«Եթե ԵՄ-Հայաստան համաձայնագիրը չստորագրվեց, մենք հանգիստ կարող ենք ազդարարել պետականության կորստի մասին». Անուշ Սեդրակյան

«Եթե ԵՄ-Հայաստան համաձայնագիրը չստորագրվեց, մենք հանգիստ կարող ենք ազդարարել պետականության կորստի մասին». Անուշ Սեդրակյան
«Եթե ԵՄ-Հայաստան համաձայնագիրը չստորագրվեց, մենք հանգիստ կարող ենք ազդարարել պետականության կորստի մասին». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Տիկի՛ն Սեդրակյան, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա։ Արդյոք այդ այցը պայմանավորվա՞ծ է այն գործընթացով, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Արդյոք այս երկու այցերը զուգադիպությո՞ւն են, և արդյոք Կրեմլը նորից չի՞ փորձում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ խափանելու Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը։

– Ինձ թվում է, որ Մոսկվան հերթական անգամ ուզում է ստուգել Սերժ Սարգսյանի հուսալիությունը՝ Կրեմլին ենթարկվելու տեսանկյունից։ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ Արցախի խնդրի լուծումը պետք է ցավոտ լինի, և դա, հասկանալի է,  իր խոսքերը չեն, որովհետև երբևէ արցախցի ՀՀ նախագահը չէր կարող իր կամքով նման բաներ արտասանել։ Դա եղել է ստիպողական հայտարարություն, բայց այն Մոսկվայի համար բավարար չէ, և ինձ թվում է, որ պայմանագրի ստորագրման նախօրեին հերթական անգամ ճնշում է գործադրվելու Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի այդ պայմանագիրը ինչ-ինչ պատճառներով չստորագրվի։ Հիմա ստացվում է փակուղի, որովհետև եթե Սերժ Սարգսյանը գնա այդ ճանապարհով, նա շատ կարճ կկարողանա պահպանել իր ազդեցության ոլորտը։ Բանն այն է, որ ռուսական ազդեցության ոլորտում կա ավելի հզոր գործիչ ու հզոր գործոն՝ Կարեն Կարապետյանը, որին Մոսկվան ավելի է վստահում և որի վրա ուզում է հետագայում դնել վարչապետի լիազորությունները, դա ակնհայտ է։ Սերժ Սարգսյանի միակ ելքը արևմտյան դաշտում գործոն դառնալն է, որպեսզի կարողանա պահպանել իր ազդեցության լծակները, որովհետև հասկանում ենք, որ մեր օլիգարխների եկամուտները Արևմուտքում են, որևէ մեկը նման խոշոր ներդրում Ռուսաստանում չունի, ի տարբերություն նախորդ օլիգարխների, երբ, օրինակ` Ռոբերտ Քոչարյանը մեծ փողեր կորցրեց Ռուսաստանում։ Ներկայիս քաղաքական էլիտայի բոլոր ներդրումները Արևմուտքում են։ Բացի դրանից, ամերիկյան սանկցիաները շարքից հանում են ՌԴ պաշտպանական արդյունաբերությունը, իսկ դա նշանակում է, որ ևս երկու տարի մենք Ռուսաստանից նույնիսկ նորմալ զենք չենք կարող ակնկալել։ Այդ բոլոր հեռահար պետական գործոնները հաշվի առնելով` ճիշտ կլինի, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվի, թեև ես վստահ չեմ՝ արդյոք Սերժ Սարգսյանը կզգա՞ պետական շահի և իր անձնական շահի ներկա պահին հանկարծահաս համընկնումը։

– Նշեցիք, որ Կարեն Կարապետյանն ավելի շատ աջակցություն ունի Մոսկվայից, քան Սերժ Սարգսյանը։ Հնարավո՞ր է` դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը գրեթե ամեն օր ռուսական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս և կարևորում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում գտնվելու հանգամանքը։

– Ես ամբողջովին համաձայն եմ այդ տրամաբանությանը։ Եվ այդ փաստը, որ այդ բոլոր հայտարարություններով հանդերձ Մոսկվան ուզում է վստահելի երաշխիքներ։ Որքան գիտեմ, Կարեն Կարապետյանի ողջ կապիտալը, ողջ բարեկամությունը, անցուդարձը Մոսկվայում են։ Ինձ թվում է` դա Պուտինի համար ավելի հզոր երաշխիք է։

– Իսկ մինչև 2018-ի ապրիլ Սերժ Սարգսյանը չի՞ կարողանա այդ երաշխիքները տալ, իր հավատարմությունը հայտնել Մոսկվային։

– Կփոխվի ազդեցության ոլորտը, և կգնա դեպի Եվրոպա։

– Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ի վերջո, հնարավոր կլինի՞ կյանքի կոչել, և եթե կյանքի կոչվեց, դա կլինի ազդեցության ոլորտի փոփոխությո՞ւն։

– Այդ համաձայնագրի ստորագրումով Հայաստանն ստանում է մանևրի հնարավորություն։ Իսկ եթե ԵՄ-Հայաստան համաձայնագիրը չստորագրվեց, ինձ թվում է` դրանից հետո մենք հանգիստ կարող ենք ազդարարել պետականության կորստի մասին։

– Ավելի հավանական ո՞ր տարբերակն եք համարում՝ ստորագրվելո՞ւ, թե՞ չստորագրվելու։

– Ես հոռետես եմ ստորագրման հարցում, որովհետև մեր իշխանությունը երբեք պետականամետ որոշումների ուղիով չի գնացել, որի հետևանքով քայքայել է և՛ պետությունը, և՛ վտանգել սեփական իշխանությունը։

– Ռուսաստանում ստեղծված այս ծանր վիճակը, նաև նախընտրական շրջանը, ինչի՞ կարող է հանգեցնել ,և արդյոք դա կարող է իր ազդեցությունը թողնել Հայաստանի վրա։

– Արդեն Ռուսաստան չկա, դա, ինչպես ասում են` աժդահա է կավե ոտքերի վրա, և փլուզումն արդեն ամիսների խնդիր է։ Ես մի օրինակ ասեմ. նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը դատապարտում էր ստալինյան ռեպրեսիաները։ Պատկերացնո՞ւմ եք` ստալինյան իշխանության վերագտնմանը միտված քաղաքական գործիչը, ԿԳԲ-ին գովերգող և ԿԳԲ-ին պատկանող գործիչը որքան ծանր վիճակում պետք է գտնվի, որ հրապարակային դատապարտի ստալինյան ռեպրեսիաները։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ Ռուսաստանը սարսափելի վախեցած է։

– Իսկ հնարավո՞ր է, որ դրա արդյունքում Ռուսաստանը կորցնի իր ազդեցությունը նաև Հայաստանում։

– Հայաստանում մեր պետական գործիչները, ցավոք, ուղղակի մեզ անընդհատ գնդակահարում են այն թեմայով, որ մենք պրոֆեսիոնալ չենք և տեղյակ չենք, բայց ինձ թվում է, որ անտեղյակը հենց իրենք են, որովհետև իրենք անտեղյակ են գլոբալ, աշխարհաքաղաքական փոփոխություններից, ընդհանրական համաշխարհային մամուլից։ Ես քանի անգամ մեր պետական չինովնիկներին հարց եմ տվել՝ արդյոք տեղյա՞կ են նրանք ամերիկյան սանկցիաների նոր փաթեթի բովանդակությունից։ Որևէ մեկը դրանից տեղյակ չէ։ Այսինքն՝ նրանք տեղյակ են միայն ներպալատական ինտրիգներից, իսկ այդ տեղեկությունը պետությանը որևէ ձևով չի կարող օգուտ տալ։

– Իսկ 2018-ի ապրիլին Հայաստանի վարչապետի հարցը նորից Կրեմլն է որոշելո՞ւ։

– Եթե այս ձևով շարունակի, ապա այո՛։

Մանե Հարությունյան

MediaLab.am