«Այդ հայտարարությունը Քոչարյանի միակ դիրքորոշումն է, որի հետ դժվար է չհամաձայնել». Նինա Կարապետյանց

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցի կարծիքով՝ նախընտրական հանդիպումների շրջանակում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները անպատժելիության դրսևորում են՝ «արտահայտված ցինիզմով»:

Հիշեցնենք՝ օրերս Քոչարյանը իր հանդիպումներից մեկում ասել էր. «Գործող իշխանությունը պաշտոնավարման ընթացքում ոչ մի խոստում չի կատարել, նույնիսկ խոստացել է, որ ինձ պիտի դատի, չէ՞: Էդ էլ չի արել»:

«Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև բազմաթիվ կերպարներ պետք է վաղուց լինեին անազատության մեջ և իրենց արժանի պատիժը կրեին: Ե՛վ բարոյական, և՛ իրավական հարթության վրա չպետք է իրավունք ունենային մասնակցելու այս գործընթացներին, չպետք է իրավունք ունենային երկրի ղեկավար պաշտոններ ստանձնելու հավակնություններ ունենալ: Բայց այս իշխանությունը տապալեց անցումային արդարադատությունը, իմ համոզմամբ՝ ոչ պատահական»,-«Մեդիալաբին» ասում է Կարապետյանցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ այդ հայտարարությունը Քոչարյանի միակ դիրքորոշումն է, որի հետ դժվար է չհամաձայնել:

Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ հայտարարություն, որով երկրորդ նախագահը պնդում է՝ Հայաստանում պետք է արգելել օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը, Կարապետյանցը բնական է համարում.

«Իհարկե, Քոչարյանն ու հանցավոր ռեժիմները պետք է դժգոհ լինեին քաղհասարակության գոյությունից, որովհետև մենք տևական ժամանակ բոլորս միասին աշխատել ենք, որ Հայաստանում ունենանք ժողովրդավար պետություն, իսկ հանցավոր ռեժիմին սա որևէ կերպ չէր կարող դուր գալ»:

Նինա Կարապետյանցը վստահ է, որ եթե Հայաստանում վերականգնվի, իր բնութագրմամբ՝ հանցավոր ռեժիմի իշխանությունը, կապ չունի՝ ում դեմքով, լինելու են ապօրինի քրեական գործեր, սկսվելու են հետապնդումներ:

«Հայաստանի անվտանգության համար խնդիր են ոչ թե հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ դրսից ֆինանսավորվող, այլ այն կուսակցությունները, որոնք ստեղծվել են, որպեսզի կարողանան Հայաստանի անվտանգությունն ու սուվերենությունը հարվածի տակ դնել:

Հանցավոր ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները, ովքեր իրենց որոշումներով, գործողություններով Հայաստանի ամբողջ ստրատեգիական կարևորություն ու նշանակություն ունեցող կառույցները տվել են օտարին, որի հետևանքով մենք ոչինչ չենք կարողանում անել մեր սուվերենությունը պահպանելու համար, այդ մարդիկ ավելի վտանգավոր են:

Այդ մարդիկ ու կառույցները պետք է արգելվեն Հայաստանում, բայց այսօր հայրենիքը վաճառած սրիկաները հավակնում են ինչ-որ պաշտոնի»,- ասում է նա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab