«Քանի որ չունենք եկամուտների աճ, սկսելու ենք ավելի պակաս սպառել, իսկ եթե սպառողը չլինի, տնտեսություն չի լինի». Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, անցած տարի սպառողների կողմից ո՞ր ապրանքատեսակներն են ավելի շատ սպառվել։

– Նման վիճակագրություն ընդհանրապես չի վարվում, թե մարդիկ ինչ են սպառել կամ չեն սպառել։ Դրա համար առանձին հետազոտություն է պետք, որի մեկնարկը կտրվի Ակադեմիայի գիտական կառույցի կողմից, հավանաբար՝ գարնանը։ Ինչ վերաբերում է ընդհանուր սպառման ծավալներին, ապա դեկտեմբերի վիճակագրությունը կունենանք փետրվարին։ Մենք այսօր կարող ենք ասել, որ կամայական արժույթի փոփոխություն, գնաճ ունենում են իրենց ազդեցությունը։

Մեր երկրում էլ, հաշվի առնելով սոցիալական վիճակը, էժան ապրանքի սպառումը մի փոքր աճում է, և մի փոքր նվազում է համեմատաբար ավելի թանկ ապրանքինը։ Բայց այստեղ ևս մի շատ հետաքրքիր առանձնահատկություն կա, օրինակ՝ տարիներ շարունակ, երբ տավարի միսը թանկացել է, զուգահեռ նվազել են տավարի մսի սպառման ծավալները, իսկ հավի սպառման ծավալներն աճել են։ Նախորդ տարի, օրինակ՝ տավարի մսի գնաճը, տոկոսային առումով, ավելի ցածր է եղել, քան՝ հավի մսինը, և սա կունենա իր ազդեցությունը։

Այսինքն՝ այն հարցը, որը հիմա քննարկում ենք ու դիտարկման կետից ենք նայում, ըստ էության, վիճակագրություն չվարվող հարց է՝ ի՞նչ ենք օգտագործում, ի՞նչ չենք օգտագործում։ Կան ապրանքատեսակներ, որոնց սպառման ծավալներն աճում են կամ՝ նվազում, բայց տարին տարվա վրա պետք է այդ վիճակագրությունը դիտարկել ու ոչ թե առանձին ամսվա կամ շաբաթվա կտրվածքով։

– Փաստորեն, ապրանքների սպառման ծավալների աճն ու նվազումը ուղիղ կապ ունեն նաև տվյալ ապրանքի գնի՞ հետ։

– Անպայման կա այդ կապը, գների փոփոխությունն անպայման ազդեցություն է ունենում սպառման ծավալների վրա։ Օրինակ՝ այն տարիներին, երբ ունենում ենք կարագով պատրաստված պաղպաղակ, որի գինը շատ թանկ չէ, դա ազդեցություն է ունենում բուսայուղով պատրաստված պաղպաղակի սպառման ծավալի վրա։ Այն տարին, երբ կարագով արտադրանքի գինը բարձր է, քիչ է սպառվում։

Սա այնքան բարդ գործընթաց է, որ եթե անկեղծ ասեմ՝ ավելի շատ փորձագիտական հանրությանն է հետաքրքրում, քան քաղաքացիներին։ Նեղ մասնագիտական վերլուծություններ են, որոնք ընդհանուր հանրությանն այդքան էլ հետաքրքիր չեն, որովհետև նրանց հետաքրքիր է, որ լինի ապրանք, որը հասանելի կլինի իրենց գրպանին, իսկ թե դա ի՞նչ մեխանիզմներով է աշխատում, ոչ մեկին հետաքրքիր չէ։

– Պարո՛ն Պիպոյան, նմանօրինակ վիճակագրությունը ի՞նչ նպատակով է արվում։

– Ամեն տարի մենք իմանում ենք նախորդ տարվա համեմատ, օրինակ՝ երշիկի կամ կաթնամթերքի արտադրության ծավալները, արտահանման ծավալները որքանո՞վ են փոխվել։ Այդ վիճակագրությունը վարվում է, որպեսզի, ըստ էության, վերլուծություններ արվեն՝ հասկանալու համար, թե որտեղ ինչ աշխատանք պետք է տանել, ու դրանք տարվում են ամեն տարի

– Նախորդ տարվանից սկսված գնաճը ոչ միայն նվազելու միտում չունի, այլ նաև շարունակվում է։ Շարունակվող գնաճն ինչի՞ կարող է հանգեցնել, երբ աշխատավարձերը շարունակում են անփոփոխ մնալ։

– Գնաճը պետք է դիտարկել եկամուտների աճին զուգահեռ, որովհետև դրա սոցիալական ազդեցությունն այդպես է։ Հասկանալի լեզվով ասեմ՝ եթե մարդը ստանում էր 100 հազար դրամ ու այդքանն էլ ծախսում էր, հիմա կյանքը թանկացել է, ու եթե նույն ապրանքներն է առնում, պետք է ծախսի 110 հազար դրամ, բայց ինքը սկսելու է ինչ-որ բաներ ավելի քիչ առնել, որովհետև եկամուտը 100 հազար է։ Իսկ եթե կյանքը դառնար 110 հազար, իսկ եկամուտները լինեին 120 հազար, իր կյանքը մի բան էլ կլավանար, որովհետև նա կսկսեր մի բան ավելի ձեռք բերել, քան նախկինում էր ձեռք բերում։

Իսկ մեր իրականությունում ունենք գնաճ ու չունենք այդ գնաճի հետևից հասնող եկամուտների աճ, բնականաբար դա ունենալու է սոցիալական բացասական ազդեցություն, քանի որ եթե չունենք եկամուտների աճ, սկսելու ենք ավելի պակաս սպառել։

– Տնտեսական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս գնաճը, պարո՛ն Պիպոյան։

– Ինչքան սկսենք քիչ սպառել, այնքան քիչ կարտադրենք, որովհետև դրա սպառողը չկա, ինչն ազդելու է տնտեսության վրա, ամեն ինչը փոխկապակցված է։ Ինչքան էլ քննարկենք մակրո-, միկրո տարածաշրջանային տնտեսական հարցերը, միշտ ունենք առանցք, որը սպառողն է, և եթե սպառողը չլինի, տնտեսություն չի լինի։ Իսկ այս գնաճը կշարունակվի, որովհետև մենք ինստիտուցիոնալ ենթակառուցվածքներով չենք աշխատում։ Օրինակ՝ ԱԺ-ն քննարկում է այս կամ այն գյուղմթերքի գնի բարձր լինելը, ու քննարկում են, թե ով պետք է սրանով զբաղվի։

Գյուղնախարարություն չկա, խնդիրը, ըստ էության, մրցակցային մարմնի տիրույթում չէ, իսկ էլ ո՞վ պետք է զբաղվի։ Մենք էլ պետք է հիշենք, որ չունենք ագրարային քաղաքականություն, եթե չկան համապատասխան ռազմավարություն ու քաղաքականություն, թողնում ենք ինքնակարգավորման, դա էլ բերելու է լրիվ այլ բացասական հետևանքների, որովհետև լրիվ ուրիշ բան է առաջարկ-պահանջարկով ձևավորված շուկան, որը ձևավորվում է սահմանված խաղի կանոններով: Իսկ երբ դու վատ խաղի կանոն ես սահմանում, առաջարկ-պահանջարկը բխում է այդ կանոններից։

– Ի՞նչ համակարգային աշխատանք պետք է տարվեր, որպեսզի հնարավոր լիներ խուսափել գնաճից։

– Չէինք կարող ընդհանրապես գնաճ չունենալ, բայց կարող էինք ավելի զսպված գնաճ ունեալ, եթե համապատասխան ոլորտներում համապատասխան աշխատանքներ տարվեին։

– Եթե ապրիլի 1-ից գազի սակագինը ևս բարձրանա, առաջին սպառման ապրանքների, ու ոչ միայն դրանց, գների բարձրացում կրկին կլինի՞։

– Ազդեցություն կունենա, բայց քանի որ տոկոսների ու կողմնակի ազդեցությունների մասին չգիտեմ, չեմ կարող հստակ ասել, թե որքան կլինի այդ ազդեցությունը։ Շատ կարևոր է պատշաճ աշխատանք, որովհետև այդ գազի գինը, երբ, օրինակ՝ բարձրանա 10%-ով, չի նշանակում, որ բոլոր ապրանքները պետք է զուգահեռ այդքան թանկանան, որովհետև գազն այդ ապրանքների մեջ ինչ-որ ինքնարժեք ունի, այսինքն՝ ինչ-որ ապրանքի գին կա, որի մեջ գազը տեսակարար մեծ կշիռ ունի:

Պայմանականորեն՝ ապրանքի գնի 30%-ը գազի ծախսն է, հիմա երբ գազը թանկանում է, դա նշանակում է իր 30%-ի չափով է թանկանում, ոչ թե 100%-ն է 30%-ով թանկացել։ Տվյալ ապրանքի համար 3%-ով թանկանալը նորմալ կլինի, որովհետև իր ինքնարժեքի մեջ այդ 30%-ը 10%-ով թանկացել է, բայց դրանից ավելին արդեն չարաշահում է, որը կարելի է կանխել, բայց թե ո՛նց կաշխատի պետությունը, ում համար ի՛նչ արտոնություններ կսահմանի՝ կդժվարանամ ասել։ Մեկ հոգին չէ, որ ամբողջ պետության ռազմավարությունը մշակի, դա մեծ ու բարձր որակավորում ունեցող թիմային աշխատանքի արդյունք է։

– Պարո՛ն Պիպոյան, առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների գնաճն անցած տարի որքա՞ն է կազմել։

– Աննախադեպ երկնիշ գնաճ ունենք, ու այս պարագայում ինչ-որ բանի մասին խոսելն ավելորդ է։ Պարենային ապրանքները 15%-ով են թանկացել։ Տարվա կտրվածքով 15% աճ ենք ունեցել, ամեն նախորդ ամսվա համեմատ հաջորդ ամսվա գնաճի տեմպ է ապահովում, այսինքն՝ անկման միտում դեռ չունենք։

7% տնտեսական աճի շեմ են սահմանել, իսկ փորձը ցույց է տալիս, որ սահմանված շեմը չենք պահում, իսկ կանխատեսվող գնաճը դրան մոտ և ավելին կլինի, եթե արմատական փոփոխություն չարվի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am