«Սա տիպիկ կոռուպցիա է, երբ պաշտոնատար անձի հետ կապակցված անձինք ստանում են դիվանագիտական անձնագիր»․ Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

– Օրերս ԱԳՆ-ն 254 դիվանագիտական անձնագրեր է չեղարկել։ Ինչի՞ մասին է վկայում այդքան մարդկանց դիվանագիտական անձնագրեր բաժանելը։ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ աջուձախ դիվանագիտական անձնագրեր են բաժանվել:

– Այդ ցուցակը, որ հրապարակվեց լրատվամիջոցներով, ես հպանցիկ եմ նայել։ Այնտեղ խնդիրն այն չէ, որ դիվանագիտական անձնագրեր տրամադրվում են, ասենք, ԱԺ պատգամավորներին, բայց երբ նրանց ընտանիքի անդամներին էլ են նման անձնագրեր տրվել, նաև նախկին պատգամավորներին, դա արդեն ավելի շատ ցույց է տալիս, թե դիվանագիտական անձնագիր տրամադրողը ի՛նչ սկզբունքով է մոտենում այդ կարևոր փաստաթղթի բաշխմանը։ Ըստ էության, դա ոչ թե բխում է այդ մարդկանց կարգավիճակից, այլ թե այդ մարդը ի՛նչ ծառայություն կարող է մատուցել, կամ ակնկալիք կարող էր ունենալ նախկին իշխանությունը։

Բայց երբ տեսնում ենք, որ նաև ընտանիքի անդամներին են տրամադրվել դիվանագիտական անձնագրեր, ստացվում է, որ կարծես թե դիվանագիտական անձնագրերի նշանակությունը փոխվում է և դառնում է պալատի անդամների կարգավիճակին համապատասխան անձնագրերի բաժանում։

Սա օլիգարխիկ կառավարման բովանդակությանը բնորոշ վարքագիծ և մոտեցում է։ Պարզվում է՝ դիվանագիտական անձնագիրը նաև որոշակի արտոնություններ է ենթադրում անձանց համար, որոնք դրա համար իրավական կարգավիճակ չունեն, պաշտոնատար անձ չեն հանդիսանում։ Դա ցույց է տալիս իշխանության իրական բովանդակությունը։ Մենք դրան առնչվեցինք հայտնի Ռոբսոնին ոչ միայն պատվավոր հյուպատոսի, այլ նաև ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդականի պաշտոնում նշանակելու ժամանակ։

– Կարելի՞ է ասել, որ նման անձանց դիվանագիտական անձնագրերի բաշխումը խոսում է իշխանությունների՝ պետության հանդեպ վերաբերմունքի մասին:

– Այո՛, այս փաստով մեկ անգամ ևս բացահայտվում են իշխանությունների արժեքային մոտեցումներն ու սկզբունքները։

– Ճի՞շտ եք համարում, որ բոլոր այդ անձնագրերը չեղարկվում են։

– Որքան հասկանում եմ՝ բացի ԱԺ պատգամավորներից, որոնք իրավունք ունեն այդպիսի անձնագրեր ունենալ, մնացածը, որոնք բացարձակապես առնչություն չունեն և լիազորություն չունեն ներկայացնելու պետությունը, չպետք է ունենան դիվանագիտական անձնագիր, ո՞րն է դրա տրամաբանությունը:

– Ստացվում է, որ տարիներ շարունակ խախտվել է օրե՞նքը:

– Ես, օրինակ՝ չեմ հասկանում, թե ինչո՛ւ պետք է պաշտոնյաների կանայք դիվանագիտական անձնագրեր ունենան: Սա տիպիկ կոռուպցիա է, հովանավորչություն, երբ պաշտոնատար անձի հետ կապակցված անձինք ստանում են դիվանագիտական անձնագիր, որոշակի արտոնություններ: Դիվանագիտական անձնագրեր բաժանելու հիմքում չի եղել պետության շահից բխող տրամաբանություն կամ պետական պաշտոնական գործառույթների արդյունավետ իրականացմանը նպաստող սկզբունքի մոտեցում: Գործել է արտոնություններ շնորհելու սկզբունքը՝ անկախ անձի պաշտոնից: Դրա համար էլ շատերը չունեն պաշտոն, բայց ունեն դիվանագիտական անձնագիր: Եթե խոսքը դեսպանի մասին է, ապա նրա ընտանիքը ևս կարող է դիվանագիտական անձնագիր ունենալ, բայց եթե մարդը պաշտոնատար անձ չէ, նրան ինչո՞ւ պետք է դիվանագիտական անձնագիր տրվի:

– Դուք դրակա՞ն եք համարում, որ այդքան դիվանագիտական անձնագիր է չեղարկվել:

– Դրականի կամ բացասականի մասին չէ: Օրենքը սահմանում է, որ ԱԳ նախարարը, նաև նախկինում ՀՀ նախագահը որոշ դեպքերում, հատուկ կատեգորիաների դեպքում կարող էին դիվանագիտական անձնագրեր տրամադրել: Ուղղակի հիմա վերադառնում է պետական շահերով առաջնորդվելու տրամաբանությունը:

– Հանրության շրջանում աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց, որ չեղարկվում է նաև Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը: Շատերը դա անարդարացի են համարում: Դուք ի՞նչ եք կարծում այդ առումով:

– Ես չեմ հասկանում, թե ո՛րն է եղել դրա նպատակը: Օրինակ՝ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն մեր երկրին բավական մեծ ծառայություններ մատուցած անձնավորություն է: Նա մեծ ներդրում ունի Հայաստանի շահերի սպասարկման, Հայաստանի ճանաչելիության մեծացման առումով, հիմա դա նշանակում է, որ նրան պետք է դիվանագիտական անձնագի՞ր տալ: Դիվանագիտական անձնագրի նշանակությունը դա չէ, դրա նշանակությունը պետք է իր տեղին օգտագործվի:

Հիմա պետք է հիմնավորել, թե ինչո՛ւ են նման անձնագիր տալիս, ոչ թե պետք է հիմնավորվի, թե ինչո՛ւ են այս կամ այն անձից վերցնում: Ես կարող եմ բազմաթիվ հայազգի գիտնականների նշել, որոնք արտասահմանում բավական ճանաչելի են դարձնում Հայաստանը, բոլորին դիվանագիտական անձնագի՞ր են տրամադրելու:

Գիտնականներ կան, նկարիչներ կան, ստեղծագործողներ կան, բոլորին տրամադրե՞լ են, թե՞ ըստ ճաշակի են տվել: Այդ ցուցակում բոլորը չկան: Բնականաբար, ընտրողական մոտեցում է եղել: Բայց եթե ինչ-որ մեկի նկատմամբ դա հիմնավոր չի եղել, դա չի նշանակում, որ բոլորի նկատմամբ պետք է ոչ հիմնավոր լիներ:

Մանե Հարությունյան

MediaLab.am