«Ով խանգարեց ժողովրդի երթը, մնալու է պատմության մութ արխիվում, որը ուշ թե շուտ բացվելու է». Էդուարդ Զորիկյան

«Ով խանգարեց ժողովրդի երթը, մնալու է պատմության մութ արխիվում, որը ուշ թե շուտ բացվելու է». Էդուարդ Զորիկյան
«Ով խանգարեց ժողովրդի երթը, մնալու է պատմության մութ արխիվում, որը ուշ թե շուտ բացվելու է». Էդուարդ Զորիկյան
Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում էերգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը։

-Պարոն Զորիկյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության հարյուր օրը։ Սպասելիքներն արդարացա՞ն։

– Ըստ իս՝ այո։ Ժողովուրդը վաղուց հոգնել էր նախկինների ստերից. երբ մի բան ասում էին, բոլորովին այլ բան՝ անում։ Այդ այլ բանը՝ բյուջեի գրպանումը, ժողովրդի հարստահարումը, ժողովրդի հետ ունքերը կիտած, սպառնալիքի ու մահակի լեզվով խոսելը, մեծ եղբոր առջև փորսողելը. այս ամենը վաղուց հոգնեցրել էր։ Բոլոր չինովնիկները, ԱԺ պատգամավորական կոճակ սեղմող կորպուսը, կառավարությունը՝ իրենց պարագլուխ նախագահներով հանդերձ, վաղուց ատելության, ոմանք՝ ծաղրի առարկա էին դարձել։ Երկրում ոչինչ չէր փոխվում, ընդհակառակը, գնալով ամեն ինչ դառնում էր ավելի անտանելի ու նողկալի։ Մեր ժողովուրդը միշտ է պետականության կարոտն ու կարիքն ունեցել, բայց երբ պետականության կարոտ և կարիք ես ունենում անկախություն հռչակելուց տասնամյակներ անց, սա արդեն․․․ուղղակի բառ չեմ գտնում՝ նման երևույթն անվանելու։ Հենց այս ամենն էր պատճառը, որ ժողովուրդը Նիկոլի մեջ տեսավ իր իրական առաջնորդին։ Նիկոլն ասե՛ց, արե՛ց ու, համոզված եմ, սկսած գործը հետևողականորեն շարունակելու է։ 100 օրվա մեջ արվեց ավելին, քան հնարավոր էր պատկերացնել։ Արածի մասին վարչապետն ուղիղ կապով գրեթե ամեն օր հաշվետվություն է ներկայացրել ժողովրդին։

Կարծում եմ՝ կարիքը չկա այդ ամենը հիմա մեկ առ մեկ թվարկելու։ Միայն այն, որ վարչապետը ժողովրդի հետ խոսում է առանց թղթի, ժպտալով և ասելիքն ավարտելիս, վանկարկում է՝ «կեցցե ազատ, անկախ Հայաստանը», արդեն ամեն ինչ է։ Ժամանակին Մովսես Գորգիսյանը հանրահավաքներից մեկի ընթացքում գոչեց․«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։ Այսօր մենք արձանագրում ենք, որ այդ Հայաստանը եկել է, եկել է նոր, երիտասարդ դեմքով, անսպառ ավյունով, ազնիվ մղումով, վճռական կամքով և, իհարկե, անսպառ սիրով։ Սա է պատճառը, որ մարդիկ Հայաստանի ամենահեռու վայրերից գալիս, հասնում են և մասնակցում վարչապետի հանրահավաքներին։

-Ի՞նչ բացեր եք այս պահին արձանագրում, որ պետք է փոխվեն։ ՀՀԿ-ականները սկսել են բաց գրոհը Նիկոլ Փաշինյանի դեմ՝ մեղադրելով նրան ժողովրդավարության նահանջի և խոսքի ազատության սահմանափակման մեջ։ Ինչի՞ կարող են նրանք հասնել։

– Պետք է ամեն ինչ շարունակել նույն ոգով, ավելի վճռական քայլեր անել՝ համոզված լինելով, որ թիկունքիդ կանգնած է ողջ հայությունը։ Ասում եք՝ ժողովրդավարության նահա՞նջ։ Բարբաջանք է։ Հայաստանում այսօր իրական, ուղիղ ժողովրդավարություն է։ Հիմա՝ խոսքի ազատության մասին։ Ժամանակին ինձ և դստերս բերման ենթարկեցին «ազատ, անկախ Հայաստան» վանկարկելու համար։ Ինձ երկու անգամ ազատեցին նույն աշխատանքից՝ հանրահավաքներին մասնակցելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար։ Սա՞ էր խոսքի և մնացած հիմնական ազատությունների նրանց տեսլականը։ Եթե ասելիք ունեն՝ թող ասեն, թեպետ չեմ կարծում, որ նրանց այսօր լսող կլինի։ Իսկ կեղտ լցնելն ամենևին էլ գրոհ չէ, դա իրենց անզորության պարզագույն ապացույցն է։ Նրանք մինչ օրս չեն էլ հասկացել, որ պետք է ասել այն, ինչ ուզում է լսել ժողովուրդը, որ պետք է անել այն, ինչ պահանջում է ժողովուրդը։ Նրանք այդպես էլ չհասկացան՝ ինչ է ժողովրդավարությունը։ Հիմա նրա մասին, թե ինչի կարող են նրանք հասնել։ Ոչնչի՛:

-ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը  հայտարարություն է տարածել՝ նշելով՝ «դատավորների հասցեին «մատ թափ տալն» ու այլախոհներին Ազգային անվտանգության ծառայությամբ սպառնալը ոչ միայն ճնշում է դատական իշխանության, այլեւ առհասարակ երկրում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ»։  Ըստ Ձեզ՝ այսպիսի հայտարարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում։ Արդյոք այս բոլոր քայլերով ՀՀԿ-ականները չե՞ն ակնարկում, որ մեկ տարին լրանալուն պես անվստահություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանին։

-Ես չգիտեմ, թե ում անունից է ԱԺ նախագահն այդ հայտարարությունն արել՝  նշածս ԱԺ պատգամավորական կորպուսի և ԱԺ-ից դուրս ևս մի քանի հոգու անունի՞ց։ Այդ հայտարարությունն ընդամենը ինքնապաշտպանման դրսևորում է, բայց ումի՞ց են նրանք պաշտպանվում՝ ժողովրդի՞ց։ ԱԱԾ-ն իր գործն է անում, ոստիկանությունը՝ իր, քննչական մարմինը՝ իր։ Պետական այս և մնացած բոլոր կառույցները կատարում են իրենց պարտականությունները։ Փորձում են պետական այս գործընթացը կասեցնե՞լ։ Քանի՞ հոգով։ Էդ քանի՞ հոգով են մեկ տարի անց անվստահություն հայտնելու։ Թող փորձեն։ Ժողովուրդը նորից ամեն ինչ իր տեղը կդնի՝ ապացուցելով, որ պետությունը ինքն է, ոչ թե իրեն թալանողը։ Ժողովուրդն իր առաջնորդի հետ շարունակելու է առաջ ընթանալ։ Ով խանգարեց երթը, մնալու է պատմության մութ արխիվում։ Իսկ արխիվն այդ ուշ թե շուտ բացվելու է։ Ասենք՝ արդեն իսկ երևում է, թե ով ով է։

-Ի վերջո, բացի կոռուպցիոն բացահայտումներից ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը արագ փոփոխություններ արձանագրելու համար։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այնպես պետք է անի, որ յուրաքանչյուրը զգա իր կյանքի որակի մեջ փոփոխություն։ Կարծում եք՝ սա ավելի երկարաժամկետ գործընթացների հե՞տ է կապված, թե՞ արագ էլ կարելի է հասնել լուծումների։

– Ասում ես՝ բացի կոռուպցիոն բացահայտումներից, բայց գիտե՞ս,  որ հենց կոռուպցիայի առկայությունն էր, որ տասնամյակներ շարունակ ներսից ամեն ինչ խժռում էր՝ աշխատողի աշխատավարձը, ծերերի թոշակը, հիվանդի բուժման գումարը, զինվորի փամփուշտն ու հացը, միջին ու փոքր բիզնեսին հատկացված գումարները, ճանապարհների պահպանությանը, հուշարձանների պաշտպանությունը, շենք-շինությունների պահպանմանն ուղղված գումարները, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված հատկացումները․․․ էլ ո՞րն ասեմ։ Տարիներ շարունակ պետական կառույցները ծառայեցվել են պետությունը թուլացնելու, ներսից քարը քարի ետևից, հատ-հատ հանելով, պետական միջոցները գրպանելով՝ այն քանդելուն։ Կոռուպցիան պիտի արմատախիլ արվի վերից վար։ Կյանքի որակի բարձրացման հիմքում աշխատանքն է՝ օրենքով պաշտպանված և օրենքի շրջանակում։ Վերևի հարցը հեշտ է. այնտեղ Նիկոլն է։ Ժողովուրդն էլ պիտի վարից սկսի։

-Եթե այդ փոփոխությունները ուշանան, արդյոք հանրությունը նույն խանդավառությամբ կշարունակի՞ սատարել կառավարությանը, թե՞ ոգևորության ալիքը կթուլանա։

– Պետք չէ՛ ժողովրդին վերաբերվել այնպես, ասես նա անբանի մեկն է և ողորմություն է խնդրում։ Մենք աշխատասեր, շնորհալի, խելացի, ձեռներեց ժողովուրդ ենք։ Դարեր շարունակ պետականություն չենք ունեցել։ Այսօր մեր պետականությունը վերականգնվում է թե՛ ներսում, թե՛ դրսի հետ շփումներում։ Այս գործընթացը հնարավոր չէ՛ կասեցնել։ Ժողովուրդը շարունակելու է սատարել իր վարչապետին, քանզի հենց նրա մեջ է տեսել իր իրական առաջնորդին։ Այնպես որ, համոզված եմ՝ լա՛վ է լինելու։

Մանե Հարությունյան

MediaLab.am