«Հնարավոր է՝ մենք քառօրյա պատերազմի ժամանակ այդքան զոհ չունենայինք, եթե այդ գրպանումները չլինեին». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը:

– Պարո՛ն Զորիկյան, վերջին շրջանում մոդա է դարձել, որ նախկին պաշտոնյաներն ինքնակամ դիմում են կառավարությանը կամ իրավապահներին, կամ էլ հրապարակային հայտարարում են, որ պատրաստ են իրենց ունեցվածքի մի մասը նվիրել պետությանը: Այսպիսով նրանք փորձում են խուսափել պատժից, պե՞տք է արդյոք ներել նրանց:

– Եթե այդ գումարները հափշտակվել են պետությունից, քրեական գործեր պետք է հարուցվեն: Դատարանը կորոշի ինչպե՛ս վարվել: Միգուցե դատարանը կորոշի սիմվոլիկ մեկ դոլար վերցնել կամ ամբողջ ունեցվածքը բռնագրավել: Երբ լսում էի նրանց այդ հայտարարությունները, ինձ համար աբսուրդ էր, հատկապես որ զուգադիպեց այն կնոջ պատմության հետ, ով ստիպված է եղել 10 հազար դրամ գողանալ սոված երեխաների համար և 5 տարի ազատազրկման է դատապարտվել:

Տարօրինակ է, եթե անմեղ եք, ինչպե՞ս եք բացատրում ձեր այդ քայլը, որ պատրաստ եք այսքան միլիոն դոլար նվիրաբերել: Եթե այդ փողերը չթալանվեին, այդ գումարները Հայաստանինն էին, կբազմապատկվեին, կհարյուրապատկվեին: Այն, ինչ իրենք գրպանել են, պետք է երկրին ծառայեր:

Հնարավոր է՝ մենք քառօրյա պատերազմի ժամանակ այդքան զոհ չունենայինք, եթե այդ գրպանումները չլինեին, մեր զինված ուժերը շատ ավելի լավ վիճակում լինեին: Ուզում եմ ասել՝ դա գողություն է եղել: Բայց նման մարդիկ չեն հասկանում, նրանց ուղեղը չի կարող դա հասկանալ, մտածում են՝ հա, ի՞նչ է եղել, փող է, բյուջեից վերցրել ենք: Որպեսզի նրանք հասկանան, նրանց երևի պետք է ցույց տալ գեներալ Մանվելի տուշոնկեքը: Դա նույն բանն է, ես զարմանում եմ՝ զինվորից տուշոնկա գողանալը հասկանում են, բա այդ միլիոնները նույն հայկական բանակի՞նը չէին: Ոչ մի թշնամի երկիր չէր կարող այդքան լրտեսներ ներմուծել Հայաստան, որ ներսից բյուջեն դատարկեին, որ դու չունենաս բժշկություն, դպրոց, բանակ և այլն:

– Այսինքն՝ իշխանությունները չպե՞տք է գնան ներումների ճանապարհով, ամեն ինչ պետք է դատարա՞նը որոշի:

– Իհարկե, վարչապետն ասել է՝ օրենքի սահմաններում պետք է հարցը լուծվի: Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ չափի հափշտակությունների ժամանակ օրենքն ի՛նչ պատիժ է նախատեսում: Բայց եթե 10 հազար դրամի համար այդ բազմազավակ կնոջը 5 տարի են դատապարտել, ես պատկերացնում եմ, թե մի քանի միլիոն դոլար պետությունից հափշտակելու համար ի՛նչ հոդվածներ կան:

– Նախկինում այդ նույն անձինք հերքում էին, որ պետությունից ինչ-որ բան են գողացել, հիմա խոստովանում են ու պատրաստակամություն հայտնում նվիրել պետությանը: Հնարավո՞ր է նրանք փոխվել են:

– Զավեշտ է, երբ նման ինֆորմացիա ենք կարդում, մտածում ենք՝ հեքիաթ է, ինչ-որ մեկը կատակ է անում: Դե, իրենք սովորել են, որ փողով բոլոր խնդիրները կարելի է լուծել: Փողով դատավորին կարելի է գնել, փողով կարելի է մարդ վերացնել: Հիմա նրանք ուզում են հերթական անգամ փողով լուծել հերթական ծագած խնդիրը:

– Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր, որ եթե նրանք թալանի 98 տոկոսը վերադարձնեն, կարելի է մտածել ոմանց ներելու մասին: Այս թեզին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Իսկ վարչապետը չգիտի՞, որ երբ բանկից գումար ես վերցնում, տարիներ հետո ինչ տոկոսներով պետք է հետ վերադարձնես: Մի բան ակնհայտ է՝ հանցագործություն է կատարվել, պետք է օրենքի սահմաններում պատժվեն: Եթե մենք ուզում ենք նոր Հայաստան ունենալ, նոր Հայաստանը չի կարող հին մեթոդներով կայանալ:

– Ընտրությունների արդյունքում նոր իշխանություն է ձևավորվում, ի՞նչ պետք է անել, որ ժողովուրդը հուսախաբ չլինի:

– Ընդամենը պետք է կատարեն այն խոստումները, որոնք տվել են: Ժողովուրդը նրանց բոլորին ընտրել է կոնկրետ տրված խոստումների դիմաց: Այսինքն՝ ժողովրդի պահանջը դա է, որ տրված խոստումները կատարվեն: Իհարկե, պետք է անել ավելին, քան նախընտրական խոստումն է, բայց մինչև հաջորդ ընտրություններ գոնե տրված խոստումները պետք է կատարել:

Դա ամենալավ ճանապարհն է հետո վերընտրվելու համար: Դրվեց արդար ընտրությունների, ազնիվ մղումների սկիզբը, դե կարողացեք դա պահել, թույլ մի՛ տվեք, որ այդ աթոռը ձեզ տանի ու նախկինների ճահիճը մտցնի: Այնպես արեք, որ պատմության մեջ ձեր անունները գրվեն: Եվ այդ ընթացքում սերնդափոխություն կլինի, և մենք ի վերջո այս ահավոր ճահճից կկարողանանք դուրս գալ:

– Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շանսեր չունի այլևս, դա սպասելի՞ էր արդեն:

– Սպասելի էր, ամեն ինչ մեր աչքի առաջ էր տեղի ունեցել, չէ՞:

– Բայց նրանք հույսեր ունեին, որ մարդիկ իրենց կընտրեն, խոսում էին մտահոգվողների խնդիրները լուծելու մասին:

– Երբ ես կարդում էի, թե ինչեր էին նրանք ասում, զավեշտալի էր: Ասում էին՝ ամսի 9-ին մենք անակնկալ կանենք, մարդու ծիծաղ է գալիս: Այսօրվա օրով կարող ենք ասել՝ ՀՀԿ-ն անցավ պատմության գիրկը: Ինձ չի թվում, թե նրանք ուզում են վերափոխվել: Եթե չինովնիկը մնա իր չոր աշխատավարձի վրա, մենք էլ չենք մտածի նրանց կրճատելու մասին, ոչ ոք չի մնա այնտեղ, բոլորը դուրս կգան: Կգերադասեն ազնիվ բիզնեսով զբաղվել, ավելի շատ գումար կաշխատեն:

Այսինքն՝ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու էին նրանք ձգտում իշխանության: Դե եթե ՀՀԿ-ն իմանա, որ այսուհետ թալան չկա, ազնիվ պետք է աշխատել, չի էլ ձգտի իշխանության: Եթե ընտրությունները չեն կեղծվելու, ինչի՞ համար է պետք 59 հազար ձայն ունենալով՝ 300 հազար կուսակցի անունից խոսել:

Սուտը ստի վրա էր իրենց մոտ մինչև այն կետը, երբ արդեն իրենք չէին կարողանում կառավարել, իսկ ժողովուրդը չէր ուզում նրանց կողմից կառավարվել: Մենք հասանք այդ կետին, այդ ժամանակ են հեղափոխությունները լինում: Եթե նրանք կարողանային կառավարել այդ ձևով, Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ ուզեր քայլ անել, իր հետևից տանել, ոչ մի բան չէր լինի: Միաժամանակ եղավ, արդեն այդ թալանի կուրսը բերեց այն վիճակին, որ վերևներն արդեն իրենք էլ չկարողացան կառավարել:

Լուսանկարը՝ Factor.am

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am