«Միանշանակ է, որ Թուրքիան նման բանաձևերի ընդունումից չի ճնշվում». Մուշեղ Խուդավերդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը

Պարո՛ն Խուդավերդյան, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն։ Բանաձևի երկրորդ ընթերցումը նախատեսված է 2022 թ. մարտի 22-ին։ Այս գործընթացը որքանո՞վ եք կարևորում, ու ի՞նչ է այն իրենից ենթադրում:

– Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն մի քանի տարի է՝ ընթանում է, տարբեր երկրներ ճանաչել են, սակայն Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնում: Ցեղասպանության ճանաչման նման գործընթացները շատ հաճախ արվում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով, բայց Թուրքիան, ինչպես գիտենք, չի պատրաստվում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Չմոռանանք, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի նախապայմաններից մեկն էլ Ցեղասպանության հարցի ճանաչման գաղափարից Հայաստանի հրաժարումն է:

Կոնկրետ դեպքում՝ բանաձևի ընդունումը և՞ս Թուրքիային ճնշելու նպատակով է:

-Կարծում եմ՝ տվյալ դպքում առկա է երկու հիմնապատճառ, առաջինը՝ ճնշում գործադրելն է Թուրքիայի վրա, իսկ երկրորդը՝ մարդկային, բարոյական տեսանկյունն է: Բայց, իմ համոզմամբ, Ցեղասպանության ճանաչման հարցի վերջնական լուծումը կլինի այն ժամանակ, երբ հայ-թուրքական որոշակի հարաբերությունների պարագայում կողմերը կկարողանան միմյանց հետ քննարկել այս հարցը:

Հակառակ դեպքում, եթե մենք հույսներս դնենք միայն միջազգային ճանաչման վրա, ապա, ինչպես ժամանակն է ցույց տվել, չնայած տարբեր երկրների ճանաչմանը՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվում:

Իսկ Թուրքիային այս բանաձևի ընդունումը կճնշի՞, պարո՛ն Խուդավերդյան:

– Փորձը ցույց է տվել, որ Ցեղասպանության ճանաչման փաստը, անկախ ճանաչող երկրից, Թուրքիայի առաջնահերթությունների վրա չի ազդում: Այդ հարցում նա ունի իր տեսակետը. նա հայկական կողմին մասնավորապես առաջարկում է ստեղծել միասնական հանձնաժողով, որը կքննի 1915 թվականի դեպքերը, այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումն ՝ պատմությունը թողնել պատմաբաններին:

Եթե ներկայումս խոսվում է 3+3 ձևաչափի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, կարծում եմ՝ այս հարցը նույնպես կքննարկվի ու ինչ-որ ձևով կստանա լուծում:

Այսինքն՝ այս բանաձևը որևէ կերպ չի՞ ազդելու Թուրքիայի գործողությունների վրա:

– Միանշանակ Թուրքիան չի ճնշվում նման բանաձևերի ընդունումից: Քանի երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նաև՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, բայց դա որևէ կերպ չի ազդում նրանց ու Թուրքիայի հարաբերությունների վրա, ընդհակառակը՝ այդ երկրները շարունակում են ակտիվորեն համագործակցել Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում:

Պարո՛ն Խուդավերդյան, կարծում եք, որ երկրորդ ընթերցմամբ և՞ս այս բանաձևը կընդունվի:

– Ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց հստակ է մի բան, որ Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի հարաբերությունները շատ լավ են, ու այս բանաձևի ընդունումը որևէ կերպ չի ազդելու նրանց հարաբերությունների վրա: Գուցե Թուրքիայի կողմից հնչեն քննադատական հայտարարություններ այս մասով, բայց միայն այդքանը:

Կոնկրետ այս բանաձևի ընդունման վերաբերյալ թուրքական կողմը դիրքորոշում հայտնե՞լ է, թուրքական մամուլն ի՞նչ է գրում:

– Թուրքական լրատվականները հիմնականում կենտրոնանում են այն լուրերի վրա, թե ինչը կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Այս մասով անդրադարձ չկա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am