Վարուժան Ավետիսյանի կյանքին լրջագույն վտանգ է սպառնում, իսկ դատարանը միտումնավոր խոչընդոտում է արտասահմանում բուժվելու նրա իրավունքը․ փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը

– Պարո՛ն Շուշանյան, ձեր պաշտպանյալ, «Ազգային-ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի՝ արտասահմանում հետազոտվելու և բուժում ստանալու նպատակով ձեր ներկայացրած միջնորդությունը դատարանը մերժել է։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք՝ ինչի՞ մասին է խոսքն ու ի՞նչ պատճառաբանությամբ է դիմումը մերժվել։

– Պարոն Ավետիսյանի մոտ առողջական խնդիրն առաջացել է դեռևս 2014 թվականին։ «Էրեբունի» հիվանդանոցում են սկզբում հետազոտել, այնուհետև այս տարվա մեջ երկու անգամ պարոն Ավետիսյանի առողջական վիճակը վատացավ, նկատելի էր ավելի ծանր հիվանդության ընթացք։ 

Ամեն անգամ 2-3 շաբաթ գտնվել է ստացիոնար բուժման մեջ։ Տեղի բժիշկներն ասել են, որ պետք է համակողմանի հետազոտություններ անցկացվեն, որպեսզի հայտնաբերվի հիվանդության առաջացման պատճառն, ու, ըստ այդմ, նշանակվի համապատասխան բուժում։ 

Հայաստանում տարբեր հիվանդանոցներում հնարավոր չեղավ պարզել հիվանդոության առաջացման պատճառը, և բժիշկներն ասացին, որ անհրաժեշտություն կա արտերկրում անցնել հետազոտություն։ 

Պարոն Ավետիսյանը կապ հաստատեց Գերմանիայում գործող մի կլինիկայի հետ, իր հիվանդության պատմությունն ուղարկեց, և այդ կլինիկան պատրաստակամություն է հայտնել հետազոտել պարոն Ավետիսյանին։

Սույն թվականի օգոստոսի 27-ին ես գրավոր միջնորդություն ներկայացրեցի վերաքննիչ դատարան, որպեսզի դատարանը թույլատրի Վարուժան Ավետիսյանին՝ հետազոտությունների և բուժում ստանալու նպատակով մեկնել Գերմանիա։ 

Մեկնելու նպատակով վերադարձնել նրա անձնագիրը, որը 2016 թվականից գտնվում է իրավապահ մարմինների մոտ, նոր անձնագիր ստանալու անհրաժեշտության դեպքում չխոչընդոտել։ 

Սեպտեմբերի 2-ին նշանակված էր գործով հերթական դատական նիստը, որի սկզբում նախագահող դատավոր Տիգրան Սահակյանն ասաց, որ դատարանը որոշել է միջնորդության քննարկումը հետաձգել։ 

Առարկեցի և պնդեցի, որ դա պետք է հրատապ քննության ենթարկեն, որովհետև խոսքը մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի մասին է, բայց դատավորը տարօրինակ ու անհեթեթ երկու հանգամանք ներկայացրեց։ 

Առաջինը՝ որ իրենք որոշել են, թե վերաքննիչ դատարանում ինչ հերթականությամբ գործը պետք է ընթանա, սա ուղղակի ծայրից ծայր անհեթեթ պատճառաբանություն է, իսկ երկրորդը, որն արդեն զավեշտի ժանրից է, ասաց, որ պարոն Ավետիսյանը գտնվում է ազատության մեջ, և նրան ոչ ոք չի խանգարում բուժում ստանալ։ 

– Բայց ձեր պաշտպանյալը բուժումը պետք է արտերկրում ստանա, ինչի համար նրան անձնագիր ու դատարանի թույլտվություն են պետք։

– Այո՛, այդ պատճառով էլ ես դատավորին հարցրեցի, թե արդյոք ծանոթացե՞լ է իմ ներկայացրած միջնորդության բովանդակությանը։ Նա ասաց, թե ծանոթ է, ու հրաժարվեց հրատապ քննության առարկա դարձնել այդ միջնորդությունը՝ նշելով, որ իրենք արդեն որոշումը կայացրել են ու հետաձգել են միջնորդության քննությունը։

– Իսկ միջնորդության քննության հստակ օր ասե՞լ են։

-Ո՛չ, չի ասել, նրանց տրամաբանությամբ՝ դա կարող է լինել բոլոր վերաքննիչ բողոքները ներկայացնելուց հետո, իսկ այդ պահին վերաքննիչ բողոք ներկայացրել էր միայն դատախազը, իսկ պաշտպանների կողմից բազմաթիվ բողոքներ են ներկայացվել։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 1-ին։ Այսինքն՝ եթե այս տեմպերով գործի քննությունը գնա, չի բացառվում, որ նույնիսկ այս տարվա ընթացքում այդ գործի քննությունը չավարտվի։ 

Իրավական ձևակերպմամբ՝ գործ ունենք Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող պարտավորությունների՝ պետության կողմից չկատարման հետ։ Այսինքն՝ պետությունը հրաժարվում է իր պարտավորությունները կատարել, քանի որ մենք պնդում ենք և համապատասխան փաստաթղթերով հիմնավորում, որ Վարուժան Ավետիսյանի կյանքին իրական սպառնալիք կա, և այս դեպքում եթե պետության բուժհաստատությունները չեն կարողանում պարզել հիվանդության պատճառն ու բուժում իրականացնել, գոնե պետք է չխոչընդոտեն, որ անձը այլ երկրում այդ հետազոտությունն ու բուժումն անցնի: 

Հակառակ դեպքում ստացվում է, որ պետությունը, տեղյակ լինելով անձի կյանքին սպառնացող վտանգի մասին, միտումնավոր խոչընդոտում է, որ անձն արտերկրում բուժվի և դրանով խախտում է իր պարտավորությունները։

– Պարո՛ն Շուշանյան, իսկ ի՞նչ եք պատրաստվում անել։ Սպասելու եք մինչև միջնորդությունը քննե՞ն, թե՞ այլ մարմինների կդիմեք։

– Բնականաբար չենք սպասելու, իսկ թե ինչ ենք անելու՝ չեմ ուզում այս պահին ասել, առաջիկա օրերին կիմանաք այդ մասին։ Դատարանի երկրորդ՝ աբսուրդային պատճառաբանությունից հետո, թե պարոն Ավետիսյանը ազատության մեջ է և կարող է զբաղվել իր առողջությամբ, վկայում է այն մասին, որ եթե դատարանն անգամ քննի միջնորդությունը, միևնույն է՝ մերժելու է։ Միանշանակ սա մատնեց դատարանի մտադրությունները՝ ապագայում կայացվելիք որոշումների վերաբերյալ։

– Դատավորի նման պատճառաբանությունների մեջ որևէ միտում տեսնո՞ւմ եք։

-Բնականաբար միտումնավոր է արվում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք անկախ գործող արդարադատություն իրականացնող դատական իշխանություն չունենք։ 

Մանավանդ այս գործում, որն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, բնականաբար, այս գործի ճակատագիրն ինքնուրույն չեն որոշում, այլ քաղաքական ղեկավարության հետ են իրենց որոշումները համաձայնեցնում կամ նրանցից ստացված ցուցումներն են անում։ 

Բնական է, որ ամսի 27-ին, երբ դատարանը ստացել է մեր միջնորդությունը, այդ մասին զեկուցվել է համապատասխան օղակներին, խնդրի մասին տեղեկացրել են երկրի գլխավոր քաղաքական ղեկավարությանը, դատարանի որոշումն էլ, իհարկե, այդ քաղաքական ղեկավարության կողմից տրված հրահանգն էր։ 

– Պարո՛ն Շուշանյան, փաստորեն պարոն Ավետիսյանի կյանքին լուրջ վտա՞նգ է սպառնում։

– Առավել քան լուրջ, եթե հիվանդությունը կրկնվի, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ ելք կլինի։ Նշեմ, որ բժիշկներն ասել են, որ այդ հիվանդությունը ունի աննախադեպ ու տարբեր ուժգնությամբ կրկնվելու հակում։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին առաջին ատյանի դատարանն այս տարի փետրվարի 24-ին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 7 տարի ազատազրկման՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, պատանդներ պահելու համար և ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու համար։ Պաշտպանները բողոքարկել են մեղադրանքը, և գործն այժմ քննվում է վերաքննիչ դատարանում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am