«Մեր երկիրը խաղաղ է, սահմանները խաղաղ են». իշխանական պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը

– Պարո՛ն Մելքոնյան, Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական կողմի իրավասության տակ է, տեղեկացրել են, որ անցակետ են տեղադրում: Դուք իշխող ուժի ներկայացուցիչն եք խորհրդարանում, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

– Դե դա նոր բան չի, մաքսակետ դրեցին, հասկացանք՝ էդ մաքսակետը դրեցին: Իրանք ասում էին՝ մեզ միջանցք տվեք, մենք էլ ասեցինք՝ միջանցք չունենք տալու, ասեցին՝ ճանապարհ տվեք, մենք էլ ասեցինք՝ ճանապարհը լինելու է էնպես, ինչպես եղել է Սովետական Միության ժամանակ, երբ դուք Նախիջևանից ազատ գնացել եք Ադրբեջան, եկել եք: Էդ ճանապարհն էլ կբացվի, կգնաք-կգաք, ի՞նչ խնդիր կա:

Այլընտրանքային ճանապարհն աշխատում է, հիմա Տաթևով բոլոր գյուղերին ճանապարհ ենք գցում, որ ուրիշ խնդիրներ չառաջանան: Էս ամենը կլինի, մինչև սահմանագծում, սահմանազատումը կկատարվեն:

– Ստացվում է՝ Հայաստանը հայտնվել է փակուղում, ճիշտ չէ՞ր սահմանազատում, սահմանագծում արվեին, նոր միայն նման որոշում կայացվեր:

– Ուզում են մեզ դնեն փակուղու մեջ, ուզում են ամեն ինչ անեն, որ մենք թողնենք, գնանք, մենք ասենք՝ վերջ, խառնեն մեր ներքաղաքական վիճակը: Բայց մենք ունենք այլընտրանքային ճանապարհ Տաթևով, որն արդեն պատրաստ է: Ի՞նչ է եղել, այդ ճանապարհով կգնանք-կգանք:

– Կցորդիչով մեքենաների համար, ասում են՝ հարմար ճանապարհ չէ ու խնդիրներ կարող է առաջացնել:

– Անձամբ գնացել եմ ես, երկու ոլորան կար, որ արդեն լայնացրել են բեռնատարների համար, և անցյալ օրը 100 իրանական մեքենա կցորդիչներով եկել-անցել են արդեն:

– Ընդդիմությունն է ձեր իշխանությանը մեղադրում կատարվածի համար, հայտարարել են, թե կապիտուլյացիան շարունակվում է, և վարչապետը անընդհատ գնում է զիջումների ճանապարհով…

– Մեր երկիրը խաղաղ է, սահմանները խաղաղ են, ադրբեջանցիներն են սադրում ու ամեն ինչ անում են, որ պատերազմ հրահրեն: Մենք չենք սկսում պատերազմ, իրենք էլ չեն սկսում: Մեր երկիրը պետք է միասնական լինի: Ինչ վերաբերում է ընդդիմության դիմադրության շարժմանը, իմացեք, որ նրանք էդպես էլ կմարեն ու փողոցում կվերջանան, կգնան:

Նախկինները դուրս են եկել բացահայտ պայքարի, բայց էս ժողովուրդը չի սիրում իրանց, զզվում ա իրանցից: Չե՞ն հասկանում էդ մարդիկ՝ չե՛ն ուզում իրանց իշխանությունը: Արտահերթ ընտրություններ եղան, թող հաղթեին: Փողով, ամեն ինչով արեցին, հազիվ էդքան ձայն տարան, հիմա եթե մի հատ էլ ընտրություն լինի, իրանք վաբշե ձեն չեն տանելու: Իրանք ուզում են էս երկրի վերջը:

– «Հայաստան» դաշինքը իր հայտարարության մեջ նկատել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հետ կատարվածը «խայտառակ զիջում է»:

– Ո՞րն է զիջում, ո՞վ է զիջել էդ ճանապարհը: Սովետական նախկին սահմանը, ինչը եղել է 1988-90 թվականին, քանի՞ մետր է զիջվել: Էն ժամանակ էդ Էյվազլի գյուղը եղել է ադրբեջանական տարածք: Նույնը մնում է այսօր: Երևանից մեկը նստած հայտարարում է, թե սահմանները տվեցին… Թող հելնեն-գնան, տեղում նայեն՝ ինչ իրավիճակ է, ինչ սահման է:

– Դե, օրինակ՝ մասնագետներն ասում են, որ 20-ականների քարտեզներով Էյվազլին, Գորիս-Կապանը եղել է հայկական տարածք:

– 1926 թվականին է առաջին Սովետական Միության քարտեզը տպվել, որն իմ մոտ է: Մենք պետք է բանակցենք՝ ո՞ր քարտեզով ենք սահմանազատում, սահմանագծում անելու: Մենք աշխատում ենք այնպես անել, որ այդ քարտեզով անենք, մեր ցանկությունն է: Տեսնենք՝ ինչ կլինի:

Էսենց խառնելով էս երկիրը, ներքին անկայունություն ստեղծելով՝ էս վիճակով թույլ կտա՞ն իրանց պնդենք, որ սենց պետք է լինի: Իհարկե՝ ոչ: Խառնում են ներքաղաքական իրավիճակը:

– Ո՞վ է խառնում:

– Ադրբեջանցիներն են անում, իսկ մեր երկրի ներսում իրանց կցորդներն էլ շարունակում են: Դիմադրության շարժման հեղինակներն էլ էդ կցորդներն են, դրանք ադրբեջանցի են, ծնվել են Ադրբեջանական ՍՀՄ-ում:

– Լավ, ստեղծված լարվածությունը ինչպե՞ս է հնարավոր թուլացնել:

– Լարվածությունը, այո՛, պետք է թուլանա, մենք պետք է լինենք միասնական, որպեսզի նրանց քիթումռութը ջարդենք: Էս է մեր հիմնական խնդիրը: Եթե չդառնանք միասնական, ուրեմն էլ խոսելու բան չունենք: Եթե ուզում են Հայաստանն ուժեղ լինի, հզոր լինի, մենք պետք է միասնական մի ճակատով կռվենք, ոչ թե տասը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am