«Տեսանելի է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի օրակարգերը միացված են՝ հակասություններով հանդերձ, ինչը լավ է Հայաստանի համար». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

Պարո՛ն Սաֆարյան, Բրյուսելում՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ֆրանսիայի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Ըստ ձեզ՝ ո՞րն է եղել այս հանդիպման պատճառը, քանի որ նախապես չէր հայտարարվել, որ նման հանդիպում է սպասվում:

– Պատճառը եղել է Մակրոնի և Պուտինի հեռախոսազանգն ու պայմանավորվածությունը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ բրյուսելյան հանդիպումից առաջ: Ես չասեմ, թե Արևմուտքի ու Ռուսաստանի օրակարգերը համընկնում են, բայց տեսանելի է, որ օրակարգերը միացված են՝ հակասություններով հանդերձ:

– Եվ դա Հայաստանի համար լա՞վ է:                    

– Կարծում եմ՝ այո՛, որովհետև բոլոր մակարդակներում ունենալ կոնֆլիկտային իրավիճակ, հակասող օրակարգեր, շատ վտանգավոր է, և մենք դրա հետևանքները ճաշակում էինք ոչ միայն պատերազմից առաջ, այլ նաև պատերազմի ընթացքում ու դրան հաջորդած մեկ տարում:

Այժմ տեսանելի է, որ ընդհանուր հայտարար կա՝ չնայած տարաձայնություններին ու տարբերություններին, այնուամենայնիվ, բոլոր խնդիրները, որոնք կարևոր են Ռուսաստանի ու Արևմուտքի համար, դրվել են նույն սեղանին:

– Բրյուսելյան հանդիպումների արդյունքներն ինչի՞ մասին են խոսում, ու ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումները:

– ԵՄ միջնորդությամբ բրյուսելյան հանդիպումը կարևոր է, որովհետև նա միացավ նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրին ու մտավ դեմարկացիայի ու դելիմիտացիայի ֆորմատի մեջ, ինչը Հայաստանին անչափ պետք է՝ անցանկալի լուծումների հեռանկարն ու ճնշումը վերացնելու համար:

ԵՄ-ն նաև միացավ ապաշրջափակման գործընթացին՝ հայտարարելով երկաթուղու վերանորոգման հարցում իր մասնակցության մասին, ընդ որում՝ ընդգծելով, որ այդ ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններով ու ազգային սուվերենիտետի պայմաններում: Սա ոչ միայն փակում է «թուրք-ադրբեջանական սուվերենիտետով միջանցքի» հարցը, այլ նաև՝ «ռուսական սուվերենիտետով միջանցքի» տարբերակը:

Կարևոր է ընդգծել, որ Եվրամիությունը նման բազմամակարդակ ու բազմաշերտ ներգրավվածությամբ փակում է ռուս-թուրք-ադրբեջանական հնարավոր որևէ նոր գործարք՝ կրկին ՀՀ շահերի հաշվին:

Միանշանակ դրական եմ գնահատում այս հանդիպումները, բայց պետք է ասեմ նաև, որ այնպես չէ, թե թղթերին հետևում են: Արևելյան գործընկերության 2017 թվականի Բրյուսելյան հռչակագիրը ոտատակ է տրվել հենց Ալիևի կողմից: Այնպես չէ, որ մենք ասում ենք, թե օրակարգերն արդեն սեղանի վրա են, ու այնտեղ կան Հայաստանի խնդիրները: Այդ սեղանի շուրջ նստած են երկրներ, որոնք տարբեր հարցերում Հայաստանի հետ ունեն ընդհանրություններ, և Հայաստանը հնարավորություն է ստանում այդ խնդիրները լուծելու հարցում ունենալ գործընկերներ, սակայն սա դեռ չի նշանակում, թե բոլոր ռիսկերը չեզոքացված են: Հարցն այն է, որ ի տարբերություն անցած տարվա, այժմ կա օրակարգ, և կա ինչ-որ բան անելու քաղաքական ստորագրված հանձնառություն, թե ինչքանով կհաջողվի՝ մասամբ կախված է Հայաստանից, մասամբ էլ՝ ոչ: Բայց բոլոր դեպքերում սա մի բան էր, որն անհրաժեշտ էր:

– Պարո՛ն Սաֆարյան, որպեսզի Ալիևը հավատարիմ մնա ձեռք բերված պայմանավորվածություններին, անհրաժեշտ է միջնորդ երկրների կողմից գործադրվող քա՞յլ:

– Իհարկե՛, որովհետև այժմ, ըստ էության, նրանք իրենց հովանոցն են փռել այս գործընթացների վրա ու, բնականաբար, հանդես են գալու որպես այդ ամեն ինչի երաշխավոր:

– Իսկ այդ երկրներն ունե՞ն համապատասխան մեխանիզմներ, որոնցով կարող են ստիպել, որ Ադրբեջանի ղեկավարը սադրանքների դիմելու փոխարեն կատարի այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել:

– Կարծում եմ՝ ունեն, ընդհուպ Ադրբեջանին պատժելու լծակներ, որովհետև Ադրբեջանը ո՛չ Թուրքիա է, ո՛չ Իրան, ո՛չ Չինաստան է, ո՛չ Ռուսաստան, որ կարողանա պատժամիջոցներին դիմանալ:

Առայժմ խնայում են Ադրբեջանին, այսպես ասած, փորձում են որոշ բաներ շրջանցել, որոշ բաներ ուղիղ չասել՝ հույս ունենալով, որ նա կառուցողաբար կներգրավվի գործընթացներում: Բայց, իհարկե, ունեն լծակներ, որոնք չեն գործադրվել մինչ այժմ, բայց որոնք կարող են գործադրվել, եթե Ադրբեջանը շարունակի համառել:

– Պարո՛ն Սաֆարյան, գուցե Ադրբեջանն էլի՞ շարունակի համառել, քանի որ ունի Թուրքիայի անթաքույց աջակցությունը:

– Գիտեք, այդ ամեն ինչն ունի սահման, ակնհայտորեն նրանք արդեն հասել են այն բանին, երբ խոսքը ոչ միայն Հայաստանի շահերի ոտնահարման մասին է, այլ մյուս երկրների շահերը ևս ոտնահարվում են: Ի վերջո, խոսքը տարածաշրջանում Եվրամիության, ԱՄՆ ներգրավվածության մասին է, որը նրանք թույլ չեն տալիս, իսկ այստեղ արդեն այդ ուժային կենտրոնները գործելու են ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն իրենց շահերի, ու այդ պատժող քայլերին կարող են դիմել, եթե Ադրբեջանը շարունակի նույն ձևով:

Ես չեմ ասում, թե Թուրքիայի աջակցությունը քիչ է, կամ այս պայմաններում Ադրբեջանին չի հաջողվել որևէ բան անել, որովհետև, ի վերջո, նրան հաջողվեց ուժով փոխել ստատուս քվոն, բայց եթե անգամ այդ փոփոխությունը լուռ համաձայնությամբ ուղեկցվեց, ինչը տեսանելի էր պատերազմի օրերին, այդուամենայնիվ, այնպիսի խնդիրներ, ինչպես, օրինակ՝ Մինսկի խմբի գործունեության վերսկսումը թույլ չտալը, 3+3 ձևաչափով Արևմուտքին և բոլորին տարածաշրջանից դուրս դնելը, իհարկե, չի կարող պատասխան չունենալ:

– Նկատի ունեք, որ այս երկրներն ակտիվացել են, քանի որ թուրք-ադրբեջանական գործողություններն արդեն ոտնահարում են նաև իրե՞նց շահերը:

– Այո՛, այո՛:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am