«Նիկոլ՝ վարչապե՞տ», թե՞ «Սերժիկ՝ նախագահ»

«Նիկոլ՝ վարչապե՞տ», թե՞ «Սերժիկ՝ նախագահ»
«Նիկոլ՝ վարչապե՞տ», թե՞ «Սերժիկ՝ նախագահ»

«Իմ քայլը» քարոզարշավի ընթացքում մարդամեջ դուրս կգա «Նիկոլ, վարչապետ» կարգախոսով: Հայտնի է, որ նախընտրական կարգախոսը լավ կյանքի խոստում է: Դիցուք, ԲՀԿ-ն ասում է՝ մեր խոսքը գործ է, ու դու գիտես, որ դա քեզ չի վերաբերում: Որովհետև, երբ այն ժամանակ ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին քվոտա էր տալիս իր խոսքը գործ դարձնելու, դրանից երկիրը ոչինչ չէր շահում, մարդը բարեգործ էր, վճարում էր քիչ հարկեր ու յուրացրածի մի մասով ողորմում էր էս կյանքից այլ սպասելիք չունեցող մարդկանց:

Նախընտրական կարգախոսը մի քիչ ուրիշ բան է:

Ինքը երկու բառանոց ծրագիր է՝ այնպես, որ մարդիկ դրա մեջ տեսնեն կյանքի լավացման նշանները:

«Նիկոլ, վարչապետ»: Սա կռիվ է ուրվականի հետ: Այդ ուրվականը ՀՀԿ-ն է, որը մեռած է, թաղած չէ: Առաջիկա հինգ տարում մենք ունենալո՞ւ ենք նման կռիվ:

«Նիկոլ, վարչապետը» ամբողջ հինգ տարվա խոստո՞ւմն է, թե՝ սոսկ պահի, որ ՀՀԿ-ն հանկարծ չվերադառնա: Դաշինքի ուղեղները հինգ տարվա համար մեզ խոստանում են մի բան, որ կարող են ստանալ մեկ ընտրությամբ: Մտածելու բան է: Որպես նախընտրական խոստում դա նույնիսկ այս պահին է իրականացված:

Ինչո՞ւ «Նիկոլ, վարչապետ»: Որովհետև նա մարմնավորում է այն ամենը, որը գրվելու է դաշինքի ծրագրո՞ւմ: Այն ամենը, որոնք ասվելու են նախընտրական քարոզարշավի ժամանա՞կ: Ինձ ճի՛շտ հասկացեք:

«Նիկոլ, վարչապետ»-ը կարգախոս էր նաև այս տարվա ապրիլի 30-ին, երբ հաջորդ օրը կար արդարացված վտանգ, որ խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունը խանգարելու է նրա ընտրությանը: Իսկ հիմա ի՞նչն է խանգարում:

Կարգախոսը, ըստ իս, պետք է նման լինի հռչակավոր «Այն նույն Մյունհաուզենը» կինոնկարում բարոնի օրվա ռեժիմին.

«Ժամը 7-ին՝ ցրել ամպերը, կազմակերպել լավ եղանակ: Ժամը 8-10-ը՝ սխրանք»: Բարոն Մյունհաուզենը իր օրագրում նշում է հաջորդ օրվա անելիքը: Ինքն իրեն չի զարմացնում սխրանքով, ինքը գիտի, որ ամպերը ցրելու է, սխրանքն անելու է: Բայց մյուսներն օրագրի այդ տողերը կարդալով աչքերին չեն հավատում, որ այդ ամենը հենց գրված է: Իսկ բարոնը ստախոս չէ, բարոնի «խոսքը գործ է», որի մասին ինքը լռում է: Բայց լինելու է և՛ ամպերի ցրումը, և՛ սխրանքը: Մեր դեպքում՝ Նիկոլն արդեն կա, վարչապետությունն էլ հինգ պակաս է: Ոչ ոք չի կասկածում, որ «Իմ քայլը» հաղթելու է ընտրություններում:

Միաժամանակ, ոչ ոք չի պնդի, չէ՞, որ դաշինքի հաղթելուց հետո խորհրդարանը վարչապետի թեկնածու է առաջադրելու, ասենք, Էդուարդ Շարմազանովին, կամ, եթե հավատարիմ մնանք Սահմանադրության տառին՝ Լենա Նազարյանին: Ամպերը ցրվեցին արտահերթ ընտրություններով: Ո՞ւր է սխրանքը:

Պարզ է, որ Նիկոլն է լինելու վարչապետ: Պետք է տեսիլք խոստանալ ընտրողին: Պարզ է, որ հենց այդ տեսիլքը քվե բերող չէ, ընտրողը դեռ պետք է ծրագրեր լսի, ընտրողը ծանրութեթև անելու բազմաթիվ գաղափարներ պետք է լսի ու մարսի:

Գուցե «Նիկոլ, վարչապետ» կարգախոսի տողատակում խոստումն է, որ հաջորդ հինգ տարիներին ամեն ինչի պատասխանատուն մեկ հոգի է, և այդ մեկն այլևս դու չես, դու չես, դու չես, Նիկոլ Փաշինյանն է:

183 հոգի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով հավակնում է մտնել խորհրդարան՝ ապագա հինգ տարիների ամբողջ պատասխանատվությունն էս գլխից դնելով մեկ մարդու ուսերի՞ն: Դարձյալ մտածելու բան է: Բայց մենք այսօր հեղափոխության արժեքների տեղը գիտենք:

Չարժե՞ր գրել մի կարգախոս, որով ընտրողը կենթադրեր, որ հաջորդ փուլում ևս ինքը ինչ-որ մի բան է ավելացնելու այդ արժեքներին: Թե՞ Նիկոլն այսուհետև մեր ամեն ինչն է: Ինչու՞ ընտրել մի կարգախոս, որը հետագայում սրելու է ընտրողի մեղքի զգացումը, եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չեղավ: Եթե Նիկոլը հետագա մեր ամբողջ հինգ տարին է ըստ իշխող կուսակցության, ապա որտե՞ղ է մեր սխալվելու իրավունքը, և որտե՞ղ է «Իմ քայլի» պատասխանատվության բաժինը:

«Նիկոլ, վարչապետ»-ն իմաստ կունենար հանրաքվեի պարագայում՝ «Նիկոլ՝ վարչապե՞տ», թե՞ «Սերժիկ՝ նախագահ»:

Մհեր Արշակյան

MediaLab.am