«Դժվար է Հայաստանի պես երկրում ընդդիմություն լինել և միշտ ավելի հեշտ է լինել իշխանության կողքին, իշխանության հետ». Նարինե Դիլբարյան

«Մեդիալաբի» հարցազրույցը Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) փոխնախագահ Նարինե Դիլբարյանի հետ

– Տիկին Դիլբարյան, ՀԴԿ-ի ներսում կարծես տարաձայնություններ կան. Տիգրան Արզաքանցյանը գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, Արամ Սարգսյանը դեմ է դրան: Ի՞նչ է կատարվում կուսակցությունում, կարո՞ղ եք ներկայացնել:

– Ես անդամակցեցի կուսակցությանը ընտրություններից հետո, ընտրվել եմ կուսակցության փոխնախագահ: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա դրանք ընդհանրապես կապ չունեն Դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհրդի հետ: Երբ առաջարկ եղավ մասնակցելու վարչապետին կից այդ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը, մենք ասացինք, որ այն պետք է հստակ օրակարգ ունենա, հետևաբար մերժեցինք: 

ՀԴԿ-ի համար նման հանդիպման օրակարգային հարցը անվտանգային հարցերն էին, և միայն այդ դեպքում մեր կուսակցությունը պատրաստ էր ուղարկելու իր ներկայացուցչին այդ հանդիպմանը: Ընդհանրական ինչ-որ հանդիպումների, որոնցում կարող են հնչել թեկուզ բարի ցանկություններ, կուսակցությունը չի պատրաստվում մասնակցել: 

Սակայն Տիգրան Արզաքանցյանը երկու անգամ մասնակցել է այդ հավաքին, չնայած կուսակցության հանրապետական խորհուրդը դեմ էր նման հանդիպմանը: 

– Այսինքն՝ Արզաքանցյանը խախտո՞ւմ է թույլ տվել:

– Այո՛, այո՛, Արզաքանցյանը ըստ էության խախտել է կուսակցության հանրապետական խորհրդի որոշումը, որում նշված էր, որ նման հանդիպմանը մասնակցելու անհրաժեշտություն չենք տեսնում: Նա ոչ միայն խախտել է կուսակցության հանրապետական խորհրդի որոշումը, այլև չի մասնակցել խորհրդի որևէ նիստի: 

Տիգրան Արզաքանցյանը, կարծում եմ, վարչապետի հետ հանդիպումներին մասնակցել է որպես մասնավոր անձ, և, իմ կարծիքով, դրանից հետո որոշել է հեռանալ կուսակցությունից՝ արդեն խախտած լինելով կուսակցության կանոնադրությունը:

– Դրա համար նրան որևէ պատիժ սպասո՞ւմ է:

– Կուսակցությունը պատժելու տեղ չէ (ծիծաղում է – հեղ.), կուսակցությունը գործակցելու տեղ է: Այսինքն՝ եթե մարդկանց գաղափարական, մարտավարական, ռազմավարական հայացքները տարբերվում են, ապա նրանք, որպես բարեկիրթ քաղաքացիներ, պարզապես բաժանվում են միմյանցից:

– Մի տեսակ տպավորություն է, որ Տիգրան Արզաքանցյանը օգտագործեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար…

– Մի մասը պնդում է, թե Տիգրան Արզաքանցյանը օժանդակեց կուսակցությանը, մյուս մասը կարծում է, թե կուսակցությունն օգտագործվեց: Գիտեք, երբ ես ընտրությունների ժամանակ հեռահար ուսումնասիրում էի մասնակից ուժերին, դաշինքները կամ համագործակցող կուսակցությունները ընտրություններից հետո քանդվեցին: Դրա պատճառը, անշուշտ, առանց օրակարգի, առանց որևէ խնդրի իշխանության հետ համագործակցելը եղավ: Ջրբաժանը դա էր: ՀԴԿ-ն ցավոք, բացառություն չեղավ: 

Բայց ես ձեզ ասեմ՝ ընտրությունները և այն էլ այս ընտրությունները, ըստ էության փորձություն էին, լակմուսի թղթի պես մի բան, որն ի դերև հանեց բոլորի իրական մտադրությունները: 

Իրականում դժվար է Հայաստանի պես երկրում ընդդիմություն լինել և միշտ ավելի հեշտ է լինել իշխանության կողքին, իշխանության հետ, ուստի ընդդիմության, այն էլ՝ արտախորհրդարանական ընդդիմության ծանր բեռը ստանձնելը պահանջում է որոշակի տրամադրություն, որոշակի համակարգ: 

Կարծում եմ՝ Դեմոկրատական կուսակցությունը ունի այդ հմտությունը, կարողությունը նաև այսպիսի բարդ կարգավիճակում զբաղվելու քաղաքական գործունեությամբ և չլինելու այնպիսի գայթակղիչ վիճակում, ինչպիսին իշխանության կողքին լինելն է:

– Տիկի՛ն Դիլբարյան, մենք ձեզ տեսանք «Ժառանգություն» կուսակցությունում, հետո տարաձայնությունների պատճառով դուք հեռացաք այնտեղից: Հիմա դուք ՀԴԿ-ում եք: Լա՞վ եք ձեզ զգում:

– Դժվար է Հայաստանում, ասեմ ձեզ, շատ դժվար է: Ծրագրային տեսանկյունից շատ մեծ տարբերություններ չկային: Ես ընտրությունների ընթացքում այստեղ գտա գործընկերների, ընդ որում՝ սկզբունքային գործընկերների, և հիմա ըստ կարելվույն փորձում ենք գաղափարական ընդհանրությունների հենքի վրա կառուցել արտախորհրդարանական ուժի քաղաքականությունը: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am