Ռոբերտ Քոչարյանը ազատություն մուրալու փոխարեն Ազատության հրապարակում հանրահավաք է անում. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, այսօր հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ին Ազատության հրապարակում, կամ՝ ինչպես ինքն էր ասում՝ Թատերական հրապարակում, հանրահավաք է անցկացնելու: Ինչպե՞ս եք ընդունել այդ լուրը, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Ցավոք, Նիկոլ Փաշինյանի անփառունակ գործունեության հետևանքով մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Ռոբերտ Քոչարյանը ազատություն մուրալու փոխարեն Ազատության հրապարակում Շուշիի ազատագրման օրը հանրահավաք պետք է անի: Սա համարում եմ Նիկոլ Փաշինյանի պարտությունը:

Բացի այդ, սա վկայում է մի խորհրդանիշի մասին, երբ տարիներ շարունակ ազատության գաղափարները պղծած, ազատության գաղափարները շրջանցած, ժողովրդավարական արժեքները ոտնահարած, ընտրական համակարգը պղծած, ընտրությունների ժամանակ բռնությունը որպես գործիք օգտագործած քաղաքական ուժերը պարզապես ծիծաղում են գործող իշխանության և մեր ժողովրդի վրա:

Նրան Ազատության հրապարակ բերել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նրան լեգիտիմացրել է Նիկոլ Փաշինյանը, սա ուղղակի ամոթ է մեր ժողովրդի համար: 

– Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահն է, ինչո՞ւ Շուշիի ազատագրման օրը հանրահավաք չանի:

– Ես արդեն պատասխանեցի այդ հարցին:

– Դուք ասում եք՝ Քոչարյանին կենդանություն է տվել գործող իշխանությունը, բայց նաև այս իշխանությունն է նրա նկատմամբ մեղադրանքներ առաջադրել, քրեական գործեր հարուցել:

– Այլ հարց է, թե գործող իշխանությունն ինչ է արել, ինչ է ասել: Մենք լուրջ մարդիկ ենք, խոսում ենք արդյունքների մասին: Իսկ արդյունքները ոչ միայն ցավալի են, այլև՝ ողբերգական: 

Գալ իշխանության կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով ու տապալել այդ գործընթացը այնպես, որ բոլոր կոռուպցիոներները դարձել են քաղաքական գործիչներ ու ցանկանում են ռևանշի միջոցով հասնել իշխանության, ի՞նչ քրեական հետապնդման մասին խոսք կարող է լինել: Վերջերս Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ հայտարարում էր, թե բանտերը դատարկել են, բայց բոլոր հանցագործները մնացել են ազատության մեջ: 

Հենց սա է տարբերությունը, և մենք հենց դա նկատի ունենք, որ ասում ենք՝ բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է ազատություն մուրային, վայելում են իրենց ազատությունը: Ինչո՞ւ պետք է մեր ժողովրդի վզին փաթաթեին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: 

Ինչո՞ւ պետք է մարդկանց դնել այսպիսի դիլեմայի առջև՝ կամ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին, կամ նախկին իշխանություններին, կամ Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ: Կասե՞ք: Որտե՞ղ է սրա բարոյականությունը, որ ես կամ պետք է ընտրեմ Նիկոլ Փաշինյանին, կամ Ռոբերտ Քոչարյանին:

– Երկու նախկին նախագահներին փորձում է համախմբել ՀՀ առաջին նախագահը: Փորձագիտական շրջանակներն ասում են՝ ծանր է իրավիճակը, որ առաջին նախագահն է փորձում համախմբել նրանց: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Ես էլ եմ հաստատում, որ վիճակը ծանր է, վիճակը իսկապես կրիտիկական է: Այո՛, մենք պետք է կարողանանք պատվով դուրս գալ դրանից: Բայց ինձ համար հասկանալի չէ այդ վիճակից դուրս գալու համար առաջարկվող ուղին:

Ո՞ւմ միջոցով է առաջարկվում: Գործող իշխանությունը նախորդ տարիների քաղաքական ռեժիմների հավաքական խորհրդանիշն է: Հիմա եթե առաջարկվում է նախկիններով հավաքվել, հեռացնել գործողին, ինձ համար հասկանալի ու տեսանելի չէ, թե դրա արդյունքում ի՛նչ պետք է լինի:

Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փոխանակ ապավիներ հայ ժողովրդի իմաստնությանը և դիմեր ժողովրդին համախմբվելու, դիմել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:

Ինձ համար անհասկանալի չէ նման ուղերձը: Ես կարծում եմ, որ Հայաստանում իշխանություն ձևավորողը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է կամ Սերժ Սարգսյանը, այլ ժողովուրդը: Եվ հետո՝ մոնղոլ-թաթարական ընկալումներով պետությունը ղեկավարած անձանց հետ իրավիճակը շտկելու մասին ի՞նչ խոսք կարող է լինել: Ինձ համար հասկանալի չէ: 

Եվ հետո ասում են՝ պաշտոն ու իշխանություն ունենալու ոչ մի նպատակ չունեն, ո՞ւմ են առաջադրում որպես վարչապետ, ո՞վ պետք է երկիրը կառավարի, ո՞վ պետք է գա պառլամենտ:

Դա կարող էր քննարկումների ընթացքում պարզվել:

Ժամանակ չկա, հստակ պետք է հայտարարվի արդեն, քիչ է մնացել ընտրություններին: Գիտեք՝ ինտրիգային է հնչում՝ երեք նախագահները հավաքվեցին, խոսեցին, առաջարկեցին:

Էդ երեք նախագահների հավաքական խորհրդանիշը այսօրվա Նիկոլ Փաշինյանն է: Չգիտենք՝ ինչ անել, էս ժողովուրդը չի՞ կարողանալու դուրս գալ այդ շրջագծից:

Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունները ինձ բերեցին այն համոզման, որ 1988 թվականից հետո Հայաստանում քաղաքական էլիտան չի փոխվում, ինչի հետևանքով հայտնվել ենք նման տխրահռչակ իրականության մեջ:

88-ի սերունդը չի ուզում հեռանալ քաղաքական թատերաբեմից: Ես նրանց խորհուրդ կտայի հեռանալ և հնարավորություն տալ շտկել քաղաքական դաշտը, որպեսզի նոր ձևավորվող քաղաքական ուժերը նոր որակ հաղորդեին քաղաքական դաշտին, փորձեին իսկապես այլընտրանք ձևավորել:

Հիշեք՝ Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը չեն կարող համարվել Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am