«Ե՛վ ազգ-բանակ, և՛ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին հայեցակարգերը նպատակ ունեն հլու-հնազանդ հասարակություն ձևավորելու». Ավետիք Իշխանյան

«Ե՛վ ազգ-բանակ, և՛ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին հայեցակարգերը նպատակ ունեն հլու-հնազանդ հասարակություն ձևավորելու». Ավետիք Իշխանյան
«Ե՛վ ազգ-բանակ, և՛ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին հայեցակարգերը նպատակ ունեն հլու-հնազանդ հասարակություն ձևավորելու». Ավետիք Իշխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

– Պարո՛ն Իշխանյան, կառավարությունը հանրային քննարկման է դրել Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության նախագիծը: Վերջին օրերին այս նախագծի դրույթները քննադատությունների թեմա են դարձել: Դրանում մի շարք ոլորտների է անդրադարձ կատարվում: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում նախագիծը:

– Վերջին տարիերին ինձ մի հարց է հուզում. մեր աչքի առաջ աշխարհը փոխվում է, և շատ հնարավոր է, որ բավական մեծ կատակլիզմների և այլնի հետևանքով նոր աշխարհակարգ ստեղծվի: Եվ հնարավոր է՝ այդ նոր աշխարհակարգի պայմաններում նոր պետություններ առաջանան, որոշ պետություններ վերանան աշխարհի քարտեզից և այլն: Նայեք, թե ի՛նչ է կատարվում աշխարհում՝ Ռուսաստան-Եվրոպա-Արևմուտք սուր հակամարտություն, Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունները: Դե յուրե կան ինչ-որ անունով պետություններ, բայց չես հասկանում, թե այնտեղ ի՛նչ է կատարվում:

Թուրքիայի նեոօսմանյան նկրտումները, մյուս կողմից՝ Ալիևի հայտարարությունները, և այս փոխվող աշխարհում տպավորությունս այնպիսին էր, որ մեր իշխանական վերնախավին, նաև քաղաքական բոլոր ուժերին այդ ամենը չի հետաքրքրում, կարծես մի կախարդական ձեռք մեզ ապահովելու է, և այդ ամենը Հայաստանի կողքով է անցնելու:

Հայաստանի իշխանական վերնախավը միայն մի բանի մասին է մտածում՝ ինչպե՞ս պահել իշխանությունը և, պահելով իշխանությունը, նաև պահել իր ունեցվածքն ու բիզնեսը: Եվ հանկարծ մեջտեղ բերվեց այս ռազմահայրենասիրական հայեցակարգը: Առաջին հայացքից կարող ես մտածել, որ նրանք արդեն գիտակցել են իրավիճակը, որովհետև հայեցակարգում արտաքին մարտահրավերների մասով դրույթներ կան՝ ահաբեկչության, հարևանների ագրեսիվ պահվածքի մասին և այլն: Թվում է, թե ինչ-որ բան հասկացել են, բայց այստեղ հարց է ծագում՝ եթե նրանք դա հասկացել են, արդյոք պե՞տք է անել այն քայլերը, որոնք բխում են այդ հայեցակարգից:

– Ո՞ր դրույթներն են ձեզ համար առավել մտահոգիչ: Օրինակ՝ խնդիրների թվում նշվում են՝ արտագաղթը, «հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության և զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը»: Այս խնդիրներին հնարավո՞ր է լուծում տալ այս ռազմավարության շրջանակներում:

– Հայեցակարգում դրույթներ կան արտագաղթի կանխման մասին, այսինքն՝ առաջին հայացքից թվում է, թե խնդիրները գիտակցել են: Բայց հարց է ծագում. արդյոք այդ մարտահրավերների դիմաց դու պետք է պայքարես միայն քարոզչությա՞մբ: Ի՞նչ էր պետք անել Հայաստանում՝ այդ մարտահրավերների դեմ պայքարելու համար:

Արտագաղթը և երկրում տիրող այս իրավիճակը հիմնականում պայմանավորված են մի քանի գործոններով՝ զրոյական արդարադատություն, որը բերում է վերնախավի անպատժելիությանը և սանձարձակությանը, ինչը հանգեցնում է հուսահատության, իշխանությունների նկատմամբ վստահության կորստի ու արտագաղթի: Հսկայական չափերի հասնող կոռուպցիան նույնպես իր հերթին խթանում է արտագաղթը:

Երբ հայեցակարգում խոսք է գնում բանակի նկատմամբ անվստահության մասին, այս հարցը պետք է ոչ թե քարոզով լուծել, այլ պետք է զինված ուժերում կարգուկանոն լինի: Այն սևազգեստ մայրերը, որոնք պայքարում են իրենց երեխաների մահվան հանգամանքները պարզելու համար, վաղուց պետք է իրենց հարցերի պատասխաններն ստացած լինեին, իսկ մեղավորները պետք է պատժված լինեին: Եվ ամենակարևորը՝ բանակի նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար առաջին հերթին պետք է Հայաստանի իշխանական վերնախավն իր օրինակով ցույց տար դա:

Վերնախավի երեխաները պետք է ծառայեին սահմանամերձ բնակավայրերում և ցույց տային, թե ինչպես են վերաբերվում պաշտպանության հարցերին: Դրա փոխարեն իշխանության մաս կազմող որոշ մարդիկ ընդհանրապես չեն ծառայել, բայց նրանք պետք է քարոզեն ժողովրդին, որ մարդիկ հայրենասեր լինեն: Սա արդեն զավեշտալի է:

Բանակում իրավիճակը փոխելու և վստահության աստիճանը բարձրացնելու համար, ինչպես ցույց են տալիս մեր ուսումնասիրությունները, պետք է առաջին հերթին երկու խնդիր լուծել. մեկը տգիտությունն է, երբ բանակ են զորակոչվում ցածր կրթական մակարդակ ունեցողները: Մեր կրթական մակարդակը հասել է զրոյական մակարդակի, և իշխանությունները, փոխանակ կրթության մասին մտածեն, էապես կրճատել են կրթության ֆինանսավորումը: Շատ բնակավայրերում կրթական հաստատությունները, այսպես կոչված, օպտիմալացվեցին, և երեխաները գնում են հարևան գյուղեր՝ դպրոցում սովորելու համար: Եվ այս պայմաններում իշխանությունները խոսում են ռազմահայրենասիրության մասին:

Բանակի նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար մենք պետք է ունենայինք պատվի զգացում ունեցող սպայական անձնակազմ: Ո՞րն է դա՝ հայրենիքի հանդեպ նվիրվածություն ունեցող սպայական կազմը: Իսկ ովքե՞ր են մեզ համար օրինակ ծառայող սպաները՝ գեներալներ, որոնց միայն տեսքը ահ ու սարսուռ է տարածում: Եվ, պարզվում է, նրանք պետք է ռազմահայրենասիրական քարոզչություն իրականացնեն, ինչը հակառակ ազդեցությունը պետք է թողնի:

– Հայեցակարգում դրույթներ կան անկարգության ու անդաստիարակության, փողոցային բարքերի ու բառապաշարի մասով: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Շատ լավ բան են ասում իշխանությունները, բայց այդ դեպքում պետք է արգելվեն Ազգային ժողովի նիստերի հեռարձակումը և ՀՀԿ ու այլ կուսակցությունների անդամների հարցազրույցները: Նրանց ընդհանրապես խոսելու իրավունքից պետք է զրկեն: Ի վերջո, նրանք են օրինակ ծառայում մարդկանց:

– Նաև դրույթ կա այն մասին, որ բարձր դասարանների աշակերտները պետք է զրույցներ ունենան հոգևորականների հետ: Արդյոք սա եկեղեցին կրթական հաստատություններ մտցնելու հերթական փորձը չէ՞:

– Ուղղակի զավեշտալի դրույթ է այն, որ բարձր դասարանների աշակերտները ընտանիքի օրը պետք է գնան եկեղեցի ու խոսեն հոգևոր հովվի հետ: Այստեղ ինձ մոտ երկու հարց է առաջանում. ի վերջո, բարձրաստիճան հոգևորականները կուսակրոն են, նրանք ի՞նչ գիտեն, թե ի՛նչ է ընտանիքը, քանի որ ըստ օրենքի՝ չպետք է ամուսնանան:

Նրանք որտեղի՞ց գիտեն ընտանեկան կյանքի նրբությունները: Լավ, ընդունենք, որ քահանաները պետք է դա բացատրեն: Արդյոք նրանք Ղուկասի ավետարանից այն հատվա՞ծը պետք է բացատրեն, որտեղ Հիսուս ասում է, որ՝ ովքեր չեն ատում իրենց ծնողներին, ընտանիքը, եղբայրներին ու քույրերին, նրանք իմ մոտ գալու իրավունք չունեն:

«Եթէ մէկը ինծի գայ՝ բայց չատէ իր հայրն ու մայրը, կինը եւ զաւակները, եղբայրներն ու քոյրերը, նաեւ իր անձը, չի կրնար իմ աշակերտս ըլլալ»: Արդյոք սա՞ են բացատրելու, թե՞ պետք է բացատրեն Պողոս Առաքյալի ավետարանից այն հատվածը, որ կնոջ պատճառով Աստված Ադամին ու Եվային արտաքսեց դրախտից, այդ պատճառով կինը պետք է միշտ հնազանդ լինի ամուսնուն: Սա՞ է ընտանեկան արժեքը, որ պետք է բացատրեն: Պողոս Առաքյալի ավետարանից այդ հատվածը հետևյալն է՝«Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ: Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան: Եւ Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց: Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ»:

Հայեցակարգում երիտասարդներին օտար արժեքներից զերծ պահելու մասին է նշվում:

Սա ինձ հիշեցնում է ԽՍՀՄ ամենաթունդ շրջանը՝ 1950-ական թվականները, երբ երաժշտական հանրագիտարանում գրված էր, որ ջազը բուրժուական երաժշտական ուղղություն է և շատ վտանգավոր է երիտասարդների դաստիարակության համար: Այսինքն՝ երկաթյա վարագույրն իջեցնելով՝ մեր երեխաներին պետք է զրկե՞ն արտասահմանյան մշակույթից: Ես այս ամենը Տերյանի խոսքերով կուզեի բնութագրել. «Հիշենք, որ այդ զոոլոգիական ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան-մտավոր սնանկությունը, մեր կուլտուրական թշվառությունը»: Այս հայեցակարգը գրված է զոոլոգիական հայրենասիրական մտածողությամբ:

– Ինչո՞ւ են իշխանությունները հենց այս փուլում այս հայեցակարգը դնում հանրային քննարկման:

– Եթե մենք հետևենք այս իշխանությունների վարած իրական քաղաքականությանը, ոչ հռչակագրային, ապա հատկապես վերջին 10 տարիների ընթացքում հետևողականորեն տարվել է մի քաղաքականություն, որ դիմադրության բոլոր օջախները մարվեն, բոլորը հարմարվեն ու դառնան հպատակ: Նախորդ տարվա ապրիլի 2-ի քվեարկության արդյունքներն այդ իմաստով ավելի բացեցին իշխանությունների ձեռքերը: Հնազանդեցնելով գրեթե ողջ քաղաքական դաշտը՝ այժմ իշխանությունները նպատակ ունեն հպատակ ու հնազանդ հասարակություն ստեղծելու: Ե՛վ ազգ-բանակ, և՛ սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին այս հայեցակարգերը, իմ կարծիքով, նպատակ ունեն իրականում հլու-հնազանդ հասարակություն ձևավորելու:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am