«Մարդ զավակ է ունենում, հույսեր կապում նրա հետ…հաբռգած մի կենդանի ջնջում է երազանքները».մոմավառություն ի հիշատակ Վահե Ավետյանի

«Մարդ զավակ է ունենում, հույսեր կապում նրա հետ...հաբռգած մի կենդանի ջնջում է երազանքները».մոմավառություն ի հիշատակ Վահե Ավետյանի
«Մարդ զավակ է ունենում, հույսեր կապում նրա հետ…հաբռգած մի կենդանի ջնջում է երազանքները».մոմավառություն ի հիշատակ Վահե Ավետյանի

Բժիշկ Վահե Ավետյանի մահը ցասումի հասարակական ալիք է բարձրացրել. սոցիալական ցանցերը ողողված են «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի եւ մեղավորներին պատժելու, անտարբերությունից պայքարի դուրս գալու կոչերով:
Համատեղ քննարկումների արդյունքում, Ֆեյսբուկ սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբ հայտարարություն է տարածել այսօր ի հիշատակ Վահե Ավետյանի տեղի ունենալիք մոմավառության վերաբերյալ:
«Ժամը 21:00-ին Հարսնաքարի դիմաց, (Երևան, Աճառյան փող., 37 շենք, Ավան վարչական շրջան) տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի,-նշված է հայտարարության մեջ։
Այս ակցիան նպատակ ունի ցույց տալու մեր բոլորիս վճռականությունը և կամքը, որ մենք անտարբեր չենք լինելու նման անօրինությունների ու ինքնադատաստանի երևույթի նկատմամբ: Մենք պայքարելու ենք այնքան, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն և ՀՀ քաղաքացին մեր երկում իրեն զգա պաշտպանված և անվտանգ, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Նման դեպք կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Մեր մասնակցությունը սոլիդարության և ապագայում նման դեպքեր բացառելու հարց է»:
Հիշեցնենք, որ Վահե Ավետյանը հունիսի 17-ին դաժան ծեծի էր ենթարկվել իշխանական ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում՝ ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից:

12 օր մահվան ու կյանքի խաչմերուկում պայքարելուց հետո, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ի երեկոյան:

Դաժան ծեծի հետեւանքով, 33-ամյա Ավետյանի ուղեղում առաջացել էր հեմատոմա, որի հետեւանքով գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Հունիսի 17-ին՝ ծեծից հետո, գիշերը 03:00-ին նա հոսպիտալ էր տեղափոխվել եւ ենթարկվել էր գանգուղեղի վիրահատության: Երկրորդ վիրահատությունն էլ ոչինչ չի փոխել:

Գործի կապակցությամբ ձերբակալվել էին 7 հոգի՝ ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող:

«Մեր երկրում մարդիկ զավակ են ունենում, հույսեր կապում նրա հետ, հավատում նրա ապագային, պետական բյուջեով լավ թե վատ ծախս է արվում այդ քաղաքացու վրա, ու վերջինս կա’մ լքում է իր երկիրն ու ծնողին, կա’մ էլ վատագույն դեպքում` մի անպատժելի, թռփոշացած, հաբռգած կենդանի ջնջում է այդ ամենը` հույսեր, երազանքներ, ջանքեր, ներդրումներ, ապագա` ցույց տալով, թե մարդը Հայաստանում ճանճի նման բան է,-Վահե Ավետյանի ընտանիքին իր ցավակցական գրառման մեջ գրել էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

«Աննկարագրելի վիշտ է, ցավակցում եմ ծնողներին, ընտանիքին, քրոջը; Մեր հասարակությունը պետք է ինչ որ ձևով ընդվզի:Ինչ երեսով մենք պիտի նայենք Վահեի ծնողների, կնոջ, երեխաների ու հարազատների աչքերին,-ասում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:-Այ ժողովուրդ, չի կարելի լռել, չի կարելի, ոնց եմ հուսահատվում անզորությունից»:

Վահե Ավետյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա:

Նկարում՝ Վահե Ավետյանը կնոջ հետ

© Medialab.am