«Իշխանությունն ունի լեգիտիմության պակաս և փորձում է այն լրացնել ի հաշիվ եկեղեցու». Միքայել Զոլյան

«Իշխանությունն ունի լեգիտիմության պակաս և փորձում է այն լրացնել ի հաշիվ եկեղեցու». Միքայել Զոլյան
«Իշխանությունն ունի լեգիտիմության պակաս և փորձում է այն լրացնել ի հաշիվ եկեղեցու». Միքայել Զոլյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Միքայել Զոլյանը:

– Պարո՛ն Զոլյան, Էջմիածնի Մայր տաճարում Ջրօրհնեքի արարողության խաչքավոր էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, սա իշխանություն-եկեղեցի սերտաճո՞ւմ է:

– Սա նոր բան չէ, իրականում նախկինում էլ մենք ունեինք այս իրավիճակը։ Իշխանությունն ունի լեգիտիմության պակաս և փորձում է այն լրացնել ի հաշիվ եկեղեցու։ Եկեղեցին մնում է հայերի մեծ մասի համար կարևոր ինստիտուտ, որն անմիջականորեն կապված է հայ ազգային ինքնության հետ, և իշխանության այդ մարտավարությունը բավականին խոստումնալից է։ Այնպես որ, այստեղ խնդիրը անձերի մեջ չէ, սա համակարգային միտում է։

– Ոմանք մտահոգ են բանակի ճակատագրով, նշում են, որ Հայաստանի իշխանությունները միջնադարյան հետամնաց քաղաքականություն են վարում։ Արդյոք սա դրա դրսևորո՞ւմն է:

Չէի ասի, որ սա միջնադարյան քաղաքականություն է։ Որպես քաղաքականություն` սա խիստ մոդայիկ է ամբողջ աշխարհում։ Այնպես որ, սա միայն մեզանում չէ առկա, նույնը մենք տեսնում ենք նաև Ռուսաստանում վերջին տարիներին։ Սակայն, Հայաստանում, կարծում եմ, այդ մարտավարությունը նույնիսկ ավելի արդյունավետ է, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին պատմության ընթացքում շատ ավելի կարևոր դեր է խաղացել հայ ինքնության համար, քան Ռուս Ուղղափառ Եկեղեցին Ռուսաստանում։ Նման երևույթներ առկա են նաև, օրինակ` Լեհաստանում։ Արևմտյան որոշ քաղաքական գործիչներ ևս փորձում են օգտագործել կրոնը իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, անգամ Թրամփը, որը, ինչպես հայտնի է, միշտ աթեիստ է եղել, բայց այժմ մեծ կարևորություն է տալիս ամերիկյան որոշ կրոնական խմբերի ձայներին։ Այլ հարց է, որ երկարաժամկետ կտրվածքով այս մանիպուլյացիաները սովորաբար չեն աշխատում եվրոպական քաղաքակրթությանը պատկանող երկրներում, հիմնականում դրանք հաջողությամբ աշխատում են Մերձավոր Արևելքի երկրներում։

– Դեռ դեկտեմբերին Վիգեն Սարգսյանը նշում էր, որ եկեղեցին չի կարող անջատ լինել ո՛չ պետությունից, ո՛չ բանակից: Կարո՞ղ ենք ասել, որ ազգ-բանակ-եկեղեցի եռամիասնություն են ուզում ձևավորել:

– Այս ամենը հասկանալու համար արժի հիշել անցյալ տարի Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոն- Հայաստան կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական “?/ին։ Հարցման արդյունքներից հստակ երևում է, որ Հայատանում կա միայն երկու կառույց, որ վայելում են մարդկանց վստահությունը՝ բանակը և եկեղեցին։ Բանակին միանշանակ վստահում է հայաստանցիների 51, եկեղեցուն՝ 49 տոկոսը, իսկ նախագահին՝ 6 տոկոսը, գործադիր իշխանությանը՝ 5, Ազգային ժողովին՝ 3 տոկոսը: Այսինքն` իշխանության կառույցների հանդեպ վստահությունն այնքան ցածր մակարդակի վրա է, որ, ինչպես ասում են սոցիոլոգները, վիճակագրական սխալի սահմաններում է (համարվում է, որ հարցումները կարող են 2,5-5 տոկոս սխալ տալ): Փաստորեն, ըստ այս ուսումնասիրության` նախագահին և ԱԺ-ին ավելի քիչ են վստահում, քան Եվրամիությանը (9 տոկոս), օմբուդսմենին (8 տոկոս) և ՄԱԿ-ին (7 տոկոս)։ Բնականաբար, այս տարվա գարնանը ակնկալվող իրադարձությունների համատեքստում սա շատ լուրջ խնդիր է իշխանության համար։ Եվ այժմ նա փորձում է այնպես անել, որ իշխանությունը նույնացվի բանակի և եկեղեցու հետ, և այդ կառույցների հանդեպ եղած վստահությունից գոնե մասամբ նաև իշխանությունը օգուտ քաղի։

– Էդուարդ Շարմազանովը մեկնաբանում է, թե իբր այնտեղ են ոչ իբրև պաշտոնյա, այլ որպես քաղաքացի, նաև նշում են, որ պետական պաշտոնները ժամանակավոր են, մինչդեռ հավատը հավերժ է: Ինչպե՞ս եք գնահատում այս մեկնաբանությունը;

– Այստեղ մեկնաբանելու բան առանձնապես չեմ տեսնում, նրա պատասխանը լրիվ տեղավորվում է իմ ներկայացրած տրամաբանության մեջ։ Նրան տրվում է հարց, որը կապված է իր քաղաքական գործունեության հետ, իսկ ինքը հարցը տեղափոխում է հավատի դաշտ։ Սա է լինելու իշխանության մարտավարությունը։ Իրենց ուղղված ցանկացած քննադատություն նրանք փորձելու են այնպես ներկայացնել, թե այն իբր ուղղված է եկեղեցու կամ բանակի դեմ։ Այս առումով, կարծում եմ, իշխանության քննադատները պետք է զգույշ լինեն, որպեսզի այդ ծուղակը չընկնեն։ Չնայած այսօր Հայաստանում քաղաքական պայքար, ըստ էության, գոյություն չունի, այնպես որ, այս ամենի մասին խոսելն էլ անիմաստ է։

– Առհասարակ ի՞նչ վտանգներ եք տեսնում, Հայաստանում որևէ իշխանության օրոք արդյոք հիշո՞ւմ եք նման դեպք:

– Հայաստանը դե ֆակտո երբեք չի եղել լիարժեքորեն աշխարհիկ պետություն։ Հայ Առաքելական Եկեղեցին միշտ էլ ունեցել է բացառիկ ազդեցություն՝ անհամեմատելի այլ կրոնական կազմակերպությունների հետ։ Եվ պետությունը դա երբևիցե չի վիճարկել և չի փորձել փոխել։

Աշխարհիկ իշխանություններն էլ խառնվել են եկեղեցու գործերին, օրինակ` կաթողիկոսների ընտրության գործում։ Այդուհանդերձ, առաջին երկու նախագահների օրոք եկեղեցու և իշխանության գոնե արտաքուստ սահմանազատումը պահպանվել է։ Իսկ վերջին տարիներին տեսնում ենք, որ իշխանությունն ակտիվորեն փորձում է իրենց նույնացնել եկեղեցու հետ։ Այս միտումները սկսվեցին Սերժ Սարգսյանի օրոք, այն ժամանակ ոմանք այդ ամենը կապում էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հետ, բայց այսօր մենք տեսնում ենք, որ վարչապետը վաղուց փոխվել է, իսկ այդ մարտավարությունը պահպանվում է։

Վտանգներ, իհարկե, շատ կան։ Սա նախ սխալ է այն պարզ պատճառով, որ հայաստանցիներից և սփյուռքահայերից շատերը կա՛մ հավատացյալ չեն, կա՛մ էլ այլ կրոնական կազմակերպությունների հետևորդ են։ Բայց այս ամենը վտանգավոր է նաև հենց իր՝ եկեղեցու համար: Չեմ կարծում, թե եկեղեցին կարող է փրկել իշխանությունների բարի համբավը, բայց իշխանությունն իր հերթին կարող է վարկաբեկել եկեղեցին։ Ամեն դեպքում եկեղեցու և պետության տարանջատումը ճիշտ է թե՛ եկեղեցու, թե՛ պետության շահերից ելնելով։ Երբ այն խախտվում է, ստանում ենք մի կողմից կրոնական մոլեռանդություն, մյուս կողմից՝ մարտնչող աթեիզմ։ Սոցիալական ցանցերում մենք արդեն այդ ամենի սաղմերը տեսնում ենք։

Մանե Հարությունյան

MediaLab.am