«Այսօր հասարակությունը ստրուկի կարգավիճակ ունի, ասում է՝ շեֆը փոխվել է»․ էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր էդգար Բաղդասարյանը:

– Պարո՛ն Բաղդասարյան, եթե ամփոփենք նոր կառավարության նախորդ ամիսների գործունեությունը, ինչպիսի՞ն էր այն: Հնարավո՞ր էր կարճ ժամանակահատվածում մարդկանց սոցիալական վիճակը բարելավել, այսօր քննադատություններ են հնչում, որ աշխատավարձեր ու թոշակներ չեն բարձրացրել, մարդիկ շարունակում են վատ ապրել:

– Շատ բան արվեց այս ընթացքում, բայց հինգ-վեց ամսում բան պահանջել մարդուց, որը մեծ հաշվով դեռ իշխանական լծակներ շատ քիչ ունի, այնքան էլ իրատեսական չէ: Նախարարներ փոխելով՝ հարց չի լուծվում, պետական կառավարման համակարգում դեռ հին կադրերն են: Այո՛, Նիկոլ Փաշինյանը կադրերի խնդիր ունի, բնականաբար, պետք է ունենար: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից կարելի է պահանջել միայն խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս հետո, երբ արդեն ձևավորված կլինի օրենսդիր մարմինը: Բայց հիմա այս պոլուֆաբրիկատ վիճակներով ոչինչ հնարավոր չէ անել, դրա համար ես դեռ ձայն չեմ հանում, ոչինչ չեմ պահանջում: Կարծում եմ՝ հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա այդ հարցին, որովհետև արմատական փոփոխություններ պետք է արվեն, ինչի համար իշխանական բոլոր լծակները նրա ձեռքին պետք է լինեն:

– Մարդկանց մոտ հիասթափություն նկատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանից ու իր կառավարությունից:

– Ցավոք, մեր հասարակության որոշ մասը չի հասկանում, որ այդ փոփոխությունը պետք է սկսի իրենից: Հիմա այդ սովետական, բյուզանդական, միջինասիական վերաբերմունքը կա, որ գլուխը փոխեցինք, հիմա կգա նորը: Ես չեմ հասկանում, մարդիկ կարծում են՝ հիմա Սերժ Սարգսյանը գնաց, Նիկոլը եկավ, պետք է իրենց աշխատավարձ տա՞, այս տա, այն տա, ինքը պետք է նստի՞: Ցավոք, մեր հասարակության մոտ կա տգիտություն, և չափից ավելի քաղաքականացված են մարդիկ:

– Այսինքն՝ փոփոխություն ամեն մեկը նախևառաջ պետք է իրենի՞ց սկսի:

– Այո՛, բայց մարդիկ մտածում են՝ շեֆը եկավ, թագավորը եկավ… Էլի շարունակում են հինը՝ մի թագավորը գնաց, մյուսը եկավ: Իրենք թագավորի նման են վերաբերվում, իրենք ռամիկ են, նա էլ՝ թագավոր: Թագավորը պետք է խլի հարուստից, տա իրենց, աշխատավարձը բարձրացնի, թե որտեղի՛ց՝ գաղափար չունեն: Սարսափելի վիճակ է, և այս վիճակի համար ես միանշանակ մեղադրում եմ նախորդ իշխանություններին, որովհետև 20 տարի շարունակ մարդկանց ստրուկի կարգավիճակում են պահել: Այսօր հասարակությունը ստրուկի կարգավիճակ ունի, ասում է՝ շեֆը փոխվել է: Երբ նայում եմ Նիկոլի հետ հանդիպումները, սիրտս կանգնում է, մոտենում ասում են՝ ես եկել էի միտինգներին, քեզ օգնում էի: Մի բան ուզում է, էլի, դրա դիմաց: Խելագարվել կարելի է: Եթե խորքային գնահատենք, դրա արմատները սարսափելի խորն են: Դա՛ է դժվար փոխել Նիկոլի համար: Մարդը պետք է իրեն երկրի տեր զգա, այլ ոչ թե ռամիկ, որի առաջ շեֆը պետք է մի բան գցի: Սա եթե չփոխենք, մենք երկիր կկորցնենք: Այսօր հասարակության 85 տոկոսը նման կերպ է մտածում:

– Վերջին շրջանում բողոքներ կան, որ թանկացումներ են նկատվում: Առջևում էլ ձմռան ամիսներն են, կոմունալ ծախսերի խնդիրներ կան: Եթե աշխատավարձեր ու թոշակներ չեն բարձրացել, արդյոք ավելի դժվար չի՞ լինելու մարդկանց համար:

– Իմ կոմունալ ծախսերը քչացել են, ես խայտառակ թվեր էի մուծում, հիմա վելի քիչ եմ մուծում: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում Սաշիկի 50 տոկոսը միջից դուրս է եկել: Այո՛, այստեղ սաբոտաժի խնդիրներ կան: Մինչև լիարժեք իշխանափոխություն չլինի, որևէ բան պահանջելն անիմաստ է: Ի՞նչ ունի հիմա, որ ինչ պահանջես: Նիկոլ Փաշինյանի միակ հիմնական ռեսուրսը հիմա ինքն է, ամեն տեղ ինքն է, մենակ ինքը 60 հազար հոգու գործ է անում:

– Երբ ասում եք՝ կադրերի հարցը պետք է լուծել, ի՞նչ նկատի ունեք: Այսինքն՝ այս հարցում կտրուկ փոփոխություննե՞ր պետք է անել:

– Շատ բարդ բան եք ասում, դա իմ հիմնական մտահոգությունն է: Չեմ կարծում, որ նման պաշտոնների երիտասարդների նշանակելը կարևոր հանգամանք է: Այսինքն՝ չընկնենք տարիքային ռասիզմի մեջ: Կապ չունի ո՛չ սեռը, ո՛չ տարիքը, մարդը արհեստավարժ է, կարող է, այլ հարց չպետք է լինի: Ես չեմ կարողանում այդ հարցում քաղաքականությունը հասկանալ:

– Ինչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը կգնա՞ իր կադրային նշանակումները վերանայելու ճանապարհով, որովհետև կարծես ինքն էլ դժգոհ է որոշ կադրերից:

– Իհարկե, ինքն անձամբ կադրային ջարդ է անելու, իր նշանակած կադրերին հանելու է: Շատ բարդ վիճակ է, երբ դու միոտանի աթոռի վրա ես նստած: Այն երեք ոտքերը չկան, դա շատ լուրջ խնդիր է: Ես էլ որ իր տեղը լինեի, երևի էլի նույն սխալները կանեի, ստիպված պետք է նշանակես մարդկանց, որոնց վստահում ես, որ գոնե թիկունքիցդ չեն հարվածի: Բայց երբ արդեն աթոռդ երկու-երեք ոտք ունի, առաջնահերթը վստահությունը չէ: Այստեղ արդեն առաջնահերթ է այն, ինչը արդյունք է տալիս, և կապ չունի՝ մարդը 26 տարեկան է, թե՞ 56:

– Տնտեսական հեղափոխության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, կհաջողի՞ դա ապահովել:

– Այո՛, ինչո՞ւ չէ: Եթե դաշտդ նորմալ, մաքուր ու թափանցիկ լինի, հարկային փիլիսոփայությունն այնպիսին լինի, որ ձեռնտու լինի, ինչո՞ւ չէ: Բոլորս գիտենք, թե ինչպես էր բիզես արվում Հայաստանում, տեսնում էին՝ ի՛նչ էր կատարվում: Պետք է իշխանական բուրգի կողքին լինեիր, որ կարողանայիր մի կտոր բան աշխատել: Դրա համար էլ բոլոր բիզնեսմենները կուսակցական նշանը խփում էին վրաները, գնում էին ընդեղ: Հենց պրծավ, էդ կուսակցական նշանը մի կողմ դրեցին:

– Արտերկրից հայ ներդրողներին Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու մասին է խոսում նաև Նիկոլ Փաշինյանը: Ընդհանրապես, հեղափոխության կարևոր նպատակներից մեկը հայրենադարձությունն էր: Կհաջողի՞ դա ապահովել:

– Ես լավ եմ ճանաչում դրսի հայությանը, չգիտեմ, թե ի՛նչ չափով դա կլինի: Անշուշտ կլինեն ինչ-որ մարդիկ, ովքեր կգան, կլինեն, ովքեր կգնան: Բայց ես միշտ ասել եմ՝ մինչև մենք չհասնենք 5-6 մլն-ի, շատ բարդ է լինելու մեր վիճակը: Հայաստանը 5-6 մլն բնակչություն պետք է ունենա:

– Դա հնարավո՞ր է ապահովել:

– Իհարկե հնարավոր է: Բայց մենք մինչև հիմա չգիտենք, թե քանի մարդ է ապրում Հայաստանում, մարդահամար չեն անում: Մենք պետք է իմանանք՝ ովքե՛ր են մնացել երկրում, մենք ի՛նչ մարդկային ռեսուրս ունենք, ի՛նչ որակի ռեսուրս: Դա առաջնահերթ խնդիր է:

– Անցած կես տարվա ընթացքում, ինչպես ընդունված է ասել՝ հեղափոխության առաջին փուլում ո՞րն էր ամենակարևոր ձեռքբերումը:

– Գլխավոր ձեռքբերումը հույսն է: Ես չեմ ուզում մանրանալ սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ: Այո՛, հույս կա: Եթե մարդիկ ևս մեկ անգամ հուսախաբ լինեն, դա նշանակում է, որ մենք մեր պետականությունը կկորցնենք: Դրա համար այդ հույսը պետք է փայփայել, որովհետև այդ նույն հույսը 88-90-ականներին էլ կար: Եվ մենք բոլորս գիտենք, թե այն ժամանակ ինչպես մսխվեց այդ հույսը: Նման երկրորդ շռայլություն մենք մեզ չենք կարող թույլ տալ: Մարդը բոլոր զրկանքներին պատրաստ է, եթե ինքը գոնե վաղվա տեսլականը տեսնում է: Եվ սարսափելի վիճակում է ինքը, եթե կուշտ է, մաքուր է, բայց վաղվա օրը չի տեսնում: Մեր բոլոր պահանջները պետք է լինեն հաջորդ տարի, այս տարի ես դեռ պահանջ չունեմ, որովհետև հիմա անիմաստ է քննադատությունը, հիմա դա դատարկաբանություն է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am