Արցախի հարցերից ձեռքերը լվանալու իշխանության մոտեցումը նոր ողբերգություն է հարուցում Արցախի ու Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

– Պարո՛ն Աբրահամյան, Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական խմբակցությունները Արցախի Հանրապետությունում էին: Կխնդրեմ՝ մի փոքր մանրամասներ ներկայացնեք արցախյան այցից, ունեցած հանդիպումներից:

– Կոնկրետ «Պատիվ ունեմ» խմբակցությունը մասնակցել է Արցախի խորհրդարանում տեղի ունեցած կարճ միջոցառմանը, որտեղ մեր խմբակցության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում արտահայտել է նաև մեր խմբակցության դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի կարգավորման և, առհասարակ, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բայց պաշտոնական մյուս արարողություններին, որտեղ ներկայացված են եղել Հայաստանի և Արցախի իշխանությունները ներկայացնող խմբակցությունները, մենք չենք մասնակցել: 

Տեղում հանդիպումներ ենք ունեցել Արցախի ընդդիմադիր երեք ուժերի հետ, որի առանցքում եղել է Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակը, Հայաստանի իշխանությունների անգործությունը կամ վարած քաղաքականությունը, որի հետևանքով պատերազմում ունեցանք այսպիսի ողբերգալի ավարտ, և դրան հաջորդած իրադարձություններն էլ, ըստ էության, Հայաստանի և Արցախի դեմ են աշխատում: 

Մեր գործընկերների հետ քննարկել ենք նաև Հայաստանի խորհրդարանում մեր ներկայացրած նախաձեռնության հետ կապված հարցեր, օրինակ՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման, որը Հայաստանի իշխանությունները վիժեցրին: Իհարկե, Հայաստանի իշխանությունն ինքնին մերժելու է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել և՛ Արցախի իրավիճակի կայունացմանը, և՛ երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Այս տեսանկյունից ոչ միայն այս խորհրդանշական օրերին, այլև հետպատերազմյան փուլում Հայաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի Արցախ չայցելելը խոսում է այս իշխանությունների՝ Արցախի հարցով վարվող իրական քաղաքականության մասին՝ անտարբերություն: Արցախի հետ կապված հարցերից ձեռքերը լվանալու այս մոտեցումը, իրականում, հասկանալի է, որ նոր ողբերգություն է հարուցում Արցախի ու Հայաստանի համար:

– Պաշտոնական արարողակարգերին «Պատիվ ունեմ» խմբակցության չմասնակցելու պատճառը կասե՞ք:

– Սկսած ձևաչափերից, վերջացրած նրանով, որ ուղղակի անիմաստ ենք համարել նստել, քննարկել, աշխատանքային ճաշ ունենալ այն մարդկանց հետ, որոնք իրականում չեն աշխատում հանուն Արցախի: Կան որոշակի պարտադիր արարողակարգեր, օրինակ՝ եղբայրական գերեզմանոց այցելել և այլն, մենք դա արել ենք, բայց՝ առանձին, մեր խմբակցության կազմով: 

Հանդիպումների առումով էլ իմաստ չենք տեսել Արցախի իշխող ուժի կամ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել, որովհետև այն, ինչ թելադրվում է Հայաստանից՝ անկախ հանգամանքից, դա Արցախի համար ինչ ելք կունենա, իրականացնում են: Եթե շատ դեպքերում հաշվի ենք առնում Արցախում ստեղծված ծանր իրավիճակը և Արցախի իշխանությունների քննադատությամբ հաճախ հանդես չենք գալիս, բնավ չի վկայում, թե համաձայն ենք կամ կիսում ենք նրանց մոտեցումները: Այդ պատճառով էլ նպատակահարմար չենք համարել խոսել կամ ինչ-որ բան քննարկել նրանց հետ:

 – Պարո՛ն Աբրահամյան, փաստորեն Արցախի ու Հայաստանի իշխանությունները միևնույն քաղաքականությո՞ւնն են վարում Արցախի մասով:

– Միանշանակ, դա տեսանելի էր նաև նրանց հանդիպումներից, քննարկման տրամաբանությունից և այլն: Պատահական չէր նաև, որ ընտրությունների քննարկման օրը Արցախի նախագահը եկել էր ՔՊ ընտրական շտաբ, ինչը խիստ դատապարտելի էր: Անընդունելի է Հայաստանի իշխանությունների ընդհանուր խաղի կանոններով շարժվելը, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շախերից:

 – Իսկ դա ինչի՞ կարող է հանգեցնել, եթե, ինչպես ասում եք, Արցախի իշխանությունն էլ չի գործում՝ Արցախի շահերից ելնելով:

– Բնական է, որ լավատեսություն այս գործընթացներում արդեն դժվար է ակնկալել, իհարկե մեր պայքարի գլխավոր քաղաքական ուղղությունը այս իշխանություններին հեռացնելն է կամ մինչև դրան հասնելը այս իշխանությունների սանձարձակությունը զսպելը: Այս տեսանկյունից նաև Արցախում քաղաքական արմատական փոփոխությունները տեսնում եմ Հայաստանի հետ փոխկապակցվածության մեջ:

– Պարո՛ն Աբրահամյան, իսկ Արցախի նախագահի, իշխող խմբակցության կողմից Հայաստանի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ցանկություն, հրավեր եղե՞լ են:

– Որքանով տեղյակ եմ, այդ միջոցառումների ժամանակ եղել է նաև դրա հետ կապված քննարկում, բայց մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ էր, և, կարծում եմ, որ հետագայում նրանք նաև այդ մասով անհրաժեշտություն չեն տեսել: Իրականում քննարկելու բան էլ չի եղել, որովհետև իրենց մոտեցումները պարզ են, մեր դիրքորոշումներն էլ՝ շատ հստակ, այս տեսանկյունից ուղղակի միայն լուսանկարվելու կամ ինչ-որ արարողակարգային հանդիպումների անհրաժեշտություն չեմ տեսնում: Մեր բոլոր հանդիպումները, որոնք ունեցել ենք Արցախում՝ խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերի, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի, նաև Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակայնի հետ, եղել են առարկայական դաշտում, որևէ ուժի կամ գործչի հետ ձևական հանդիպումներ չենք անում:

– Իսկ ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի նախկին նախագահի դիրքորոշումն ինչպիսի՞ն էր:

– Երբ նա համարի, որ անհրաժեշտություն կա այս իրավիճակի կամ այս փուլի հետ կապված գնահատականներ հնչեցնելու, կհնչեցնի: Այս պահին նպատակահարմար չեմ համարում այդ մասը հանրայնացնել:

– Իսկ Արցախի անվտանգային մասով ի՞նչ իրավիճակ է, որքանո՞վ է արցախցու անվտանգությունն այսօր ապահովված:

– Բնականաբար, անվտանգության ապահովման հարցում բավական մեծ դերակատարություն ունի Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, որը Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ իրականացնում է արցախցիների անվտանգությունը, ինչը չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները այս իրավիճակում պետք է մի կողմ քաշվեն, ինչը նրանք անում են: 

Բայց Արցախի կարգավիճակի հարցն այսօր ցավալիորեն շարունակում է օդում կախված մնալ: Հայաստանի իշխանությունը ջանք չի գործադրում այն առաջնային օրակարգ բերելու համար, և ամենամեծ խնդիրն այսօր դա է, որովհետև մարդիկ ունեն որոշակիության, իրենց ապագայի հետ կապված հստակեցումների կարիք, ինչը չկա:

– Պարո՛ն Աբրահամյան, այս ընթացքում հանրությունը, որոշ շրջանակներ ընդդիմությանը մեղադրում են նրա համար, որ փոխանակ իշխանության հետ համագործակցեն, միասին այս դժվարին իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրեն, չեն համախմբվում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մեղադրանքներին, և արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ ամեն դեպքում հանդիպեիք Արցախի իշխանության հետ, ձեր դիրքորոշումներն արտահայտեիք:

– Իսկ ինչ է, մենք մեր դիրքորոշումները չե՞նք արտահայտում: Մենք մեր ասելիքը գիտենք, հնչեցնում ենք, դա երկու պետությունների իշխանության համար էլ նորություն չէ: Դիրքորոշումների արտահայտման տարբեր ամբիոններ կան, որոնք մենք օգտագործել և օգտագործում ենք: Քննարկումների համար էլ ունենք մեկ ձևաչափ, որը խորհրդարանն է, որտեղ այս փուլում, ոչ շատ արդյունավետ, բայց տեղի են ունենում քննարկումներ, բայց իշխանության և ընդդիմության դիրքորոշումները մեր երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ կտրուկ տարբերվում են: 

Իշխանությունն անգործության է ենթարկել բոլոր այն կառույցները, որոնք պետք է զբաղվեն մեր երկրի անվտանգության, կայունության ապահովմամբ, և այս տեսանկյունից իշխանությունը որևէ ձևով չի կիսում ընդդիմության ներկայացրած առաջարկներն ու քննադատությունները, և չեմ կարծում, թե նրանց հետ առանձին նստելու, քննարկելու ինչ-որ առիթ կա: Արցախի իշխանությունների մասով արդեն ասացի, որ վարվում են այնպես, ինչպես թելադրում են Հայաստանից: Այս պարագայում լրիվ անիմաստ է նստել ու խոսել ինչ-որ բանից, դրա համար եմ ասում, որ խնդիրների լուծումը պետք է լինի Հայաստանում անհրաժեշտ քաղաքական փոփոխություններից հետո:

– Պարո՛ն Աբրահամյան, իսկ այդ, ըստ ձեզ, անհրաժեշտ քաղաքական փոփոխությունները ե՞րբ են հնարավոր, ու բացառու՞մ եք, որ մինչև դրանք տեղի ունենան, ինչպես ասում են՝ բանը բանից արդեն անցած կլինի:

– Ընդդիմությունը փորձում է օգտվել իրեն հասանելի ու հնարավոր և անհնար բոլոր միջոցներից՝ երկրում իրավիճակ փոխելու առումով, սա այս պահին կախված չէ միայն մեզանից, անհրաժեշտ է նաև հանրության հետ արդյունավետ աշխատանք տանել ու եղածը ներկայացնել՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելու համար:

Այս կոնֆիգուրացիայի խորհրդարանն ինքնին հնարավորություն չի տալիս լուծելու մեր երկրի առաջ ծառացած առաջնահերթությունները, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է համակերպվենք ստեղծված իրավիճակի հետ և փորձենք տեղավորվել իշխանական խաղի կանոններում: Դրա համար էլ այս փուլում կա երկու գլխավոր նպատակ՝ շատ կարճ ժամանակում հասնել այս իշխանության հեռացմանը, երկրորդ՝ անել ամեն բան՝ կանխելու այս իշխանությունների սանձարձակությունը և Հայաստանի դեմ ծավալվող նոր սպառնալիքների գոյացումը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am