«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ձայն լիբերթար» պահպանողական կուսակցության կառավարման խորհրդի անդամ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը
– Պարոն Քոչինյան, այսօր Ռոբերտ Քոչարյանը ծավալուն ասուլիս է տվել, որում անդրադարձել է պատերազմին, մեր պարտությանը և նշել, որ չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին: «Ինչու Ջաբրայիլից մինչև Շուշի ոչ մի խրամատ չի փորվել այս ամբողջ ընթացքում»,- ասել է նա և հավելել, որ ժամանակն է, որ գեներալները խոսեն, քանի որ ամբողջ մեղքը բարդելու են իրենց վրա: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:
– Ես ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանին քաղաքական գործիչ չեմ համարում և իր հայտարարությունները ևս քաղաքական չեմ համարում: Ինչ վերաբերում է բուն ասուլիսին, ապա նրա հայտարարությունները վկայում են, որ արդարադատությունը ճիշտ ճանապարհի վրա է և սկսել է ինչ-ինչ խմբավորումների շահերին խփել:
– Քոչարյանն ասում է՝ գեներալները պետք է խոսեն, ներկայացնեն ճշմարտությունը, թե ինչու ենք պարտվել, իշխանության ներկայացուցիչներն էլ ասում են՝ թող խոսեն ու պատմեն, թե ինչու է Քոչարյանի թիմը պատերազմի օրերին իրենց գեներալների միջոցով համոզում սպաներին ու զինվորներին չկռվել, քանի որ հողերն արդեն ծախել են: Ձեր կարծիքով՝ գեներալները կբացահայտե՞ն, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում:
– Գեներալների վերաբերյալ ես միայն մեկ սպասելիք ունեմ, որ արդարադատությունը ինչքան հնարավոր է շուտ և ինչքան հնարավոր է ավելի մեծ ծավալով կգնա նրանց հետևից և գնահատական կտա ինչպես վերջին ամիսների, այնպես էլ տասնամյակների նրանց գործողություններին: Ինչ վերաբերում է Քոչարյանի հայտարարություններին, ես դրանք չեմ մեկնաբանում, քանի որ, ինչպես ասացի՝ նա քաղաքական գործիչ չէ:
– Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական գործիչ չեք համարում:
– Ես բազմիցս այդ մասին արտահայտվել եմ. էդ մարդն ունի մեկ նպատակ՝ խուսափել արդարադատությունից, և այդ ճանապարհին անում է որոշակի գործողություններ: Դրանք քաղաքական գործողություններ չեն: Ինչ-որ խմբակներ է ստեղծում, այդ խմբակները անհասկանալի հաջողության են հասնում, մտնում են խորհրդարան, հայտարարություններ է պարբերաբար անում, երբ իր կամ իր կողմնակիցների հետևից արդարադատությունը գալիս է:
Այս ամեն ինչը չունի քաղաքական նպատակներ: Այդ մարդու գործունեության նպատակները քաղաքական չեն: Արդարադատությունից խուսափելը քաղաքական նպատակ չէ: Նա արդարադատությունից խուսափող մարդ է և փորձում է օգտագործել ընդդիմադիր գործչի կեցվածքը՝ արդարադատությունից արդյունավետորեն խուսափելու համար:
– Եվ նաև իր նյութական բարիքնե՞րն է պաշտպանում:
– Դա հենց մտնում է արդարադատությունից խուսափելու մեջ: Այսինքն՝ նա ոչ միայն պետք է նստի, այլև այն ահռելի գումարները, որոնք կուտակել է, պետք է դրանց վերաբերյալ կամ բացատրություն տրվի, կամ պետք է պետականացվի: Դա ևս արդարադատությունից խուսափելու ոդիսականի մի մասն է:
– Վերջին օրերին հայտարարություններ է անում նաև Նիկոլ Փաշինյանը: Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման հեռանկարն ինչպե՞ս եք գնահատում: Նա խոսում է նաև քարտեզների դիմաց գերիների վերադարձի մասին:
– Հանդիպումը բավականին հնարավոր եմ համարում, բայց, կարծում եմ՝ կարիք չկա շատ բան սպասել այդ հանդիպումից, որովհետև չեն վերացել այն հանգամանքները, որոնց պատճառով մինչև հիմա լուծված չէ գերիների հարցը: Ադրբեջանը Հայաստանից դեռ ունի որոշ պահանջներ, որոնք մենք չենք կատարել և չենք կատարելու: Բնականաբար, Ադրբեջանն էլ չի տալու հայ ռազմագերիներին:
– Արդեն իսկ մտահոգություններ են հնչում գերիներին քարտեզների հետ փոխանակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված: Ասվում է, որ սա խայտառակություն կլինի, նշանակում է խնայել Ադրբեջանի հարյուր միլիոնավոր դոլարները և մեծ հնարավորություն տալ վերաբնակեցնելու այն տարածքները, որոնք իրենք 10-20 տարի անց հազիվ կկարողանային բնակեցնել: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս մեկնաբանությունները:
– Ընդհանրապես բանակցություններում պետք է առաջնորդվել համաչափության սկզբունքով: Համաչափության սկզբունքը, իր հերթին, պետք է հենվի հաշվարկների վրա, այլ ոչ թե էմոցիաների, և ես հույս ունեմ, որ մեր իշխանությունները որևէ բանակցության գնալու են ոչ թե էմոցիաների վրա հիմնված գնահատականներով կամ պոպուլիստական նպատակներով, այլ իրապես լուրջ ու հավասարակշռված հաշվարկ արած:
Մանե Հարությունյան
MediaLab.am