«Պատկերացրեք այն մարդկանց վիճակը, որոնք Մանվելի դեմ ցուցմունք են տվել, և նա դրա մասին գիտի, հիմա դուրս է գալիս, նրանց վիճակն ի՞նչ է». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարո՛ն Պապյան, տարին ավարտվում է, ո՞րն եք համարում Հայաստանի համար կնճռոտ խնդիրը:

– Կարծում եմ՝ և՛ այս պահի, և՛ առնվազն վերջին 25-30 տարվա համար ամենակնճռոտ հարցը եղել և մնում է Արցախի հարցը: Մենք հիմա բավական անորոշություններ ունենք այդ հարցում, որովհետև ադրբեջանական կողմը զանազան հայտարարություններ է անում, բայց մենք որևէ հստակ արձագանք չենք տալիս: Վերջինը, օրինակ՝ Մամեդյարովի պատրաստակամությունն էր Արցախին ինքնակառավարման կարգավիճակ տալու մասին:

Անգամ խոսք չի գնում ինքնիշխանության մասին, խոսք չի գնում ինքնավարության մասին, այլ ինքնակառավարման մասին է, ինչպես համայնքային կառույցներն են լինում: Հիմա մենք այդ հարցի շուրջ կարիք ունենք հստակ դիրքորոշման: Իհարկե, շատ լավ է ու անհրաժեշտ կռուպցիայի դեմ պայքարը, շատ լավ են ժողովրդավարությունն ու տնտեսական զարգացումը, որի վերաբերյալ խոստումներ ենք ստանում և հույս ունենք, որ միգուցե դրանք կիրականանան, բայց մի բան ակնհայտ է՝ եթե երկիրը չի լուծում իր անվտանգության խնդիրները, ապա այդ ամբողջը շատ արագ կարող է ի չիք դառնալ: Հետևաբար, ես կարծում եմ, որ կնճռոտ հարցը եղել է ու մնում է Արցախի հարցը:

– Այսինքն՝ հայկական կողմի արձագանքը ադրբեջանական վերջին հայտարարություններին համարժե՞ք չէ: Ընդհանրապես, ի՞նչ եք նկատում, հայկական կողմի պահանջը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, մնո՞ւմ է ուժի մեջ:

– Համարժեք չեմ համարում հայկական կողմի պատասխանը, որովհետև, ես արդեն ասացի՝ բավական հստակ չեն մեր պատասխանները: Իսկ Արցախի մասնակցությունը բանակցություններին էական հարց չէ, ընդամենը բանակցային ձևաչափին վերաբերող հարց է:

Բայց այստեղ խնդիրը բանակցությունների բուն էությունն է՝ արդյոք Մադրիդյան սկզբունքները շարունակո՞ւմ են մնալ մեզ համար ընդունելի, և արդյոք սկզբունքորեն հնարավո՞ր է լուծել Արցախի հարցը՝ տարածքներ՝ կարգավիճակի, իսկ տվյալ դեպքում՝ ենթադրյալ կարգավիճակի դիմաց սկզբունքով: Սա է հարցը, մենք անորոշության մեջ ենք այսօր:

– Վերջին օրերին բուռն քննարկվում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը, դրա դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում: Ինչպե՞ս եք գնահատում նրան ազատ արձակելու որոշումը:

– Բացասական եմ վերաբերվում, որովհետև խափանման միջոցը կարելի է փոխել միայն այն դեպքում, երբ այդ մարդը, գտնվելով ազատության մեջ, չի կարող ազդել հետաքննության կամ վկաների վրա: Ակնհայտ է, որ Մանվելի՝ ազատության մեջ գտնվելն էապես փոխում է մարդկային հոգեբանությունն իր շրջապատում և Վաղարշապատ քաղաքում, հետևաբար, ազդում է հետաքննության վրա: Էլ չեմ խոսում այն մասին, որ նման ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձն ընդհանրապես նման մարդասիրական մոտեցման չպետք է արժանանար: Ի վերջո, ինչ էլ ուզում է ասեն, թե կալանքը պատժի միջոց չէ և այլն, իսկ ո՞վ ասաց, որ պատժի միջոց չէ: Լավ էլ պատժի միջոց է:

Ես վատ եմ վերաբերվում նրա խափանման միջոցը փոխելուն, լավ եմ վերաբերվում մարդկանց բողոքին: Բայց այստեղ առաջին հերթին անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է միջամտի: Նրա բոլոր խոստումները՝ արդարության և արդարադատության վերաբերյալ, ի չիք են դարձել, որևէ հետևողականություն չկա այս ամբողջի մեջ: Եվ սա ավելի է ոգևորում այդ հանցագործներին և, հակառակը՝ մարդկանց դնում է հարվածի տակ: Դուք պատկերացրեք հիմա այն մարդկանց վիճակը, որոնք Մանվելի դեմ ցուցմունք են տվել, և Մանվելը դրա մասին գիտի, հիմա դուրս է գալիս: Նրանց վիճակն ի՞նչ է, առնվազն պետք է թողնեն-գնան Էջմիածնից:

– Այսինքն՝ ազատության մեջ մնալով, այնուամենայնիվ, Մանվել Գրիգորյանը վտանգ ներկայացնո՞ւմ է:

– Իհարկե, այդ մարդը միշտ էլ վտանգ է ներկայացրել, հիմա էլ կա այդ վտանգը: Դա ակնհայտ է, և հավաքվածները բազմաթիվ անգամ իրենց ցույցերի ժամանակ նշել են, որ այդ վտանգը զգում են:

 – Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ չի միջամտում դատական իշխանության աշխատանքին, դուք ասում եք՝ այս դեպքով անմիջապես Նիկոլ Փաշինյանը պետք է միջամտի: Նորմա՞լ է, երբ դատական իշխանությանը հրահանգներ են տալիս, ինչպե՞ս պետք է Փաշինյանը միջամտի:

– Շատ սովորական, հեղափոխական մեթոդներով: Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել հեղափոխությամբ, ուրեմն պետք է կառավարի որպես հեղափոխական առաջնորդ: Նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սովորական ընտրություններով չի գնացել և հաղթել, որ այդ սովորական ձևով էլ կառավարի: Հեղափոխությունը հեղափոխություն է, այնպես, ինչպես պատերազմը պատերազմ է:

Նա պետք է կառավարի ոնց որ իր իշխանության գալու ժամանակ էր կառավարում, այսինքն՝ պարտադրանքով: Չի կարող միջամտել դատարանի աշխատանքին, բայց կարող է պարտադրել նույն հասարակական ճնշմամբ: Դուք ո՞նց եք պատկերացնում, դատավորների և իրավական համակարգի 90 տոկոսից ավելին կապված է նախկին համակարգի հետ, խրված է կաշառակերության, զանազան հանցագործություններ պարտակելու մեջ, հիմա նրանք պետք է արդար դատավարությո՞ւն իրականացնեն, եթե նրանց վրա հասարակական ճնշում չլինի:

Ի վերջո, մեր Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, երկրորդ հոդվածն է: Եվ ասելով՝ իշխանություն, չի հասկացվում միայն գործադիր կամ օրենսդիր իշխանություն, նաև դատական իշխանության մասին է խոսքը, հետևաբար, ժողովուրդն իրավունք ունի իրականացնելու իր իշխանությունը և ճնշում բանեցնելու մեր դատական իշխանության վրա:

Եվ Նիկոլ Փաշինյանն էլ՝ որպես հեղափոխության առաջնորդ, պետք է դա առաջնորդի: Ուրիշ ի՞նչ ձև կա: Ես հիմա ինչ մտածեմ, որ արդյոք այդ խափանման միջոցները փոխելիս առաջնորդվել են օրենքո՞վ, թե՞ անձնական որոշակի շահագրգռությամբ: Հատկապես, եթե հաշվի ենք առնում դատավորների անցյալը:

– Այսինքն՝ պետք է մարդկանց կասկածները փարատվե՞ն:

– Այո՛, հասարակությունն արդեն սկսել է բացահայտ խոսել: Ուրեմն մարդիկ, ինչպես առաջ էին մուծվում դատավորներին, հիմա էլ են մուծվում դատավորներին և ստանում են իրենց ուզած վճիռներն ու որոշումները: Դա իրականություն է, թե ոչ՝ չգիտեմ, բայց նման գործընթացը հիմնավոր կասկածների տեղիք է տալիս, երբ մարդկանց բռնում են, պահում, հետո այս մարդիկ ինչ-որ մաս մուծում են պետությանը, մեկ էլ հանկարծ նրանց խափանման միջոցը փոխվում է:

Ի՞նչ փոխվեց Մանվելի պարագայում, որ մեկ էլ հանկարծ որոշեցին այդ ամենը փոխել: Այսինքն՝ հարցը հետևյալն է՝ եթե հեղափոխություն է, ուրեմն հեղափոխություն է, արե՛ք նորմալ հեղափոխություն: Եթե սա զուտ իշխանության փոփոխություն է, այսինքն՝ ՀՀԿ-ի փոխարեն իշխանության է եկել «Քաղաքացիական պայմանագիրը», այդպես էլ ասեք:

Ուղղակի ասեք՝ սա կուսակցական փոփոխություն է, թող ժողովուրդն էլ այլևս հույսեր չկապի: Մինչև այդ հանցագործները չլինեն բանտում, ոչ մի արդարադատություն չի լինի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am