Բազմաթիվ ստահակներ, որ ասում էին, թե Արցախը բեռ է, հիմա տեսնում ենք, որ այն վահան է եղել մայր Հայաստանի մեջքին կանգնած. Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

– Պարո՛ն Բաբայան, դուք միշտ նշում էիք, որ Արցախը Սյունիքի սյունն է, և Արցախի սասանումը վտանգ է նաև Սյունիքի համար: Կարո՞ղ ենք ասել, որ այս իրավիճակը դրա ուղիղ անդրադարձն է: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում Սյունիքում ստեղծված իրավիճակը, երբ ադրբեջանցիները, փաստորեն, 3,5 կմ առաջ են եկել:

– Ոչ թե Արցախն է Սյունիքի հենասյունը, այլ Արցախն ու Սյունիքը հայոց պետականության ողնաշարն են, հայոց պետականության ամենակարևոր հենարաններից մեկը: Չլինի Արցախը, չլինի Սյունիքը, չի լինելու հայոց պետականությունը: Սա միանշանակ է, թող որևէ մեկը կասկած չունենա դրա վերաբերյալ: 

Դժբախտաբար, հակառակորդը սա լավ է հասկանում և այնտեղ անգամ մեկ մետր առաջ գնալը հսկայական աշխարհաքաղաքական հարցեր է լուծում այն տեսակետից, որ թուլացնում է հայոց պետականությունը: 

Նրանք դժբախտաբար ավելի լավ են հասկանում և իմանում մեր պատմությունը, քան մեզանում ֆիզիկապես հայ ծնված ինչ-որ մարդիկ, որոնք որևէ բան հայկական չունեն: Դժբախտաբար, մեր շարքերում կան այդպիսի մարդիկ, որոնք արցախցիներին թուրք են համարում: 

Հիմա ի՞նչ պետք է անել. իհարկե պետք է դիմադրենք, դիմակայենք, հանկարծ չթուլանանք, տեղիք չտանք և շարունակենք պահպանել մեր անվտանգությունն ու արժանապատվությունը, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք: Այլ տարբերակներ չունենք: 

Արցախի դեմ հարձակման դեպքում ասում էին՝ Արցախը ՀԱՊԿ-ի տարածք չէ, բայց հիմա, երբ Հայաստանի տարածք են մտել, էլի ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից արձագանք չկա: Սա ինչի՞ հետևանք է:

– Սա ևս մի կարևոր ուղղություն է, որտեղ թշնամին աշխատում է անընդհատ թուլացնել մեր կապերը: Ի՞նչ կապ ունի Ռուսաստանն այստեղ ընդհանրապես: Ամեն անգամ մենք գցում ենք ուրիշի վրա: Մեր սեփական սխալները, մեր սեփական հարցերը փորձում ենք ուրիշի վրա դնել, իբր մենք կապ չունենք, մենք սուրբ ենք, իսկ տեսեք-տեսեք, մեր դաշնակից եղբայրն իր պարտականությունները չի կատարում: Ես բոլորովին համաձայն չեմ դրա հետ: Եթե Ռուսաստանն այստեղ ներկա չլիներ, վաղուց թուրքն ու ադրբեջանցին Երևանում էին: Սա բոլորի համար պարզ է: Հերիք է ամեն անգամ շահարկեն այդ գործընթացը:

Երկրորդ՝ ինչի՞ հետ է կապված, որ Ադրբեջանը շատ արհեստավարժորեն օգտագործում է այս իրավիճակը. այդ սահմանը երբևիցե պետական սահման չի եղել: 

Խորհրդային Միության շրջանում այդ սահմանը որևէ ձևով չէր վերահսկվում, քանի որ միութենական հանրապետությունների միջև չկար սահման հասկացություն այն ձևով, ինչ ձևով լինում է երկու անկախ պետությունների պարագայում: 

Այնուհետև եղել է Արցախյան ազատամարտը, եղել են մեր հաղթանակները 1991-1994 թվականներին, նաև 2016-ին, և այդ տարածքները եղել են թիկունքում, այսինքն՝ Արցախի և Հայաստանի միջև սահմանն են եղել, հետևաբար, այն էլի թափանցիկ ու բաց է եղել: 

Դրա համար չկային սահմանը ֆիքսող ենթակառուցվածքներ, որոնք պետք է անկախ պետությունների պարագայում լինեին: Դրա համար, երբ արդեն Արցախը այդ վիճակում հայտնվեց, ունեցանք այս իրադրությունը: 

Բազմաթիվ ստահակներ, որ ասում էին, թե Արցախը բեռ է, հիմա տեսնում ենք, որ այն վահան է եղել մայր Հայաստանի մեջքին կանգնած: Հիմա չկա այդ վահանը այն ձևով, որով եղել է: Քանի որ այդ սահմաններին չեն եղել ենթակառուցվածքներ, ադրբեջանցիները լավ հասկանալով դա, ասում են՝ մեր տվյալներով սա է սահմանը: 

Տարբեր քարտեզներ են ասպարեզ բերում, որոնց միջև կարող են անհամապատասխանություններ լինել, և Ադրբեջանը, դա հասկանալով, շահարկում է: Միաժամանակ, փորձում է կրկին հակառուսական տրամադրություններ սերմանել, և մեզ մոտ էլ կան տականքներ, որոնք դրան են սպասում, որովհետև սպասարկում են ոչ ազգային շահերը: 

Մենք պետք է շատ զգույշ լինենք, դեմագոգներից ու տականքներից ձերբազատվենք վերջապես: Հասկանալի է, որ բոլորից ձերբազատվել չենք կարող, բայց գոնե այնպես անենք, որ ստահակներն ու տականքները որևէ աշխարհաքաղաքական օրակարգ չձևավորեն: Սա է շատ կարևոր:

– Մենք տեսնում ենք, որ որևէ բախում չէր եղել, զոհեր ու վիրավորներ չկային, բայց մամուլը հեղեղված էր այդպիսի լուրերով: Այս ամենը որքանո՞վ է վնասում մեզ, այս ներքին խժդժությունները բացասաբար չե՞ն ազդում տեղի ունեցող գործընթացների վրա:

– Տեսեք՝ ուժեր կան, որ արդեն Ռուսաստանին են մեղադրում, ուժեր կան, որոնք այդպիսի մի բանի են սպասում, որովհետև իրենց այդպիսի հրահանգներ են տալիս: Մեկը դա հասկանալով է անում, մյուսը էմոցիաների տակ է ընկնում:

– Սյունիքում ստեղծված իրավիճակին ի՞նչ լուծում եք դուք տեսնում, ռազմական լուծո՞ւմ եք տեսնում, թե՞ կարելի է բանակցություններով խնդիրը կարգավորել: 

– Նայած, թե այդ բանակցություններն ինչ արդյունքների են բերում: Իհարկե, պետք է ամեն ինչ անել, որպեսզի հանդարտ լինի: Մեծ պատերազմ դժվար թե լինի, առաջին հերթին այն պատճառով, որ այստեղ ռուսական ներկայություն կա: 

Եթե չլիներ ռուսական ներկայությունը, վաղուց էին ներխուժել տարբեր ուղղություններով: Սա փաստ է: Բայց ադրբեջանցիները կարողանում են մեր նյարդերը պղտորել, որոնք դրա մասնագետներն են: Նրանք ամեն ինչ անում են, որ անընդհատ լարվածություն սերմանեն:

– Արցախում նույնպես մտահո՞գ են Սյունիքում ստեղծված իրավիճակով:

– Իհարկե մտահոգված ենք, որովհետև տեսնում ենք, որ գործընթացը շարունակական է, տեսնում ենք, որ հակառակորդը շատ լավ է իմանում մեր պատմությունը, ինչ կարևորություն ունեն իրենց համար Արցախն ու Սյունիքը, դրա համար աշխատում է այդ ուղղությամբ: 

Բայց մենք նույնպես այս ամենը պետք է իմանայինք: Հայ ժողովուրդը պետք է իմանար, թե ինչ է Արցախը: Երբ մեկը վեր է կենում ու ասում՝ ղարաբաղցիները թուրք են, ով է նրան նախատել, ով է գնացել իր տան մոտ ու խաղալիք դագաղ դրել: 

Այսինքն՝ ստացվում է, որ հասարակության մեծ մասսաները կիսո՞ւմ են այդ կարծիքը: Այդպիսի մարդը պետք է վախենա փողոց դուրս գալ, որովհետև առնվազն երեսին կթքեն: Սա ցույց է տալիս, որ էս հասարակությունը լուրջ արատներ ունի ներսում, ներսից է գալիս ամեն ինչ, դրսում ոչ մի բան պետք չի փնտրել:

Մանե Հարությունյան

MediaLab.am