«Սա ոչ թե արդարության վերականգնման, այլ քավության նոխազներ գտնելու և հասարակության ուշադրությունը շեղելու գործընթաց է». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց, նրա ընկեր զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) դեռ ձերբակալված է: Ձեր կարծիքով՝ կոռուպցիոն այս գործի մասով կտեսնե՞նք պատժվողների: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այս ձերբակալություններն ու խուզարկությունները:

– Եթե անգամ պատժվողներ էլ լինեն, իրական մեղավոր լինի, ապա, կարծում եմ, եթե իրական պատժվողների մասին ենք խոսում, այդ պատերազմի թիվ մեկ պատասխանատուն իհարկե պետության ղեկավարն է, ու չի կարող այնպես լինել, որ թիվ մեկ մեղավորը շարունակի երկիրը ղեկավարել և ավելի հետին պլանի մեղավորները պատժվեն:

Այնպես որ, ես սա գնահատում եմ ավելի շատ ոչ թե որպես արդարության վերականգնման գործընթաց, այլ հասարակության ուշադրությունը շեղելու և քավության նոխազներ գտնելու գործընթաց, որովհետև չեմ կարծում, թե նման ծավալի չարաշահում հնարավոր էր անել առանց պարտության առաջին դեմքի գիտության, ու չեմ էլ կարծում, որ այս իշխանությունների օրոք ամբողջ խորությամբ կբացահայտվեն այդ գործընթացները:

Ուզում եք ասել, որ այս անձանց ձերբակալելուց առաջ պետք է Նիկոլ Փաշինյա՞նը ձերբակալվեր, կամ նա է՞լ այս գործով անցներ:

– Խոսքն այն մասին է, որ եթե անգամ այդ քննության ընթացքում, օրինակ՝ այդ ձերբակալվածները ցուցմունք տան պետության առաջին դեմքի վերաբերյալ, չեմ կարծում, թե դրանից հետո Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, իսկ քանի որ այդպես չի լինի, նշանակում է այս քննությունը չի կարող ամբողջովին օբյեկտիվ համարվել, համենայնդեպս՝ այս իշխանությունների օրոք: Այս էր ասելիքս:

Պարո՛ն Բաղդասարյան, կարծում եք, որ կոռուպցիոն այս գործընթացն առանց Նիկոլ Փաշինյանի գիտության չէ՞ր կարող իրականություն դառնալ:

– Այո՛, ես նման ներքին համոզմունք ունեմ, բայց, բնականաբար, դա քիչ է, դա պնդելու համար փաստեր չունեմ: Ես ասում եմ, որ ինքնին այդ մեղադրանքը տարօրինակ է, որովհետև պատերազմում խայտառակ պարտություն ենք կրել, իսկ պաշտպանության նախարարին մեղադրանք է առաջադրվում ոչ թե պատերազմի պարտության հետ կապված, այլ՝ ինչ-որ կոռուպցիոն հարցի:

Ուրիշ բան, եթե ստեղծվեր իսկապես լուրջ ու օբյեկտիվ հանձնաժողով, որը կքններ պատերազմի հետևանքները, ու դրա արդյունքում նման մեղադրանք կառաջադրվեր, իսկ առանց դրա այս մեղադրանքն ինձ համար լուրջ չէ, ու ես այն համարում եմ մեղավորների նշանակման գործընթաց:

Ձեր կարծիքը, որ այս գործընթացները հանրության ուշադրությունը շեղելու համար են արվում, ընդունելի են նաև այլ մարդկանց համար, պարո՛ն Բաղդասարյան: Կխնդրեմ ասեք՝ ինչի՞ց են այսկերպ հանրության ուշադրությունը շեղում, ու դա հաջողվո՞ւմ է:

– Պատկերացրեք, որ հաջողվում է, օրինակ՝ Որոտանի հատվածում, երբ ադրբեջանցիները ճանապարհը փակեցին, իրանցի վարորդների դեպքը, ամեն անգամ, երբ նմանատիպ բան լինում է, մի աղմկահարույց քրեական նոր գործ է պայթում: Նշյալ դեպքերում Աղվան Հովսեփյանի գործը եղավ:

Հիմա, քանի որ, ամենայն հավանականությամբ, մենք չենք կարողանալու խուսափել այդ խաղաղության համաձայնագրի գոնե ինչ-որ կետերի ստորագրումից, որովհետև Պուտին-Էրդողան հանդիպումն էլ, վստահաբար, դա արագացնելու է, և մեզ դեմ են տալու մեզ համար շատ անընդունելի ու ցավոտ փաստաթուղթ, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի դրանից, ահա այսպիսի քրեական սկանդալներ են արվում: Առաջին անգամը չէ, երբ այսպիսի շոուներով երկրորդ պլան են մղում շատ ավելի կարևոր հարցեր:

– Եթե ձեր ասած տարբերակն իրականությանը համապատասխանի, այսինքն՝ առաջիկայում կատարվեն այդ խաղաղության համաձայնագրի որոշ կետեր, այս քրեական գործը կկարողանա՞ ստվերել կատարվածը:

– Կարծում եմ, որ այս գործը միայն սկիզբն է ու միայն սրանով չի սահմանափակվի, այսինքն՝ նորանոր աղմկահարույց բացահայտումներ կլինեն:

Բացի այդ, միայն այս գործը չէ, եկեք չմոռանանք, որ քրեական գործ կա նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ, շարունակվում է Սերժ Սարգսյանի քրգործի ընթացքը, այսինքն՝ պահեստային այսպիսի դեպքեր էլ կան, ու այդ բոլորը միասին, այո՛, կարող են հասարակության ուշադրությունը շեղել այս հարցից, առավել ևս, որ քարոզչական մանիպուլյացիաների մեծ վարպետ է այս իշխանությունը:

– Եթե անգամ այս նպատակով են նման քրեական գործերը հարուցվում, այնուամենայնիվ, վերջնարդյունք կունենա՞նք, այսինքն՝ պատասխանատվության ենթարկվողներ կլինե՞ն, գործը մինչև վերջ կքննվի՞:

– Այս աղմկահարույց քրեական գործերը որ հարուցվում են, իրականում ունեն երկու նպատակ՝ հանրության ուշադրությունը շեղելու և արտաքին քաղաքականության անցանկալի զարգացումների դեպքում՝ համաժողովրդական ընդվզման հավանականությունը փոքրացնելու, որովհետև բոլոր նրանք, ովքեր կարող են ժողովրդին ոտքի հանել, բոլորն անցնեն քրգործերով, որպեսզի վերահսկողության տակ լինեն:

Այսինքն՝ իշխանությունն այն կետերից, որտեղից պոտենցիալ վտանգ է տեսնում, նախապես քրգործեր է հարուցում, որպեսզի դա մշտապես դամոկլյան սրի պես նրանց գլխին կախված լինի:

– Այսինքն՝ իշխանությունը բնավ նպատակ չունի՞ իսկապես բացահայտումներ անել ու մեղավորներին պատժել՝ այս գործերը հարուցելով:

– Բնականաբար ո՛չ, նույն Աղվան Հովսեփյանի դեպքը, իշխանություն լինելուց երեք տարի հետո՞ հանկարծ հիշեցին, որ այդպիսի գործ է եղել, կամ Դավիթ Տոնոյանի հետ կապված՝ չէ՞ որ, եթե դա իրականությանը համապատասխանում է, տեղի է ունեցել 2018 թվականին, բայց նրանք ամենահարմար պահին են այդ ամենն ասպարեզ հանում, որպեսզի ինֆորմացիոն մանիպուլյացիաներ անեն:

-Պարո՛ն Բաղդասարյան, արտաքին քաղաքականության վտանգների մասին ասացիք, կարծում եք՝ մոտ ապագայում այնպիսի իրադարձություններ են սպասվում, որոնք կարող են ճակատագրական ու խնդրահարո՞ւյց լինել Հայաստանի համար:

– Կարծում եմ, այնպիսի փոփոխություններ են սպասվում, որ հասարակությունը կարող է հասկանալ, որ իրավիճակը շատ ավելի վատ է, քան գիտեն կամ պատկերացնում են, ու իրականում ամեն ինչ ոչ թե ավարտվել է 2020-ի նոյեմբերի 9-ին, այլ դրանից հետո էլ շարունակվում է իրավիճակի վատթարացումը և էլի է շարունակվելու, որ հետևանքները շատ ավելի ծանր են, ու արդեն փաստաթղթավորված են լինելու, խոսքն այս մասին է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am