«Հայկական կողմն անընդհատ պետք է բարդացնի Ադրբեջանի վիճակը, նոր պայմաններ պարտադրի, այս մարդիկ, չգիտեմ, չեն կարող»․ Մանվել Սարգսյան

«Հայկական կողմն անընդհատ պետք է բարդացնի Ադրբեջանի վիճակը, նոր պայմաններ պարտադրի, այս մարդիկ, չգիտեմ, չեն կարող»․ Մանվել Սարգսյան
«Հայկական կողմն անընդհատ պետք է բարդացնի Ադրբեջանի վիճակը, նոր պայմաններ պարտադրի, այս մարդիկ, չգիտեմ, չեն կարող»․ Մանվել Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը փոխհամաձայնության են եկել ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում: Ի՞նչ նպատակ են հետապնդում ադրբեջանական կողմի այս հայտարարությունները:

– Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի համար վերջին երկու տարիները՝ ապրիլյան պատերազմից հետո, խնդիրներ են ստեղծել: Եվ փաստորեն կարելի է ասել, որ բանակցային գործընթաց գոյություն չունի: Նրանց համար գերխնդիր է ցանկացած գնով վերականգնել բանակցային գործընթացը՝ հին ձևաչափով, ինչպես եղել է նախքան ապրիլյան պատերազմը, և նրանք դրա մեջ են հիմա:

Ադրբեջանի համար բավական մեծ խնդիր է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման մասին: Այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհը՝ մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, հայտարարել են, որ 1994-95 թվականի պայմանագրերը իրավական հիմք են այդ հիմնախնդրի կարգավորման համար, անհանգստացնում է նրանց:

Ադրբեջանն ուզում էր հակառակը, ուզում էր ՄԱԿ-ի բանաձևերը լինեն: Այսինքն՝ այստեղ էլ վիճակը բարդացավ, կոնկրետացավ միջազգային հանրության դիրքորոշումը: Նրանք դեռևս Սերժ Սարգսյանի օրոք փորձում էին հասնել նրան, որ հայկական կողմը չպնդի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

Ինչ-որ տեղ նրանք հասել էին իրենց ուզածին, բայց հիմա Հայաստանում իշխանափոխություն է, և Ադրբեջանը տեսավ, որ իր ջանքերն իզուր գնացին: Ես ոչ մի նոր բան չեմ տեսնում, նրանք անընդհատ փորձում են նույնն անել, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միայն Հայաստանի Հանրապետության անունից է բանակցում, Արցախի անունից Արցախի ղեկավարությունը պետք է խոսի: Դա էլ իր հերթին բարդացրեց իրավիճակը, և Ադրբեջանը հիմա ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ վերականգնվում է բանակցային գործընթացը, որ կողմնակից են խաղաղության և այլն: Նրանք ամեն կերպ ապահովում են, որ Հայաստանն այսպես լռի ու չհիշեցնի այդ պայմանները:

– Հայաստանն այսօր դնո՞ւմ է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցը:

– Չի երևում, ես չեմ տեսնում: Ես կարծում եմ, որ հենց ինչ-որ տեղ եկել են նման համաձայնության, որ նրանք ռազմատենչ հայտարարություններ չեն անի, պրովոկացիաների չեն դիմի, ինչ-որ ուղիղ կապ են հաստատել: Պարզ երևում է, որովհետև անգամ համանախագահների հետ վերջին հայտարարությունում չկա Վիեննայի թեման: Այսինքն՝ պարզ երևում է, որ ինչ-որ բաներ պայմանավորվել են դրա շուրջ:

– Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխան տվեց ադրբեջանական կողմի այդ հայտարարությանը, ինչպե՞ս եք գնահատում այդ պատասխանը:

– Հենց այդ պատասխանից էլ երևում է, որ նման ինչ-որ պայմանավորվածությունների են եկել, այնքան, որ ֆորմալ բանակցային գործընթաց լինի անվտանգության խնդրի շուրջ:

– Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցելու է ՀՀ անունից, իսկ Արցախի կողմից պետք է բանակցություններին մասնակցի հենց Արցախի ղեկավարությունը: Այս դիրքորոշումն այսօր նա պնդո՞ւմ է, թե՞ իրավիճակ է փոխվել:

– Կարծում եմ՝ հենց դա է, որ Ադրբեջանը Հայաստանին խնդրում էր, որ չպնդեն, լռեն այդ հարցով: Իրենք էլ իրենց, այսպես ասած, խելոք կպահեն: Դա հարցի լուծում չէ, բայց Ադրբեջանի համար սա շատ ֆունդամենտալ է: Եթե Հայաստանն այդ խնդիրները շատ կտրուկ դնի, Ադրբեջանը շատ վատ վիճակում կհայտնվի: Նրանք ոչ մի բանակցության մասին չեն էլ մտածում, նրանց համար գերխնդիր է ամեն ինչ թողնել այնպես, որ կարծես ապրիլյան պատերազմ չի եղել, նոր հարցադրումներ չեն եղել: Սա է նրանց ուզածը: Հիմա թե ինչ են մտածում մեզ մոտ արտաքին գործերի նախարարությունում կամ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, դժվար է մի բան ասել:

– Իսկ որո՞նք պետք է լինեն հայկական կողմի անելիքներն այս իրավիճակում:

– Հայկական կողմն անընդհատ պետք է բարդացնի Ադրբեջանի վիճակը: Եթե միջազգային հանրությունը նման բաներ է առաջարկում, որոնք ուժեղացնում են մեր դիրքերը, պետք է շարունակել, պետք է Ադրբեջանին նոր պայմաններ պարտադրել: Այնքան բաներ են ասվել ապրիլյան պատերազմից հետո, թե՝ այս կանենք, այն կանենք: Այդ բոլորը ջրվեցին-գնացին, դրա համար էլ հարցը օդում կախվել է: Չկա, ռազմավարություն այսօր գոյություն չունի: Դիվանագիտորեն պետք է հաղթել դիմացինին, այս մարդիկ, չգիտեմ, չեն կարող:

– Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դարձյալ պետք է այց կատարի Մոսկվա: Այս օրերին քննարկումների կիզակետում գազի թանկացման հարցն է: Ի՞նչ է կատարվում:

– Ոչ մի խնդիր չկա, Պուտինն էլ է ասում՝ ոչ մի պրոբլեմ չկա: Գազի գինն ուղղակի մեջտեղ են գցում: Լավրովը հայտարարեց, որ ինչ-որ պայմանագիր են պատրաստվում ստորագրել՝ Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների մուտքի արգելքի մասին: Բայց ես կարծում եմ, որ դրա տակ ոչ մի բան չկա, ուղղակի այդպիսի նյարդային հայտարարություններ են անում, չեն շնորհավորում Փաշինյանին և այլն:

– Իսկ հնարավո՞ր է, որ գազի գինը շահարկելով՝ փորձում են ինչ-որ զիջումներ կորզել Հայաստանից:

– Կորզելն էլ կա, կամ էլ ուրիշ մթնոլորտ են ստեղծում: Պուտինն էլ է ասում՝ աշխարհը փոխվում է, պետք է նոր ձևեր գտնել: Ռուսաստանի կողմից տարբեր քաղաքագետներ իրար հետևից ասում են՝ անիմաստ է ռուսական ռազմաբազան մնա Հայաստանում, մնում է այնտեղ՝ ի՞նչ անի, հանենք տանենք:

Այս ամենը խոսում է այն մասին, որ նոր վիճակում այնտեղ էլ փորձում են ինչ-որ նոր ձևեր գտնել: Հո միայն հայ-ռուսական հարաբերությունները չեն, որ օդից կախված են: Այս ամենը կախված է ՌԴ հարաբերություններից ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ: Դա ազդում է նաև մեր հարաբերությունների վրա: Դրա համար դեռ շուտ է ասել, թե այս կամ այն հայտարարություններն ի՛նչ ուղերձ կամ նպատակ ունեն: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am