ՀԱՊԿ-ի առումով չպետք է պատրանքներ ունենալ. Բադալյանը՝ Սյունիքում ադրբեջանական սադրանքի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Ադրբեջանի սանձազերծած ոտնձգությունը ՀՀ պետական սահմանի նկատմամբ սպասելի՞ էր, և ի՞նչ նպատակով է Ադրբեջանը դիմում նման քայլի:

Հայտարարություն Անվտանգության խորհրդի նիստում՝ Ուղիղ

Հայտարարություն Անվտանգության խորհրդի նիստում՝ Ուղիղ

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Thursday, May 13, 2021

– Հետպատերազմյան իրավիճակում  Սյունիքի հանդեպ զարգացումների այն տրամաբանությունը, որը տեսել ենք ամիսներ շարունակ և հատկապես վերջին շրջանում, նվազագույնը, այո՛, սպասելի էր դարձնում, որ Ադրբեջանը ցանկացած պահ կարող է օգտագործել՝ Սյունիքում իրավիճակ սրելու համար:

Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ Ալիևը կփորձի վերցնել Զանգեզուրը, եթե փոքր-ինչ կոպիտ արտահայտվեմ, խնդիրը դա չէ, Ալիևն իհարկե այդպիսի խնդիր չի փորձում լուծել՝ հասկանալով, որ այս պահին ի վիճակի չէ նման խնդիր լուծելու:

Նա պարզապես կփորձի տարբեր խնդիրներ լուծել մի կողմից Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ Հայաստանին որոշակի օրակարգ կպարտադրի: Ընդհանուր առմամբ, Ալիևը կփորձի Սյունիքի ուղղությամբ ցանկացած հնարավորություն օգտագործել՝ քաղաքական միավորներ հավաքելու համար, այդ թվում՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու նպատակով:

Հայաստանը պետք է պատրաստ լիներ և լինի ցանկացած նմանատիպ իրողությունների, այս իրավիճակում խնդիրն այն է, թե ինչու հայկական կողմը ժամանակին չի կանգնեցրել ադրբեջանական զորքի առաջխաղացումը, որպեսզի 3,5 կիլոմետր չառաջանար ու չհատեր Հայաստանի պետական սահմանը:

Գլխավոր հարցը սա է, թե ո՛ր գերատեսչությունն է պատասխանատու և ինչո՛ւ է թերացել և հետո, զուգահեռ, նաև ռազմաքաղաքական աշխարհաքաղաքական հարցերը: Երբ խոսում ենք Ալիևի գործողությունների մասին, պետք է հաշվի առնել, որ դրանք իրենց թիկունքում առնվազն ունեն Թուրքիայի աջակցությունը, վերջիններս այդ միջոցով ռուսների հետ իրենց հարաբերություններն են պարզում: Ուշագրավ է այն, որ Սյունիքում այս սադրանքը տեղի է ունենում Լավրովի՝ Բաքու այցից անմիջապես հետո: 

Հարց է առաջանում. ինչպիսի՞ն է այս հարցում Ռուսաստանի դերը: Նա որևէ կերպ տեղյա՞կ էր, որ Ադրբեջանում պլանավորվում է այսպիսի սադրանք, որովհետև Ռուսաստանն այն պետությունն է, որը պետք է ունենա տեղեկացվածության հնարավորություն նման հարցերում:

Այս իմաստով հարց է առաջանում. Ադրբեջանի սադրանքը դեմարշի տարբերա՞կ էր Լավրովի այցի դեմ, թե՞ որևէ  նոր համաձայնության հետևանք, որը ձեռք է բերվել Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու, ինչ-որ իմաստով, պարտադրվել Հայաստանին՝ օգտագործելով Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը:

– Ձեր նշած տարբերակներից ո՞րն եք իրատեսական ու ավելի հավանական համարում:

– Չեմ կարող այդ մասին խոսել, որովհետև դա կլինի փոքր-ինչ անլուրջ, քանի որ գործընթացն ամենևին էլ միագիծ չէ, այն ամբողջական գործընթաց է, որը ծավալվում է հետպատերազմյան շրջանում, և այստեղ կան դերակատարների թե՛ շահերի համընկնում, թե՛ լուրջ հակասություններ:

Այն, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն իրար հետ չեն խոսում կոշտ լեզվով և միմյանց հանդեպ հավատարմություն են հավաստում, դեռ չի նշանակում, որ նրանց միջև չկա շահերի կոշտ հակադրություն, ուղղակի նպատակահարմար չի համարվում դա բարձրաձայնել: Կարևոր է արձանագրել նաև, որ այս լարումը համընկնում է Մինսկի խմբի աշխուժացման հետ:

Եվ քանի որ Ռուսաստանը ևս Մինսկի խմբի համանախագահ երկիր է, հնարավոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են, Ռուսաստանին ճնշման տակ պահելով, թույլ չտալ Ռուսաստանին, որ համանախագահության ակտիվության օրակարգի վրա աշխատի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ:

– Պարո՛ն Բադալյան, Հայաստանի դաշնակից, գործընկեր Ռուսաստանը չի՞ կարող, թե՞ չի ուզում կոշտ քայլերի միջոցով կանխել թուրք-ադրբեջանական տանդեմի ոտնձգությունները տարածաշրջանում:

– Կարծում եմ՝ չի կարող և դրա համար չի ուզում, այսինքն՝ Ռուսաստանն ունի Ադրբեջանի և Թուրքիայի կարիքը մի շարք պատճառներով, և դա ստեղծում է իրավիճակ, երբ Ռուսաստանը չի կարող կոշտ խոսել այդ երկրների հետ, համենայնդեպս, այս առումով՝ գոնե Կովկասի մասով, Ռուսաստանի կարմիր գծերը զգալիորեն  հետ են քաշվել, և, քաղաքական իմաստով, Հայաստանը որոշակիորեն՝ նույնիսկ իր շահերով ու անվտանգության խնդիրներով, էապես դուրս է մնացել այդ կարմիր գծերից:

Այս իրավիճակում Ռուսաստանը շարժվում է այն տրամաբանությամբ, որ պետք է փորձել պայմանավորվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և հնարավորինս քաղել իր համար առավելագույնը, թե դա ի՛նչ հետևանք կունենա Հայաստանի համար՝ դժվար է ասել:

Չպետք է մտածել, սակայն, որ Ռուսաստանը բացարձակապես անտարբեր է դրա նկատմամբ, բայց զգալիորեն անտարբեր է, որովհետև պատկերացնում է, որ հետևանքների համար իր պատասխանատվությունը կարող է տեղափոխել Հայաստանի ներքաղաքական կյանքի դերակատարների վրա:

– Փաստ է, որ Ադրբեջանը ոտնձգություն է իրականացրել ՀՀ պետական սահմանի նկատմամբ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է: Այս պարագայում ո՞րն է այդ կառույցի դերը, ի՞նչ պետք է անի, որ չի անում:

– Այս առումով մեկ դրվագ հիշեցնեմ. 2014-15 թվականներին Ադրբեջանն ինտենսիվ թիրախավորում էր Տավուշի սահմանը և ռմբակոծում սահմանամերձ գոտուց հեռու գտնվող բնակավայրեր, ընդհուպ Նոյեմբերյան քաղաքը, մենք ունեցանք քաղաքացիական զոհեր և այլն:

Այդ ամենից հետո 2015 թվականի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում՝ ՀԱՊԿ վեհաժողովի ժամանակ բաց տեքստով նախատեց մյուս երկրների ղեկավարներին, որ այնքան անտարբեր են, նույնիսկ հեռախոսով չեն փորձում տեղեկանալ իրավիճակի մասի, թե ինչ է կատարվում դաշնակից երկրի անվտանգության հետ:

Դրանից հետո ՀԱՊԿ վարքագիծը չփոխվեց, և մենք, օրինակ՝ ունեցանք ապրիլյան քառօրյա պատերազմ, որի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունները ավելի դաշնակցային էին Ադրբեջանի, քան Հայաստանի հանդեպ:

Հետևաբար, ունենալ պատրանք, որ ՀԱՊԿ-ին դիմելով մենք ինչ-որ բան ենք ստանալու, չեմ կարծում, թե իրատեսական է: Հակառակը՝ կարող է ձևավորվել լարվածության մի նոր ուղղություն Հայաստանի համար, կշրջեն իրավիճակը, թե Հայաստանը լարվածություն է ստեղծում ՀԱՊԿ միջավայրում:

ՀԱՊԿ-ի առումով, կարծում եմ՝ չպետք է պատրանքներ ունենալ, բայց պետք է մտածել այս խնդիրը միջազգային հարթակներում բարձրացնելու համար և, գուցե, արժի խորհել խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հնչեցնելու մասին:

– Նման իրավիճակում հետագա ինչպիսի՞ զարգացումների սպասել, պարո՛ն Բադալյան:

– Քանի դեռ ապրում ենք փլուզված աշխարհակարգ ունեցող միջավայրում, և քանի դեռ կա սրվող պայքար նոր աշխարհակարգի, հետևաբար, նոր բաժանարարների ու քարտեզների համար, մենք միշտ լինելու ենք անկանխատեսելի միջավայրում, ուստի պետք է փորձենք առավելագույնս պատկերացնել սցենարներ և մարտահրավերների տարբերակներ ու լինել առավելագույն չափով դրանց պատրաստ: 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am