«Մի ամբողջ ժողովուրդ 20 տարի մատաղ արեցիր, որ դու լափես, բա դու դրա պատասխանը չե՞ս տալու, տալո՛ւ ես». Լալա Մնացականյան

«Մի ամբողջ ժողովուրդ 20 տարի մատաղ արեցիր, որ դու լափես, բա դու դրա պատասխանը չե՞ս տալու, տալո՛ւ ես». Լալա Մնացականյան
«Մի ամբողջ ժողովուրդ 20 տարի մատաղ արեցիր, որ դու լափես, բա դու դրա պատասխանը չե՞ս տալու, տալո՛ւ ես». Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

– Տիկի՛ն Մնացականյան, նախընտրական շրջան է Հայաստանում, հասարակությունը կողմնորոշվա՞ծ է, թե ի՛նչ ընտրություն է անելու՝ հաշվի առնելով այն, որ մեծ թվով ուժեր են մասնակցում ընտրություններին:

– Շատ ուժեր են մասնակցում ընտրություններին՝ որպես ո՞ւժ, թե՞ որպես գլխաքանակ: Այստեղ կողմնորոշվելու հարց չկա, ես չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, որ կընտրեն այն ռեժիմը, որը մերժել ենք: Ընտրել Հանրապետականին՝ նշանակում է էլի ընտրել Սերժին: Դրա մեջ ի՞նչ կա կողմնորոշվելու: Ամեն դեպքում ես չեմ հանդիպել մի մարդու, որը սթափ ուղեղ ունենա և որոշի հետ դառնալ ու կեղեքողներին, 20 տարի մեր կյանքից խլած մարդկանց ձայն տա:

– ՀՀԿ-ն ասում է՝ եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին:

– Այսինքն՝ դա ի՞նչ լոզունգ է: Իմիջիայլոց, դա բավական անգրագետ լոզունգ է: Այդպիսի արտահայտություն չկա՝ եթե մտահոգ ես, ընտրի՛ր ինձ: Այնտեղ հայերեն իմացությամբ գրագետ մարդ չկա՞ր: Ամեն դեպքում, ես մտածում եմ՝ կգտնվի՞ այդ աստիճանի անինքնասեր մարդ, որ նրանց ընտրի: Այդ ինչքան հոգով ստրուկ պետք է լինես, որ անգամ մտածես դրա մասին:

– Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած ուժով շարունակում է առաջին տեղում լինել այս նախընտրական փուլում: Կան դժգոհություններ, որ նա նախորդ վեց-յոթ ամիսներին չկարողացավ մարդկանց համար շոշափելի զարգացում ապահովել երկրում: Դա կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքի վրա, մարդկանց ոգևորությունը նո՞ւյնն է, թե՞ նվազել է:

– Գիտեք՝ ոգևորությունը չի կարող միշտ լինել, չես կարող միշտ սիրահարված լինել, գալիս է սիրո էտապը: Դու չես կարող անընդհատ ոգևորված լինել, գալիս է արժևորման փուլը: Ոչ ոք չի հիասթափվել, որովհետև այս ամիսների ընթացքում, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չի արել մի քայլ, որ կշռադատված և մտածված չլինի և հակասի ինքն իրեն: Ինձ միշտ ասում են. «Բա չե՞ս վախենում, որ հետո վատ կլինի»: Ես ի՞նչ գործ ունեմ «հետո»-ի հետ, ես հիմա եմ ապրում: «Հիմա»-ն թողած՝ «հետո»-ի մասի՞ն մտածեմ: Հիմա նա ինձ վրա թողնում է ազնիվ, ազգը սիրող, կարգին մարդու տպավորություն: Եվ ես չեմ կարծում, որ սխալվելու եմ:

– Իսկ հետո ի՞նչ փուլ պետք է լինի: Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, որ երկրորդ փուլում պետք է զարգացում ապահովել երկրում:

– Եթե իշխանության են գալիս մարդիկ, որոնք կաշառք չեն վերցնելու, չեն թալանելու, չեն գռփելու, մարդիկ, որոնց առաջ չես նվաստանալու, ստորադասվելու, արժանապատիվ ապրելու ես, էլ մեզ ի՞նչ է մնում՝ արարել, ստեղծել, առաջընթաց ապրել: Պրծանք այդ վիշապից, բայց հիմա էլ նրանից ժառանգություն մնացած մի քանի վիշապիկներ այսպիսի միտք են անընդհատ առաջ քաշում. «Ա՛յ կտեսնեք, ավելի վատ է լինելու, դուք դեռ էդ հին ռեժիմին երանի եք տալու»:

Այնքան հետաքրքիր հոգաբանություն կա, մեկը մի միտք է մեջտեղ բերում, այդ միտքը սկսում է թևածել, շատերը սկսում են կառչել դրանից, և այնքան են ասում, որ կամաց-կամաց կյանք է ստանում: Դրանց վրա ինստիտուտներ են աշխատում: Բավական է, որ այդ միտքը մեջտեղ գցես, մի քիչ ծամծմես և դա որպես իրականություն ներկայացնես: Մենք այդ բոլոր փուլերն անցել ենք, մեզ պետք չէ այլևս խաբել: Որ չեն ասում՝ բա այս վեց ամսվա ընթացքում ի՞նչ արեց: Ի՞նչ չի արել, օր կա՞, որ այդ մարդը չաշխատի: Այդ մարդն աշխատում է մեզ համար, իսկապես աշխատում է:

– Նա մենա՞կ է աշխատում, որովհետև շատ է քննադատվում նրա կադրային քաղաքականությունը:

– Ո՛չ, այդպես չի կարող լինել: Նա միայնակ որ աշխատեր, չէր դիմանա: Նա լավ թիմ էլ ունի, ուրիշ բան, այո՛, կան մարդիկ, որոնց ես էլ չեմ հավանում: Բայց դա չի նշանակում, որ իր թիմը վատն է: Ամենազավեշտալին, որը ես աբսուրդ եմ համարում, հետևյալն է՝ մենք ահավոր կեղտի մեջ էինք թաղված, արդեն կոկորդներիս էր հասել ցեխը, հիմա դուրս ենք գալիս դրանից, դեռ բողոքում էլ ենք:

– Միգուցե մարդիկ կտրուկ փոփոխությո՞ւն էին ակնկալում:

– Կտրուկ քայլերն իրենց հետ բերում են կտրուկ վտանգավոր շրջադարձեր: Հիմա կտրուկ ոչինչ չպետք է անել, պետք է խելացի, կշռադատված քայլեր անել: Եվ ես կարծում եմ՝ Փաշինյանն այդպես կանի: Եթե մարդն ազնիվ նկրտումներ ունի, նա երկրի համար ճակատագրական սխալներ չի անի: Իսկ ինքն իսկապես սիրում է իր հայրենիքը: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է աշխատում Երևանի քաղաքապետը: Ես գիտեի, որ Հայկը լավ կաշխատի,և, բնականաբար, չի հանդուրժի իր կողքին մարդկանց, ովքեր դեռ հին հովերով տարված մտածում են, որ պաշտոնը նրա համար է, որ թալանեն, գռփեն, իրենց դիրքն օգտագործելով մարդկանց կախման և վախի մեջ պահեն: Ախր, գողության տեղ չի մնացել, թալանի տեղ չի մնացել, էլ իրենց ոչ ոք բանի տեղ չի դնում, չի վախենում, բա պե՞տք է ոռնոցները գցեն: Հիմա դուք որևէ պաշտոնյայից վախենո՞ւմ եք: Բայց Սովետի ժամանակներից սկսած վախենում էինք: Ասում էին՝ նշանակեն սրան, որ ինձ համար լավ լինի: Ա՛յ մարդ, նշանակում են, որ աշխատի, ոչ թե լափի, դեռ մեզ էլ «լավ աչքով» նայի:

– Նիկոլ Փաշինյանն էլ է շեշտում, որ վախ չպետք է լինի: Այս ընտրություններում, ձեր կարծիքով, վախը որևէ դեր չի՞ կարող ունենալ:

– Ոչ մի դեպքում: Ամեն դեպքում հիմա վախ չկա, քծնանք չկա, դու չես սպասում, որ ինչ-որ հաստավիզ կգա և քո փոխարեն որոշումներ կկայացնի: Մեր ժողովուրդն ապրել է վախի մեջ, ստորաքարշ, մենք արժանապատվություն չունեինք մեր երկրում, երկրից դուրս, ինչպե՞ս էին մեզ հետ վարվում Ռուսաստանում, Մոսկվայի օդանավակայանում ամենավերջին բոմժի հետ ավելի լավ էին վարվում, քան հայերի հետ: Այս ամենից ի վերջո գլուխներս բարձրացրինք: Այդ ի՜նչ օրն էին մեզ գցել, իրենք լինելով ուղնուուծը փչացած մարդիկ՝ փչացրեցին հասարակությանը:

– Հիմա նրանք արժանի՞ են, որ նրանց փռում են ասֆալտին: Հավանաբար գիտեք, որ օլիգարխներին, նրանց շրջապատին, օրենք խախտելու դեպքում, ոստիկանությունն ասֆալտին է փռում:

– Հա՛, թող փռվեն, ի՞նչ է եղել: Մի քիչ էլ թող իրենք փռվեն ասֆալտին, 20 տարի շարունակ մի ամբողջ ժողովուրդ են փռել ասֆալտին: Իրենք ամբողջ մի ժողովուրդ ղուրբան արեցին իրենց փողի, ստամոքսի համար: Մի ամբողջ ժողովուրդ 20 տարի մատաղ արեցիր, որ դու լափես: Բա դու դրա պատասխանը չե՞ս տալու, տալո՛ւ ես:

– Օլիգարխներն արդեն սկսել են ունեցվածքը վերադարձնելու գործընթաց: Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ շատերն ինքնակամ դիմում են, առաջարկում ունեցվածքի մի մասը նվիրել պետությանը՝ դրանով ակնկալելով ազատվել պատժից: Փաշինյանը հայտարարեց, որ եթե ունեցվածքի 98 տոկոսն առնվազն վերադարձնեն, կմտածեն նրանց ներելու մասին: Պե՞տք է ներել:

– Եթե նրանք իրենց գողացածի 98 տոկոսը տան, դա նշանակում է ամեն ինչը տալու են: Այդ դեպքում նրանք կհայտնվեն այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում ժողովուրդն էր 20 տարի ապրում՝ աղքատության մեջ:

Ավելի լա՞վ չէ «խեղճերը» բանտում հայտնվեն, քան այնպես ապրեն, ինչպես ժողովուրդն էր ապրում չնչին աշխատավարձով իրենց օրոք: Նրանք բանտից վատ կյանք են ունենալու, եթե սոված-ծարավ ապրեն, մտածեն, թե լույսը ոնց են վառելու, ոնց են գազի փող տալու, այսինքն՝ ապրեն այնպես, ինչպես ապրում էր Հայաստանի ժողովրդի մեծ մասը: Որ չէին ասում՝ մեզ մոտ աղքատությունը 20 տոկոս է: Մեզ մոտ 70 տոկոսի էր հասել աղքատությունը: Երկրում միջին խավը, որն աշխատում էր, արդեն նրանք էլ էին աղքատ:

Ես չեմ հասկանում՝ մի ժողովուրդ, որը պրծել է վիշապից, ո՞նց կարող է ուզենա այդ վիշապին վերադարձնել: Այս ժողովուրդն իր տեսակով բավական առաքինի ժողովուրդ է, արժանապատվություն ունեցող է, կարող էին մեր մեջքը կորացնել, բայց դժվար է այս ժողովրդին ծնկի բերել: Ես անձամբ իմ շրջապատում մարդիկ գիտեմ, որ ոչ միայն գալիս են Հայաստան, այլև ընտանիքներով վերադառնում են, տնավորվում են: Սա նշանակում է, որ շատ մեծ բան արեց Նիկոլը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am