Իրան-Հայաստան չեղարկված տոմսեր, դատարկված օդանավեր, «խաղաղված» պատվաստվման շրջիկ կետեր. «Հազիվ գլուխներս հանգստացել է»

Լուսանկարը՝ Տիգրան Դավուդյան

Երևանի կենտրոնում տեղակայված կորոնավիրուսի պատվաստման շրջիկ կետում հանգիստ է։ Բուժաշխատողները հանգիստ զրուցում են, շրջակայքում ոչ մի սպասող չկա։ Թվում է, թե շուրջ երկու շաբաթ առաջ անվերջ, բազմամարդ հերթերը, քնապարկերը, լարվածությունն այս տարածքում չեն եղել։ 

«Պատվաստվողները շատ չեն,- «Մեդիալաբին» ասում են երկրորդ թեժ կետում՝ Երևանի կենտրոնում գտնվող պոլիկլինկայի աշխատակիցները,- մեր միջանցքներով չէինք կարողանում տեղաշարժվել, դռների մոտ հսկայական կուտակումներ էին, հազիվ գլուխներս հանգստացել է»։ 

Եթե մինչև հուլիսի 15-ը Իրան-Հայաստան սահմանին և մայրաքաղաքում գործող պատվաստման շրջիկ կետերում նկատվում էին բազմաթիվ հերթեր ու աշխուժություն, իրանցիները գիշերում էին Երևանի փողոցներում՝ պատվաստման իրենց հերթը բաց չթողնելու համար, ապա այսօր լրիվ այլ պատկեր է: 

Առողջապահության նախարարության որոշումը, որն ուժի մեջ մտավ հուլիսի 15-ին, ինչպեսև ենթադրվում էր, անհամեմատ նվազեցրել է COVID-19-ի դեմ պատվաստվելու նպատակով Հայաստան ժամանողների, մասնավորապես, իրանցիների թիվը:

Մինչև որոշման ուժի մեջ մտնելը՝ շատերն էին ահազանգում, որ այն մեծ հարված կհասցնի Հայաստանին թե՛ զբոսաշրջության, թե՛ տնտեսական տեսանկյունից, քանի որ իրանցիների համար ծախսերը կրկնապատկվում են, և ոչ ոք իրեն նման ճոխություն թույլ տալ չէր կարող:

«Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը «Մեդիալաբին» ասում է, որ ինչպես արդեն ասել էին, նախապես ամրագրված բոլոր փաթեթներն իրանցիները չեղարկել են, որից հետո նոր ամրագրումներ չեն արել:

«Տասը օրով ամրագրում փաստացի չկա, իսկ բոլոր ամրագրումները, որոնք մինչ այդ որոշումը կային, չեղարկվեցին: Հնարավոր է, որ լինեն ամրագրումներ, բայց այն հոսքը, որ կար նախկինում, այժմ չկա»,- ասում է Արամ Բլեյանը:

Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իրանցիների հոսք դեպի Հայաստան գրեթե չկա, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ մարդիկ Հայաստան էին գալիս հիմնականում պատվաստվելու նպատակով:

«Եթե պատվաստման կարգի մեջ փոփոխություն է մտցվում, որից հետո փաթեթները չեղարկվում են՝ պարզ է, որ մարդիկ գալիս էին պատվաստվելու նպատակով, ոչ թե միայն հանգստի»,- ասում է տուրիստական ընկերության հիմնադիրը:

Չեղարկումների մասին է խոսում նաև Իրան-Հայաստան թռիչքներ իրականացնող «Արմենիա էյրվեյզ» ընկերության ամրագրումների բաժնի ներկայացուցիչ Լուսինե Ենգիբարյանը։ 

Ենգիբարյանը նշում է, որ մինչ առողջապահության նախարարության հուլիսի 15-ի որոշումը օդանավերը թռչում էին մինչև 98 տոկոս ծանրաբեռնվածությամբ։ Նա նշում է, որ իրանցիները մշտապես եկել են Հայաստան, բայց հիմնականում՝ Նովրուզը նշելու և նաև ամռան հանգիստը կազմակերպելու համար։ Սակայն չի հիշում, որ երբևէ նման մեծ հոսք լիներ, որը նա բացառապես պայմանավորում է COVID-19-ի դեմ պատվաստման ցանկությամբ։ Ենգիբարյանը նշում է, որ հիմա էլ թռիչքներ կան, սակայն Հայաստան շտապողների թիվն անհամեմատ նվազել է։ 

«Թեհրան-Երևան և հակառակ ուղղությամբ թռչող օդանավում դատարկ տեղեր չեն եղել։ Լիքը գնում, լիքը գալիս էր։ Արդեն 15-ից հետո, երբ որոշումն ուժի մեջ մտավ, մինչ այդ էլ լուրերը տարածվեցին, թռիչքների դինամիկան նվազեց, անընդհատ տոմսերը չեղարկվում էին, ի դեպ, մինչև հիմա էլ շարունակվում է տոմսերի չեղարկման գործընթացը, ովքեր նախապես ամրագրել էին»,- «Մեդիալաբի» ասում է Լուսինե Ենգիբարյանը։ 

Իրանագետ Տիգրան Դավուդյանը, բացի առողջապահության նախարարության որոշումից, իրանցիների հոսքի նվազման պատճառ է համարում նաև այն, որ Իրանն արդեն կարողանում է դրսից մեծ քանակությամբ պատվաստանյութ ապահովել իր քաղաքացիների համար ու նաև այն, որ Իրանի ազգային դրամը շատ արժեզրկված է:

«Չնայած իմ նշած հանգամանքներին, այնուամենայնիվ, իրանցիները կգային Հայաստան, եթե չլիներ նախարարության այս որոշումը, որովհետև 4-5 օրը նորմալ էր նրանց համար: Պատվաստվող իրանցիները նշում են նաև, որ գործընթացն այդ տասը օրով չի վերջանում. պատվաստումից հետո ևս երեք օր իրենք ստիպված են սպասել, որ այդ QR կոդը վերցնեն, որովհետև ոմանք Եվրոպա կամ ԱՄՆ ճամփորդելու նպատակ ունեն»,- ասում է իրանագետը:

Դավուդյանը նշում է, որ իրանցիների ներկայությունը հայկական տուրիզմի համար օգնություն էր, որից Հայաստանը զրկվեց: Իրանագետը դժվարանում է ասել՝ կա՞ անհրաժեշտություն այս որոշումը վերանայելու, թե՞ ոչ՝ հղում կատարելով նախարարի պաշտոնակատար Ավանեսյանի այն խոսքին, որ մեր ունեցած պատվաստանյութի քանակն էլ պետք է նկատի ունենանք:

«Չպետք է այնպես ստացվի, որ մեր պատվաստանյութն առատորեն օգտագործենք օտարերկրացիների համար, իսկ մեր քաղաքացիների պարագայում խնդրի առաջ կանգնենք: Օրինակ՝ ես պատվաստման առաջին փուլն անցել եմ և որոշ ժամանակ հետո երկրորդ փուլը պիտի անցնեմ, իսկ պետությունը պարտավոր է ինձ սպասարկել, հետևաբար պետք է հաշվի առնի իր ունեցած պաշարները նախևառաջ իր քաղաքացիներին տրամադրելու համար, ապա նոր միայն՝ օտարերկրացիներին»,- ասում է իրանագետը:

Տիգրան Դավուդյանի խոսքով՝ Թուրքիան պատրաստվում է ցամաքային սահմանը բացել, իսկ այդ պարագայում իրանցիներն ավելի հեշտությամբ կգնան Թուրքիա՝ պատվաստվելու նպատակով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am