմաթիվ խնդիրներ է լուծում՝ թույլ տալով ավելի մեծ ներգրավվածություն և՛ գլոբալ անվտանգության հարցերում, և՛ Եվրամիության բազմաթիվ գործիքներից օգտվելու հարցում, որոնք կարևոր են ֆինանսական և այլ ոլորտների բարեփոխումների առումով:

Սա կարևոր է այն առումով, որ հնարավոր է կանխել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո որևէ բնագավառում արձանագրվող հետընթաց: Սրանով Հայաստանը պարտավորվում է բոլոր ոլորտներում, անգամ տնտեսության, ներդնել եվրոպական չափորոշիչներ ու դրանցից չնահանջել: Այսինքն՝ Հայաստանում այս ամենի ներդրումը կարծես թե գործունեության շրջանակ է դառնում նաև ԵԱՏՄ-ի անդամ պետությունների սուբյեկտների համար՝ թույլ չտալ հետ գնալ: Չկա մի բնագավառ, որին պայմանագիրը հղում չտա, եվրոպական չափորոշիչների ներդրումն ուղղակի շեշտվում է համատարած բոլոր բաժիններում:

Դա նշանակում է, որ դե ֆակտո կա հնարավորություն թեկուզ և ԵԱՏՄ-ի կազմում, բայց ունենալ եվրոպական չափորոշիչներ: Ես սա իսկապես համարում եմ պատմական էքսպերիմենտ, որի հաջողելու կամ ձախողելու մասին միարժեք պնդումներ չի կարող անել որևէ փորձագետ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am