«Մենք հասանք մեր առաջին նպատակին, որպեսզի գիրքը դառնա սիրելի, դառնա նվեր, գիրք ընթերցելու մշակույթը վերադառնա». Արքմենիկ Նիկողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը

– Պարո՛ն Նիկողոսյան, «Դարան» գրախանութում տարեմուտի կամ, ինչպես ընդունված է ասել՝ արքոյական զեղչեր էին: Արդեն քանի՞ տարի է, որ այս ակցիան գործում է, միտքն ինչպե՞ս առաջացավ ու դարձավ ավանդույթ:

– Ակցիան առաջին անգամ իրականացրել ենք 2018 թվականին: Միտքը հետևյալն է. դեկտեմբերի վերջից, այսինքն՝ Նոր տարուց երկու շաբաթ առաջ, հենց «Դարան» գրախանութում կազմակերպել տարեմուտի մեծ գրավաճառ, որտեղ կլինեն շատ զեղչեր, ինչը հնարավորություն է, որպեսզի գրքասերները կարողանան իրենց սիրելի գրքերն ավելի մատչելի գներով ձեռք բերել, և հետո՝ ավանդույթ ձևավորել, որ Ամանորին անպայման միմյանց գիրք նվիրեն:

Այս շրջանը շատ հարմար է դրա համար, իհարկե, ընթացքում մեր նախաձեռնությունը զուտ ակցիայից վերածվեց գրքատոնի, որովհետև այդ օրերի ընթացքում նաև գրքերի շնորհանդեսներ են տեղի ունենում գրախանութում և, որպես խորհրդատու վաճառողներ՝ հանդես են գալիս ճանաչված թարգմանիչներ, գրողներ, և ընթերցողների համար լրացուցիչ առիթ է, որպեսզի իրենց սիրած հեղինակների ու թարգմանիչների հետ հանդիպեն, նրանց մակագրությամբ գրքեր ձեռք բերեն և այլն:

Այս տարիների ընթացքում միշտ մարդաշատ է եղել ու ընթացքում նույնիսկ ավանդույթ է ձևավորվել, որ շատ մարդիկ տարվա ընթացքում գումար են հավաքում, որպեսզի տարեվերջին մասնակցեն այս գրատոնին և իրենց սիրելի գրքերը մատչելի գներով ձեռք բերեն:

– Ակցիան նպատակին ծառայե՞ց, կարողացա՞ք հանրության մեջ ձևավորել այն մշակույթը, որ գիրքը լավագույն նվերն է և միմյանց կարելի է գիրք նվիրել ոչ միայն Ամանորին, այլև՝ ընդհանրապես:

– Կարծում եմ՝ այո՛, որովհետև սա միայն այս միջոցառման հետ չի կապված, արդեն տարիներ շարունակ, նույնիսկ տասնամյակ այդ միտումը փորձում ենք իրագործել մեր հասարակության մեջ, և տարեցտարի ավելի-ավելի հաճախ եմ տեսնում, որ գիրքը նվեր է բոլոր առիթների համար:

Հիմա ականատես ենք Ամանորի համար գնվող գիրք-նվերներին, հետո ծննդյան օրերի համար են գիրքը որպես նվեր ընտրում, բնականաբար, գիրք նվիրելու օրը, ու, ինչը ինձ շատ հաճելի է, վերջին երկու տարում տեսնում եմ, որ կանանց միամսյակի, Սուրբ Վալենտինի, Սուրբ Սարգսի տոներին ևս իրենց սիրելիներին, մայրերին, քույրերին նվիրում են գրքեր:

Շատ կարևոր է նաև այն, որ ոչ միայն նվիրողն է դրանից հաճույք ստանում, այլև այն մարդիկ, որոնց պետք նվեր տան, հենց իրենք են պահանջում, որ իրենց գիրք նվիրեն: Ես կարծում եմ, որ դա արդեն շատ ընդունված ավանդույթ է մեր հասարակության մեջ, ու գրքի շուրջ աշխուժությունն էլ հենց դրանով է պայմանավորված:

– Գրքասերների նախասիրությունների մասով կխնդրեմ մանրամասնեք, ի՞նչ գրքեր է նախընտրում հայ ընթերցողը, ու տարիքային ո՞ր խմբի ներկայացուցիչներն են այցելում գրախանութ:

– Տարբեր տարիներին պատկերը տարբեր է լինում: Հիմա շատ դժվար է միանշանակ ասել նախասիրությունների մասին, որովհետև, իհարկե, բազմազանությունը բազմազանություն, բայց մենք տեսնում ենք, որ նաև մի զգալի մաս նախորդ տարիների հավատարիմ ընթերցողներն են գալիս, ու, բնական է, որ որոշ գրքերի խմբաքանակ կա՝ անուններ, հեղինակներ, վերնագրեր, որոնք նախորդ տարիներին արդեն գնել են ու հիմա գալիս են ուրիշ գրքերի հետևից:

Բայց եթե ընդհանրացված ասեմ, բնականաբար, Ամանորի շրջանում ավելի շատ մանկական, պատանեկան գրքերն են սպառվում ու սիրված նվերներ են, բայց ընդհանրական պետք է ասեմ, որ գնալով հայ ընթերցողի ճաշակը բարձրանում է, և նա ավելի պահանջկոտ է դառնում, ինչը, բնականաբար, ազդում է նաև հրատարակչական գործի վրա, հրատարակչությունների ընտրած գրքերի ու թարգմանությունների որակի վրա, և, բնական է, որ այդ ուշադրությունն ու պահանջկոտությունը օգնում են, որպեսզի հրատարակիչներն էլ է՛լ ավելի կատարելագործվեն:

Կոնկրետ զեղչերի մեկնարկի օրը, երբ մի քանի ժամ էր անցել, բնականաբար, նոր գրքերի համար էին գալիս մարդիկ, օրինակ՝ Ուիլյամ Սարոյանի «Ռոք Վագրամ», որը նոր է լույս տեսել, և կան, ասենք, պահանջված ու տարվա ընթացքում սիրված բեսթսելլերներ՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքն» է, Հովիկ Աֆյանի գրքերն են, Հովիկ Չարխչյանի գիրքն է «Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ», որը վերջին շրջանում է լույս տեսել և շատ պահանջված է:

– Ընթերցողները հիմնականում նախընտրում են արտասահմանյա՞ն գրողների գործերը, թե՞ հայ ժամանակակիցների, պարո՛ն Նիկողոսյան:

– Հարաբերակցությունն այսպես դիտարկենք. արտասահմանյան գրողների գրքերը, բնականաբար, շատ ավելի շատ են, եթե այդպես քանակով նայենք՝ բնականաբար արտասահմանյան գրողների գրքերը: Ժամանակակից գրականության շուրջ ուշադրությանը պետք է հարաբերականորեն նայել:

Ես կարող եմ փաստել, որ հիմա ավելի մեծ ուշադրություն կա ժամանակակից հայ գրականության հանդեպ, քան նախորդ տարիներին, ու դրա վկայություններից մեկն էլ այն է, որ մենք այսօր ունենք ժամանակակից հայ հեղինակների գրքեր, որոնք տարվա կտրվածքով 2-10 անգամ ավելի շատ են վաճառվել, քան արտասահմանյան բազմաթիվ հեղինակների գրքեր:

Կոնկրետ՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» 1000 օրինակով արդեն սպառվել է, նույնը՝ Հովիկ Աֆյանի «Կարմիրը» արդեն 800-ից ավել վաճառվել է: Վստահ եմ՝ նույն ճակատագիրն է սպասում Հովիկ Չարխչյանի գրքին, այսինքն՝ այս ցուցանիշներով պետք է դատենք, ոչ թե՝ ընդհանուր թվաբանությամբ, ուշադրությունը կա, հետաքրքրվածությունը կա, այն, որ չեն ափսոսում ժամանակակից գրողի գրքին փող տալ՝ արդեն փաստ է:

– Տարիներ շարունակ լսել ենք, որ հայ հասարակությունը ընթերցասեր չէ, գիրք չի սիրում, չի կարդում: Հիմա այս առումով ի՞նչ միտում եք նկատում, փոփոխություններ կա՞ն:

– Մենք հասանք մեր առաջին նպատակին, որպեսզի գիրքը դառնա սիրելի, դառնա նվեր, գիրք ընթերցելու մշակույթը վերադառնա: Այժմ երկու խնդիր պետք է լուծենք՝ մեկը՝ մի քիչ տեղային, մյուսը՝ շատ գլոբալ, իմ կարծիքով:

Առաջինը՝ բարձրացնել հայ ընթերցողի ճաշակը, որպեսզի ախմախ գրքեր շատ չկարդան, և երկրորդը, որը շատ-շատ եմ կարևորում, կարողանալ այդ ընթերցած գրքերի տված գիտելիքը գեներացնել մեր հասարակության, մեր պետության տարբեր հատվածներում կարևոր գործերի իրականացմանը, այսինքն՝ հասարակության ընդհանուր մակարդակի բարձրացմանը պետք է հասնենք, որը կարող է նոր բարիքներ բերել մեր երկրին ու թույլ չտալ կրկնել այն աղետները, որոնք վերջին տարիներին մեր պետության, ժողովրդի կյանքում տեղի ունեցան:

– Հետպատերազմյան Հայաստանում ընթերցողների թիվն ավելացե՞լ է, թե՞ նվազել: Այս իրողություններն ինչպե՞ս են ազդել գրքերի վաճառքի վրա:

– Եթե էլի թվաբանորեն նայենք, ապա հետպատերազմյան շրջանում աճ է գրանցվել և՛ գրքերի վաճառքում, և՛ նոր հրատարակվող գրքերի մասով: Կան նաև գրքեր, որոնք սրընթաց աճ են գրանցել, նույն Գարեգին Նժդեհի գրքերը, Մոնթե Մելքոնյանի գրքերը, Վազգեն Սարգսյանի, սկսել են կրկին մեծ ուշադրություն դարձնել պատմավեպի ժանրին, այսինքն՝ վերադառնում են մեր պատմությանը, մեր փորձին:

Այս պարտությունից հետո փորձում են այն դրվագները վերհիշել, երբ մենք հաղթել ենք, հաղթական ոգին են ուզում դրանով վերականգնել և այլն, բայց գլոբալ եթե ասեմ՝ այդ ամեն ինչը կարող է կորչել, եթե այդ գիտելիքը չգեներացվի՝ որպես մտածողության որակ:

Իհարկե փոփոխություն կա, ես հուսով եմ, որ մենք դասեր ենք քաղել վերջապես, որովհետև, իմ կարծիքով՝ մենք երբեք պատմությունից դաս չենք քաղել, հուսանք՝ սա մեր պատմության վերջին ողբերգական դրվագը կլինի, որից դուրս կգանք դասեր քաղած գիտելիքի, գրքի շնորհիվ:

– Ընթերցողների շրջանում միշտ եղել է այն դժգոհությունը, որ գրքերի գները բարձր են, ինչը գլխավոր խոչընդոտն է, որպեսզի գիրք գնեն: Պարո՛ն Նիկողոսյան, ի՞նչ կասեք այս մասին:

– 2012 թվականից ես այս ոլորտում եմ, ու այդ տարվանից առ այսօր մեր «Օտարգիր» մատենաշարի գրքերը եղել են միջինը 5000 դրամ, «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարինը՝ 5000-6000 դրամ, «XXI» մատենաշարի գները՝ 3000-3500 դրամ:

Անցել է 9 տարի, երկրում, աշխարհում ամեն ինչ թանկացել է՝ թուղթ, աշխատուժ, աշխատավարձեր են բարձրացել և այլն, և այլն, ամեն ինչ թանկացել է, բայց այդ գրքերի գները մեկ դրամով չեն փոխվել: Հիմա դուք ասեք՝ գիրքը թա՞նկ է, թե՞ էժան:

– Ընթերցողներին ի՞նչ է խորհուրդ տալիս կարդալ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ու ինչո՞ւ է պետք կարդալ առհասարակ:

– Գիրք պետք է միշտ կարդալ, որպեսզի չպիտակվել տարբեր պիտակներով, որպեսզի լինել անհատականություն, որպեսզի չվերածվել ամբոխի, չլինել շատի մի մաս՝ հատկապես բացասական իմաստով: Իսկ ինչ վերաբերում է ինչ կարդալուն, նախկինում կարողանում էի խորհուրդ տալ, հիմա դժվարանում եմ, որովհետև իսկապես Հայաստանի հրատարակիչները հիմա շատ լավ են աշխատում, շատ լավ գրքեր են հրատարակվում, ու իմ կարծիքը կարող է շատ սուբյեկտիվ լինել, բայց քանի որ այս տարի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծման 180-ամյակն է, ես բոլորին խորհուրդ կտամ, որ տանը ունենան այդ վեպը, եթե նույնիսկ չեն կարդալու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am