«Պարզվել են փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք». ՀՀ ոստիկանություն

«Պարզվել են փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք». ՀՀ ոստիկանություն
«Պարզվել են փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք». ՀՀ ոստիկանություն

Երեկ հրակարակում տեղի ունեցած դժբախտ դեպքի կապակցությամբ, երբ ՀՀԿ նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ երիտասարդների ձեռքում գտնվող փուչիկները բռնկվել եւ պայթուն են առաջացրել, որի հետեւանքով 154 հոգի հիվանդանոց է տեղափոխվել, հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: Հայտարարություն ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:
«2012 թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Պայթյունի պատճառով այրվածքներ են ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Անմիջապես դեպքին հաջորդած ժամանակահատվածում կատարվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ միջոցառումներ, դեպքի վայրի զննություն, ճշտվել են պատահարից տուժած անձանց տվյալները, քննվել են 94 անձինք, նշանակվել է 90 դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են բուժհաստատություններում գտնվող համապատասխան փաստաթղթերի զննություններ, ստացվել և ուսումնասիրվել են տեսաձայնագրություններ, իրականացվել են բազմաբնույթ օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել են փուչիկների բռնկման վայրում գտնված անձանց շրջանակը, փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք: Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացված բացատրությունների և ձեռք բերված այլ նյութերի արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում բավարար հիմքեր են ձեռք բերվել, և հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Կազմվել է օպերատիվ-քննչական խումբ:

Միաժամանակ ստուգվում են դեպքի պատճառի մի քանի հավանական` ինքնաբռնկվել, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:

Նախաքննության մարմինը ձեռնարկում է մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հնարավորինս օպերատիվ վերականգնվում են դեպքի բոլոր հանգամանքները և հստակեցվում են դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակները: Այս առումով կարևոր ապացուցողական նշանակություն կունենան նաեւ նշանակված դատապայթյունատեխնիկական, դատահրդեհա­տեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննությունների արդյունքները:

Նախաքննության մարմինը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները առավելագույն սեղմ ժամկետում պարզելու դեպքին առնչվող անձանց, նրանց գործողություններում մեղքի առկայության կամ բացակայության հարցը»:

Տեսանյութն այստեղ

© Medialab.am