«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մեդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
– Պարո՛ն Պապյան, ընտրությունների արդյունքում ի՞նչ խորհրդարան է ձևավորվում:
– Ունեցանք խորհրդարան, որտեղ հիմնական ուժը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև այդ 88 պատգամավորները, որոնք պետք է լինեն «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, խորհրդարան են անցել շնորհիվ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի: Երբ մենք նայում ենք նույն մարդկանց այսօր ստացած ձայները և համեմատում ենք մեկուկես տարի առաջ ստացած ձայների հետ, տարբերությունը մեծ է: Մարդ կա, որը նախկինում ստացել էր 400 ձայն, այսօր 15 հազար ձայն է ստացել:
Ակնհայտ է, որ այդ մարդու նկատմամբ չէ վերաբերմունք փոխվել, այլ փոխվել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը՝ որպես հեղափոխության առաջնորդի: Եվ դրա լուսավոր ստվերն ընկնում է մյուսների վրա: Ինչ վերաբերում է խորհրդարան անցած մյուս երկու ուժերին՝ ԲՀԿ-ին ու «Լուսավոր Հայաստանին», ակնհայտ է, որ ԲՀԿ-ն մեկ անձի կուսակցություն է: Այդ կուսակցությունը կարողացավ օգտվել նրանից, որ ռեյտինգային ընտրակարգը չհանվեց, և ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները հնարավորություն տվեցին շատ ձայներ ստանալ: Եվ այդ ձայների շնորհիվ կարողացան մոտ 9 տոկոս վերցնել:
– Ինտրիգը կարծես այն է, թե ո՛ր ուժն է խորհրդարանում լինելու ընդդիմություն: Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ուժին հակակշիռ ուժ ունենալո՞ւ ենք:
– Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կարող է ընդդիմադիրի դեր խաղալ, որովհետև բիզնես շրջանակի հետ կապ ունի: Բացի այդ, կոալիցիայի հետ կապ ունեցող ուժ է ԲՀԿ-ն, իսկ դա այն կոալիցիան է, որն այսօր մեղադրվում է Մարտի մեկի գործով: Չմոռանանք, որ գոնե վկայությունների մակարդակով կա այն, որ Ծառուկյանի թիկնազորն էլ է մասնակցել դրան: Իսկ այսօր նույն այդ թիկնազորի պետն ամենաշատ ձայնն է ստանում ու մտնում խորհրդարան: Չեմ կարծում՝ ԲՀԿ-ն կկարողանա ընդդիմություն լինել, իհարկե, կքննադատի, բայց անընդհատ ուսի վերևից հետ նայելով, թե արդյոք իշխանությունը դա ո՞նց է ընկալում: Նույնը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, բայց այս դեպքում այլ պատճառ կա: «Լուսավոր Հայաստանը» մի փոքր ավելի կտրուկ ու սկզբունքային կլինի, բայց էլի որոշակի կաշկանդվածություն կունենա իրենց նախկին գործընկերների նկատմամբ:
– Եթե անդրադառնանք «Սասա ծռեր» կուսակցությանը, ապա ինչո՞ւ նրանք չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը:
– Ես կարծում եմ՝ բազմաթիվ պատճառներ կան: Առաջին հիմնական պատճառն այն է, որ ժողովուրդն ապատեղեկացված է «Սասնա ծռերի» մասին: Այսինքն՝ շատ կեղծ լուրեր են պտտվում կուսակցության մասին:
Երկրորդ՝ ամեն ինչ արվեց, որ «Սասնա ծռերին» պիտակավորեն որպես մարդասպանների, որպես զենքով խնդիր լուծողների և այլն: Բայց իրականության մեջ դա այդպես չէ, որովհետև ապստամբությունն ու բռնատիրության դեմ պայքարը լրիվ ուրիշ բան է:
Երրորդ գործոնը արտաքին ուժերի հետևողական աշխատանքն էր «Սասնա ծռերի» դեմ, մասնավորապես, Ռուսաստանի, որովհետև Ռուսաստանի համար ամենաանընդունելի կուսակցությունը եղել և մնում է «Սասնա ծռերը», որովհետև «Սասնա ծռերը», լինելով արմատական կուսակցություն, արմատից են ուզում խնդիրը լուծել: Այսինքն՝ եթե դու ուզում ես Հայաստանում կոռուպցիան վերացնել, առանց Ռուսաստանի ազդեցության թուլացման չես կարող: Քարոզարշավի ժամանակ ժողովրդին մոտավորապես սա էին ներշնչում՝ եթե «Սասնա ծռերը» գա իշխանության, նրանք ռուսներին Հայաստանից քշելու են, ռուսների հետ թշնամանալու ենք: Բայց «Սասնա ծռերը» դնում էր շատ կոնկրետ խնդիրներ, օրինակ՝ ասում էին՝ ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում պետք է ճշգրտվի և կանոնակարգվի՝ ծախսերի, իրավունքների, կարգուկանոնի մասով:
Եվ կար նաև չորրորդ պատճառը՝ ժամանակ ու միջոցներ չկային: Մի՛ մոռացեք, որ «Սասնա ծռերը» նոյեմբերի 8-ին է գրանցվել որպես կուսակցություն: Այդ ուշ գրանցման հետևանքով տպարանների հետ եղան խնդիրներ և այլն, ինչն ազդեց քարոզչության վրա: Բացի ժամանակից, նաև միջոցների խնդիր կար: «Սասնա ծռերը» իսկապես ժողովրդական կուսակցություն է, որևէ օլիգարխ չի ֆինանսավորում: Մեր օլիգարխները սիրում են իշխանական կուսակցություններին ֆինանսավորել:
– Այս ընտրություններով կարծես ավարտվում է հեղափոխական փուլը, որո՞նք պետք է լինեն նոր կառավարության ու խորհրդարանի անելիքները:
– Նոր իշխանությունը պետք է սկսի իրականացնել իր խոստումները: Օրինակ՝ դրանցից մեկը արդարության հաստատումն է արդարադատության միջոցով: Այսինքն՝ հանցագործը պետք է նստի բանտում, բայց մենք դեռ չենք տեսել դա: Հայտարարել, որ այլևս կոռուպցիա չկա, դեռևս չի նշանակում, որ կոռուպցիա չկա: Առավել ևս, Հայաստանում մոտ 500 մարդ կա, ովքեր անօրինական հարստացել են: Եվ իրենք պետք է ապացուցեն իրենց ունեցվածքի օրինականությունը, ոչ թե պետությունը: Արդարադատության սկզբունքը ֆինանսական հարցերում հենց դա է: Աշխարհի որևէ երկրի բանկում, եթե դուք ուզենաք փող դնել, առանց այդ փողի ծագումը պարզելու ձեզանից չեն վերցնի, անգամ գործ կհարուցեն:
Երկրորդ՝ պետք է կատարվեն այն խոստումները, որոնք կապվա ծ էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ, «Կուսակցությունների մասին» օրենքի հետ, Սահմանադրության փոփոխության հարցերը գոնե պետք է նախաձեռնվեն: Պետք է ստեղծվեն համապատասխան խորհուրդներ, գործընթացը պետք է մեկնարկի, որ մենք հասկանանք՝ այն կոստյումը, որը կարվել էր Սերժ Սարգսյանի հագով, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա Նիկոլ Փաշինյանը շարունակելո՞ւ է հագնել, թե՞ պետք է փոխի այդ կոստյումը: Դա սկզբունքային հարց է:
Նույնը վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնցով առնվազն ռեյտինգային ընտրակարգը պետք է վերացվեր, ինչը կառավարության ծրագրում ներառված կետ է: Դա կառավարությունը չարեց, բայց դրա համար պատասխանատվություն չկրեց: Եվ այսօր այդ ռեյտինգային ընտրակարգի պատճառով մենք ունենք այն խորհրդարանը, որն ունեինք: Ես վստահ եմ, որ եթե ռեյտինգայինը չլիներ, այլ պատկեր էինք ունենալու, վիճակը չէր խաթարվի: Իսկ այսօր քաղաքական պատկերը խաթարված է, որն իր մեջ ունի որոշակի անկայունության պոտենցիալ, որովհետև խորհրդարանը, բացի օրենսդիր մարմին լինելուց, ներկայացուցչական մարմին է: Եվ եթե այդ ֆունկցիան չի կատարում, նշանակում է, այդ մասով կորցնում է լեգիտիմությունը:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am