«Մանվելը պետք է դուրս չգար բանտից, քանի որ ոստիկանների մի բրիգադ էլ պետք է նրա տան մոտ դնել, որ վրիժառուները չգնան սպանեն». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

– Պարո՛ն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Երկրապահ կամավորականների միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց նախօրեին ազատ արձակելը։

– Գիտեք՝ չեմ ուզում սա շատ խորը քննարկել, քանի որ նա դրան արժանի չէ։ Ափսոսում եմ այն, որ Մանվելին, ցավոք, պատասխանատվության չենթարկեցին իր կատարած հանցագործությունների համար։ Եթե մի մարդ և՛ հավ է գողանում, և՛ մարդ է սպանում, նրան հավ գողանալու համար չպետք է դատեն, նրան մարդ սպանելու համար պետք է դատեն։

Այսինքն՝ ավելի ծանր հանցագործություններ կան, որում նրան պետք է ներգրավել։ Նա մեծ վնաս է հասցրել մեր ազգային-ազատագրական պայքարին։ Այն ժամանակ Մանվելի արարքները եղել են մեր ժողովրդի կամավորական սկզբունքայնությանը դեմ, այսինքն՝ նրա երեսից շատ-շատերը զզվել-հեռացել են Հայաստանից, և կամավորականության թափը կոտրվել է հենց Մանվելի և մանվելների շնորհիվ, ինչի հետևում կանգնած էր այն ժամանակվա ՀՀՇ-ն, այն ժամանակվա իշխանությունը։

Ոչ մեկին չենք մոռացել, ամեն ինչ հիշում ենք։ Եվ այն ժամանակվա իշխանությունը, քաջ իմանալով Մանվելի արարքները, նրան հովանավորում էին Վազգեն Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Արցախում՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Արդարացիորեն պետք է նշել, որ 93-ի վերջերին իրականում նրան Սամվել Բաբայանը քշել էր Արցախից։

Ես հիշում եմ, որ Սամվել Բաբայանը եկավ Հադրութ և ասաց, որ Մանվելին քշելու է, քանի որ ինքը այս-այս բաներն է անում, պատրաստ եղեք դիրքերն ընդունելու։ Ցավն այն է, որ հետագայում վիճակը ծանրացավ, Մանվելը բրիգադի հրամանատար էր՝ մոտ 2000-3000 զինվորի հրամանատար, և նրան նորից տվեցին հյուսիսային թևը։ Հետո Մանվելը նորից Հադրութ եկավ և հարավային թևն էր պահում։ Եվ արդեն նկարագրելու չէ, թե ի՜նչ թալան էր իրականացնում, թե խաղաղ պայմաններում քանի՛ զինվոր է զոհվել հանելուկային պայմաններում։

Հիմա բոլորի հարազատները, ովքեր կկարդան իմ ասածները, իրենք երևի թե պարտավոր են ձայն բարձրացնելու։ Էլ չեմ ասում այն բոլոր թալանը, որ նա արել է՝ ճանապարհներ փակելով, մարդկանց մեքենաները խլելով։

Ինքն էր, Նազիկն էր, իր շրջապատը, և պատկերացնո՞ւմ եք՝ ճանապարհները փակող 12 պոստ կար Հադրութից Խնձորեսկ։ Սա մինչև1998-99 թվականները։ Իսկ հետագայում թե Հայաստանում ինչ է կատարել, բոլորը քաջ գիտեն։ Որքան սպանություններ կան հանելուկային պայմաններում։ Չեմ մոռացել մի դեպք. Հադրութում Մանվելի ճակատի մարդիկ եկել զինվորին սպանել են և երկու ժամ հետո «ինքնասպանություն» գործած այդ զինվորի դիակը բերել են տվել մորը: Եվ այսպես շատ դեպքեր կան: Եվ Մանվելին չպատժեցին, թող Մանվելն արժանանա ժողովրդի դատին:

– Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով, մյուս բոլոր հոդվածները կարծեք թե չկան: Այստեղ խնդիր չե՞ք տեսնում:

– Այո՛, ապօրինի զենք, զինամթերք պահելը հանցագործություն է: Ինչո՞ւ են էջմիածնեցիները դուրս եկել բողոքի: Նրանք գտնում են, որ Մանվելը պետք է դատվի իրական մեղքերի համար: Ընդհանրապես Մանվելի դատվելը մեզ չէր պետք, այլ պատմությանը, որպեսզի դաս լինի, որ մանվելներ այլևս չաճեն:

– Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո կարծիքներ էին հնչում, որ այս «կծիկը» պետք է հասնի Արցախ, քանի որ Արցախում գեներալների մեջ էլ կան ապօրինի հարստացածներ և այլն: Կարծեք թե սայլը տեղից չշարժվեց: Ինչո՞ւ:

– Այո՛, կա նման երևույթ: Եվ մենք ուզում ենք արդարադատություն, ինչը, ցավոք, չի լինում: Տեսեք, օրինակ՝ Քոչարյանին կալանավորել են, բայց ես դրա հետ համաձայն չեմ: Ավելի լավ էր ո՛չ Քոչարյանին, ո՛չ էլ Մանվելին բռնեին, եթե պիտի բռնեին այսպիսի կիսատ-պռատ հոդվածներով: Ինչու, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի մյուս հանցագործությունները մեջտեղ չեն բերում, մի՞թե բողոքող չկա, թե՞ փաստեր չկան:

Օրինակ՝ ինչու Ռոբերտ Քոչարյանին չեն մեղադրում հանելուկային սպանությունների մեջ: Ի վերջո, գլխավոր դատախազ է սպանվել, ներքին գործերի փոխնախարարն է սպանվել, Պողոս Պողոսյանն է սպանվել: Կամ՝ ինչո՞ւ երկրի կարևորագույն տնտեսական լծակները օտարելու և հարստանալու համար չեն դատում:

Հիշո՞ւմ եք Մարտի մեկի դատավարության ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղբանտարկյալ, անընդհատ դա ասում էր, իսկ ինչո՛ւ հիմա չի ասում: Մի՞թե ստում էր, իհարկե ոչ, Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ճիշտ էր ասում: Իրավապահ մարմինները այսքանից պետք է իրենց հետևություններն անեին և արդարացիորեն պատժեին:

– Կարծում եք՝ դատական համակարգի՞ խնդիրն է:

– Իհարկե, այսպես այլևս չեն կարող պատճառաբանել, քանի որ ամբողջ իշխանությունն այսօր գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքին, նա արդեն 70 տոկոսով ունի ժողովրդի քվեն և պարտավոր է ձևավորել արդար դատական համակարգ և արդար դատավարություն:

-Կարծիք կա, որ եթե շարունակ բռնում-բաց են թողնում, սա ենթադրում է, որ իշխանության քայլերը իմիտացիոն են: Համամի՞տ եք:

– Իրավունք ունենք ենթադրելու: Մանվելը պետք է դուրս չգար բանտից, քանի որ ոստիկանների մի բրիգադ էլ պետք է նրա տան մոտ դնել, որ վրիժառուները չգնան սպանեն, որովհետև այնտեղ, որտեղ արդար դատաստան չկա, այնտեղ հնարավոր է լինի վենդետա, իսկ դա ծնում է անարդարությունը:

Լուսանկարը` Armlur.am

Մանե Հարությունյան

MediaLab.am