«Բայդենը փորձում է ակտիվանալ Հարավային Կովկասում, այդ թվում նաև՝ Արցախի հարցում». թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն այցելել են Արցախի օկուպացված Շուշի քաղաք: Նշվում է, որ այնտեղ պետք է համաձայնագիր ստորագրեն: Ո՞րն է Էրդողանի այցի ուղերձը, ի՞նչ է ուզում ասել թուրք-ադրբեջանական տանդեմն այս այցելությամբ:

– Ճիշտ նկատեցիք, որ Շուշի այցը սիմվոլիկ նշանակություն ունի և մեսիջներ է պարունակում: Այդ մեսիջներից առաջինն ուղղված է մեզ՝ Արցախին, Հայաստանին, որ՝ տեսեք, մենք հաղթել ենք, դա թուրք հաղթողի հրճվանքի արտահայտությունն է:

Երկրորդ մեսիջն ուղղված է տարածաշրջանին, որովհետև Շուշին կարևոր է տարածաշրջանային առումով՝ որպես աշխարհաքաղաքական կետ: Ցույց է տալիս, որ՝ տեսեք, մենք մեր նպատակին հասանք, ապահովեցինք Ադրբեջանի հաղթանակը, և Շուշին գտնվում է մեր ձեռքում: Տարածաշրջանը պետք է դա ընկալի որպես Թուրքիայի քաղաքականության հաղթանակ Հարավային Կովկասում և սպասի նրանից նոր քայլերի, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում իրենց ազդեցությունն ուժեղացնելուն:

Երրորդը պանթուրքիստական մեսիջն է, որովհետև Շուշին հայտարարում են թյուրքալեզու աշխարհի մշակութային կենտրոն և փորձում են աշխարհին ցույց տալ, որ իրենք շատ կարևոր հաղթանակ են գրանցել:

Մի քանի պայմանագրերի մասին են խոսում, որոնցից մեկը, ինչպես հայտարարել է Էրդողանը, պետք է ունենա համապարփակ բնույթ: Ենթադրում եմ, որ այդ պայմանագիրը պետք է փոխարինի 2010 թվականի թուրք-ադրբեջանական պայմանագրին: Այս նոր՝ համապարփակ պայմանագիրը պետք է միտված լինի երկու երկրների ավելի սերտաճմանը, ինչը ոչ միայն երկկողմանի պայմանագիր է, այլ նաև ձգտում Թուրքիայի կողմից՝ ավելի խոր մտնել տարածաշրջան:

– Այս այցի վերաբերյալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ դիմելով միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ՌԴ-ին՝ զսպելու Թուրքիայի ագրեսիվ նկրտումները: Ձեր գնահատականը խնդրեմ:

– Այս հայտարարությունը կարևոր է այն առումով, որ համաշխարհային հասարակայնության և դիվանագիտական շրջանակներում ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռվում է հանգամանքին, որ Շուշին զավթվել է ագրեսիվ նվաճողական պատերազմի հետևանքով:

Չեմ կարծում, որ գործնական քայլեր կլինեն, բայց ամեն դեպքում կարևոր է այդ հայտարարությունը, և չեմ բացառում, որ որոշ երկրների խորհրդարաններում կամ հասարակական-քաղաքական շրջանակներում կդատապարտեն այդ այցը:

Պարո՛ն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք գնահատում Էրդողան-Բայդեն հանդիպումը, և ինչու՞ այդ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, Թուրքիայի նախագահը չխոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ինչպես հայտարարում էր մինչև հանդիպումը:

Երկու կողմն էլ շատ էր խոսում այդ հանդիպման մասին, մանավանդ թուրքական կողմը, որովհետև թուրքական վերնախավը շատ էր մտահոգված Ամերիկայի հետ ունեցած վատ հարաբերություններով ու մեծ հույսեր էր կապում, որ այս հանդիպումն այդ հարցերը կլուծի:

Նախագահների առանձին հանդիպումը տևել է ընդամենը քառասուն րոպե, իսկ հանդիպման մյուս հատվածին մասնակցել են արդեն պատվիրակությունները ևս, այնպես որ, բավական կարճ է եղել Բայդեն-Էրդողան հանդիպումը:

Երկուսն էլ դրական են գնահատել այդ հանդիպումը, բայց երկու կողմերի ձգտումը, որ այդ հանդիպումը դառնա շրջադարձային, կարծում եմ՝ իրականություն չի դարձել: Սակայն մեկ կարևոր հանգամանքի երկուսն էլ համաձայնել են, այն է՝ Թուրքիան Արևմուտքի կարևոր մաս է կազմում և արևմտյան ընդհանուր համամոլորակային ռազմավարության մեջ իր ուրույն տեղն ունի, ուստի Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է կարգավորվեն:

Այսինքն՝ ընդհանուր առմամբ, Թուրքիան վերահաստատել է իր կարևոր տեղը արևմտյան համաշխարհային քաղաքականության մեջ: Կարծում եմ, որ Էրդողանը Թուրքիային առաջարկել է Արևմուտքի դաշնակից ամենատարբեր շրջաններում, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասում:

Հայոց ցեղասպանության հարցի չքննարկման պատճառը այն է, որ ուղղակի Թուրքիային հասկանալ են տվել, որ այդ հարցը փակված է:

Հայոց ցեղասպանության հարցի փակված լինել ասելով ի՞նչ նկատի ունեք, պարո՛ն Սաֆրաստյան, այսինքն՝ ի՞նչ է հասկացրել ԱՄՆ-ն Թուրքիային:

– Նկատի ունեմ, որ Բայդենը իր այդ խոստումը կատարեց, բայց դրանից առաջ չեն գնա, այսինքն՝ չեն նպաստի այն պահանջներին, որ Թուրքիան հատուցում տա և այլն:

Հայ ռազմագերիների մասին ի՞նչ եք կարծում, պարո՛ն Սաֆրաստյան, ռազմագերիների վերադարձին միջամտելով ԱՄՆ-ն փորձում է այս հարցում և, ընդհանրապես, տարածաշրջանում իր դերակատարո՞ւմն ավելացնել, և Թուրքիան ինչպե՞ս է վերաբերվում դրան:

– Բայդենը փորձում է ակտիվանալ Հարավային Կովկասում, այդ թվում նաև՝ Արցախի հարցում՝ ի տարբերություն Թրամփի: Պատահական չէ, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Մինսկի խմբի համանախագահողների միջնորդական ակտիվացման կողմից:

Կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ակտիվանում է մեր տարածաշրջանում, և Թուրքիան դրանից օգտվում է ու իր առաջարկությունն է անում ԱՄՆ-ին, որ Թուրքիան գտնվում է ամերիկյան քաղաքականության շրջանակներում՝ որպես օժանդակ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am