«Իրականում սա Նիկոլ Փաշինյանն ինքն իր համար է անում. պատերազմը մամուլի նկատմամբ շարունակվում է». Սաթիկ Սեյրանյանը՝ աղմկահարույց նախագծի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը

– Տիկի՛ն Սեյրանյան, Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկեց և ընդունեց Քրեական օրենսգրքում լրացում կատարելու, Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Այս փոփոխություններով առաջարկվում է քրեականացնել ծանր վիրավորանքը՝ հայհոյանքը։ Ի՞նչ կարծիք ունեք այս փոփոխությունների վերաբերյալ, արդյոք մտահոգվելու առիթ կա՞, թե՞ ոչ։

– Ի դեպ, սա այն նույն նորմն է, որը լրագրողներիս պայքարի արդյունքում ապաքրեականացվեց, և նույն Նիկոլ Փաշինյանը և իր լրատվամիջոցը նույնպես պայքարում էր։ Սակայն պատերազմը շարունակվում է մամուլի նկատմամբ՝ ամբողջ գործիքակազմով կիրառվելով։

Ես լսում էի ելույթները և զարմանում էի, որ խոսում էին մարդիկ, որոնք տուրք են տվել այդ ամբողջ հայհոյանքին, հեղափոխությունից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ հնչեցնելով սովորական մարդկանց, քաղաքական գործիչների հասցեին, նրանց ընտանիքների անդամների, երեխաների հասցեին, լրագրողների հասցեին, հայհոյանքների և սպառնալիքների «արկղը» իրենք են բացել և ամբողջ գործիքակազմը կիրառել բոլորի նկատմամբ, և հիմա մոտ 10 մլն տույժ ու տուգանք են սահմանում։ Եվ սա լրատվամիջոցների դեմ է կիրառվելու։

Իրականում սա Նիկոլ Փաշինյանն ինքն իր համար է անում։ Ավելի լավ կլինի՝ իրենք հետևեն իրենց բառապաշարին և իրենց իրական դեմքերով մարդկանց հասցեին հնչող սպառնալիքներին և հայհոյանքներին, ինչպես նաև այն ամբողջ ֆեյքաբուծարաններին։

Ես չեմ կարծում՝ նրանք կարողանալու են դրա դեմ պայքարել։ Եվ մենք հիմա, ուսումնասիրելով միջազգային նորմերը, մեր հայտարարությունը կանենք։ Այսինքն՝ այն, ինչի դեմ ինքը պայքարում էր և ապաքրեականացվեց, հիմա հետ է շրջում, քրեականացնում է։ Սա քաղաքական նպատակով արվող քայլ է։

– Ուզում եք ասել՝ իշխանությունն ինքնապաշտպանվո՞ւմ է այսպիսի փոփոխություններով։

– Այո՛, բայց այդ մեթոդներով այդ գործիքակազմը կիրառում է ցանկացածի հասցեին։ Մուրճ ճոճելու և սպառնալիքներ հնչեցնելու և Աղայանի բառարանում տեղ գտած ինչ-որ բառ գործածելու միջև մե՞ծ տարբերություն կա։

Կոնկրետ մարդկանց հասցեին սպառնալիքներ հնչեցնելը և հայհոյելը ինչով են տարբերվում իրարից, այսինքն՝ իրենց ֆեյքերին կարելի է, ամբողջ պետական միջոցները դրած իրենց ֆեյքաբուծարաններով գեներացնում են հայհոյանքը և ատելության մթնոլորտը, և հիմա իրենք օրենքով ուզում են քրեականացնել։ Նիկոլ Փաշինյանի մոտ հիշողության մթնագնում է տեղի ունենում։

– Օրինակ՝ եթե նախորդ իշխանություններին նման հայհոյանքներ ուղղեին, ի՞նչ կլիներ, ի՞նչ քայլեր նրանք կանեին։

– Հենց դրա համար եմ ասում՝ մենք պայքարեցինք, և դա ապաքրեականացվեց, և՛ թե ինքը, թե՛ իր կինը և թե՛ իրենց լրատվամիջոցն այդ պայքարողների շարքում էին։ Հենց իրենց պետք է՝ կիրառում են, հենց պետք է՝ հայհոյում են, հետո երբ հասկանում են, որ այդ ատելության մթնոլորտը, որը հենց իրենք են սերմանել, վտանգավորության չափերի է հասնում, սկսում են 10 միլիոն դրամի պատժաչա՞փ սահմանել։

Սա որևէ լրատվամիջոցի, որևէ մեկի համար, հաշվի առնելով երկրի սոցիալական վիճակը, դա ինչ պատժաչափ է։ Իրենք են գեներացրել այս ատելության մթնոլորտը, հայհոյանքի բառապաշարը ներմուծել և՛ հասարակական, և՛ քաղաքական կյանք, և՛ մարդկային փոխհարաբերություններ։

Առաջինը պետք է սկսեն իրենցից, պետք է օրինակ ծառայեն հասարակության համար։ Այդտեղ ելույթ ունեցողների մեծ մասը և՛ հայհոյանքներով գրառումներ է կատարում, և՛ սպառնալիքներ հնչեցնում։ Եվ հիմա այսպիսի պատժամիջոցներ կիրառելով՝ փորձում են ազատ խոսքը լռեցնել։ Եվ սա արվում է այն դեպքում, երբ սահմանին գրեթե ամենօրյա կտրվածքով զոհեր ենք ունենում, և անվտանգային այսպիսի հրատապ լուծում պահանջող հարցերի պայմաններում նստած հայհոյանքի դեմ պայքարի օրե՞նք են մշակում։

– Ընդհանրապես, ինչպե՞ս պետք է զսպվեր ատելությունը։

– Նախ՝ միջազգային օրենքներով կարգավորվում է դաշտը, այդ թվում նաև՝ սոցիալական հարթակներում։ Առաջին պայմանն այն է, որ ինքը՝ իշխանություն ունեցողը, չպետք է նման բառապաշարի դիմի, սա դատապարտելի է։ Չեմ կարող ես ինչ-որ օրենք հաստատել և առաջինը ես լինել խախտողը, դա անհնար է։ Միգուցե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության մե՞ջ նման կետ ներառի, որ հասարակության առանձին անդամների նկատմամբ նման բաներ չկիրառեն։

Այս մթնոլորտը իրենք են ստեղծել, երբեք հայհոյանքը մամուլ չէր մտել, այս բառապաշարը երբեք մամուլում չէր եղել, հասարակական հարաբերություններում նման բառապաշարը տեղ չուներ։ Կար փողոցի լեզու, կար մամուլի լեզու, կար քաղաքական լեզու։ Ավելին, եթե հանկարծ ԱԺ-ում որևէ մեկը իրեն նման բան էր թույլ տալիս, դատապարտում էինք, իսկ հիմա հերոսացնում են։ Սասուն Միքայելյանը հերոս է դարձել, Շիշ Բռնողի պահվածքը հերոսություն է համարվում, նախկինում դատապարտելի էր։

– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ խստացվել են ԱԺ մուտք գործելու անվտանգության միջոցառումները, սահմանափակվելու է ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժը։

– Սա ազատ խոսքի ոտնահարում է, իրենք խուսափում են լրագրողների հարցերին պատասխանելուց, դիմում են սահմանափակումների։ Իրենք էդպես են, ժամանակին ասում էին՝ կառավարության նիստերը պետք է բաց անել, իսկ հիմա տեսեք՝ ինչ է կատարվում, հիմնական չզեկուցվող հարցերը գերակշիռ թիվ են կազմում, լրագրողը չի կարողանում իր տեղեկատվությունը ճշտել, սահմանափակվում է լրագրողների աշխատանքը, և սա ՄԻՊ-ի քննարկման առարկա պետք է դառնա։ Խախտվում են բոլոր իրավունքները։

Մանե Հարությունյան

MediaLab.am