Իշխանական երրորդություն. ինչո՞ւ է կոալիցիան ընտրություններից այսքան շուտ հայտարարություն ստորագրում

Իշխանական երրորդություն. ինչո՞ւ է կոալիցիան ընտրություններից այսքան շուտ հայտարարություն ստորագրում
Իշխանական երրորդություն. ինչո՞ւ է կոալիցիան ընտրություններից այսքան շուտ հայտարարություն ստորագրում

Նախագահական ընտրություններից երկու տարի առաջ թարմացված համաձայնագիրը իշխող կոալիցիայի անդամների միջև, ըստ վերլուծաբանների, նախագահի կողմից ուժերը համախմբելու փորձ էր:
«Գործող նախագահը փորձում է ստեղծել մոնոլիտ համակարգ: Փորձում է կոնսոլիդացնել իրեն շրջապատող ուժերը: Հասկանալ և հստակեցնել, թե ինչ ռեսուրսներ ունի»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Փետրվարի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:

Փաստաթղթում նշվում է, որ արդեն երեք տարի է` Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կազմել են քաղաքական կոալիցիա, որն իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը:

«Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող Նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»,- մասնավորապես ասվում է հայտարարությունում:

Այս համաձայնագրի ստորագրությունն արժանացավ քաղաքական այլ ուժերի խիստ քննադատությանը: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ես այդ համագործակցության մեջ, բացի իշխանության տիրանալու և իշխանությունը միանձնյա տիրելու բարձր նպատակից, ուրիշ նպատակ, որևէ ազգային նպատակ չտեսա»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս հուշագիրը կարելի է դիտարկել առաջիկա ընտրությունները կեղծելու մասին հայտարարություն:

«Սա նշանակում է, որ միջնեկ եղբայրը մեծ եղբորից փոքր է, փոքր եղբայրը միջնեկ եղբորից փոքր է, և փոքր եղբայրը երբեք չի փորձելու ձևանալ միջնեկ եղբորից մեծ, միջնեկ եղբայրը երբեք չի ձևանալու ավագ եղբորից մեծ: Իրար դեմ չեն գործելու, գործելու են մնացածի դեմ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Այս հայտարարության մեջ մեկ այլ նպատակ է տեսնում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Կարող ենք արձանագրել մեր պայքարի արդյունքի որոշակի նոր պտուղներ: Այն է` որ վարչախմբի տապալումների ֆոնին սկսվել է նրա երկու պարագլուխների միջև պայքար այն բանի համար, թե ո´վ պետք է լինի ռեժիմի նախագահության թեկնածուն ապագա ընտրություններում»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Զուրաբյանը:

Նա հիշեցնում է վերջերս հասարակության մեջ շրջանառվող այն լուրերը, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհանգստացած է, որ Սերժ Սարգսյանը ըստ էության «տապալում է ռեժիմի հաստատակամությունը պահելու գործը», ուստի փորձել է ԲՀԿ-ի միջոցով սկսել իշխանությանը վերադառնալու գործընթաց:

«Սակայն Սերժ Սարգսյանին, որն այս պահին տիրապետում է իշխանության լծակներին, հաջողվել է պարտադրել ԲՀԿ-ին ստորագրել նոր կոալիցիոն հուշագիր, որը, ըստ էության, ապահովում է ԲՀԿ-ի աջակցությունը այդ ընտրություններում և համապատասխանաբար ոչնչացնում է Քոչարյանի քաղաքական ծրագրերը»,- ասում է Լևոն Զուրաբյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Ռոբերտ Քոչարյանի անունը չի տալիս: Ըստ նրա` իշխանությունը շտապեց այսքան շուտ նման հուշագիր ստորագրել, քանի որ վերջերս բարձրանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը: Իսկ սա կարող էր լուրջ վնաս հասցնել հանրապետականներին գալիք ընտրությունների ժամանակ:

«Վերջերս «Բարգավաճ Հայաստանի» վարկանիշ բարձրանում էր, և իշխանությունները մտավախություն ունեին, որ բացառված չէ, որ ընտրությունների ժամանակ «Բարգավաճը» խոչընդոտ հանդիսանա: Այս պարագայում իշխանությունների նպատակն էր ստիպել «Բարգավաճին» ճշտել իր դիրքորոշումը և հանդես գալ հստակ կողմնորոշումով: Այսպիսով իշխող կուսակցությունը թուլացրեց «Բարգավաճին»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am