«Ժողովուրդը հաղթեց». Ըստ վերլուծաբանի, «իշխանություններն օբյեկտիվորեն վախեցած էին սկսված շարժումից»

«Ժողովուրդը հաղթեց». Ըստ վերլուծաբանի, «իշխանություններն օբյեկտիվորեն վախեցած էին սկսված շարժումից»
«Ժողովուրդը հաղթեց». Ըստ վերլուծաբանի, «իշխանություններն օբյեկտիվորեն վախեցած էին սկսված շարժումից»

Այսօրվա Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեցին կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի պարտադիր բաղադրիչին առնչվող մի շարք դրույթներ, ըստ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի «ժողովրդի հաղթանակն էր»:

«Իշխանություններն օբյեկտիվորեն վախեցած էին սկսված շարժումից,-«Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը,-Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը ցույց տվեց, որ երբ ժողովուրդն ու քաղաքական ուժերը համախմբվում են հաղթանակն անխուսափելի է»:

Հիշեցնենք, որ տարեսկզբից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, որով 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր էին  աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, տարիներ անց որպես կենսաթոշակ ստանալու ակնկալիքով, ամիսներ շարունակ բուռն դժգոհության ալիք էր բարձրացրել:

Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի շարժումը սկիզբ առնելով ՏՏ ոլորտի աշխատակիցներից, վերածվեց հզոր «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության, որի «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» Ֆեյսբուքյան խմբին ներկայումս անդամակցում է շուրջ 48 հազար անդամ:

Վերջին ամիսների ընթացքում, «Դեմ եմ»-ի նախաձեռնությամբ տարաբնույթ բողոքի ակցիաներ եւ հանրահավաքներ կազմակերպվեցին, որոնց միացան ինչպես հասարակական-քաղաքական գործիչներ, նաեւ քաղաքական ուժեր:  

Անցյալ տարվա վերջում վիճահարույց օրենքի հարցով Սահմանադարական դատարան դիմեցին ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնք եւս միացել էին «Դեմ եմ»-ի նախաձեռնած պայքարին:

Մի քանի օր տեւած քննարկումներից եւ լսումներից հետո, այսօր Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը շատերը թեեւ որպես քաղաքացիական հասարակության հերթական հաղթանակ որակեցին, այնուամենայնիվ եղան կարծիքներ, թե օրենքի ներդրումը, զարգացումը եւ որոշումը թելադրված էր իշխանությունների կողմից` ամիսներ շարունակ մարդկանց առավել կարեւոր խնդիրներից շեղելու նպատակով:

Երվանդ Բոզոյանը կարծում է, որ նման տեսակետների նպատակը մարդկանց ընկճելն ու կոտրելն է: Նա նշում է, որ Սահմանադրական դատարանը թեեւ մշտապես իշխանահաճո որոշումներ է կայացնում, այնուամենայնիվ, մեծ ճնշման դեպքում, ինչպես այս դեպքում էր, կարող է նաեւ նման «աննախադեպ որոշումների գնալ»:

«Այսօրվա որոշումը ցույց տվեց, որ նման բան հնարավոր է,-ասում է վերլուծաբանը, սա նշանակում է, որ մարդիկ կարող են հավատալ իրենց ուժերին եւ պայքարել, ինչը ձեռնտու չէ իշխանություններին եւ պարզ է, որ նման խոսակցություններ պետք է լինեն`մարդկանց ճնշելու, ցույց տալու համար, որ նրանք անզոր են, եւ որ ամեն ինչ իբր թե իշխանությունների սցենարով է: Նման խոսակցությունները, կարծիքները իշխանությունների համար նախընտրելի տարբերակներ են, սակայն, չեն համապատասխանում իրականությանը:  Վաղը, եթե իշխանափոխություն լինի, կրկին պիտի ասեն, որ իշխանությունների թելադրանքո՞վ է եղել»:

Նա նշում է, որ տեղի ունեցածը միանշանակ հաղթանակ է:

«Եթե ժողովուրդը համախմբվում է, քաղաքական  ուժերը կոնսոլիդացվում են, ամբիցիաները մի կողմ են դրվում, նաեւ հստակցվում են խնդիրները, այդ դեպքում մենք տեսնում ենք, որ հաջողությունն անխուսափելի է,-«Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը,- Այս հաղթանակը նշանակում է, որ մարդիկ պիտի հավատան իրենց ուժերին եւ շարունակեն պայքարեն: Եւ եթե բոլոր հարցերին նման վերաբերմունք ցուցաբերվի, ժողովրդին հաղթել չի լինի:»

© Medialab.am