«Բոլշևիկյան Ադրբեջանի կառավարիչները ԼՂ հարցում ավելի գիտակ և կառուցողական էին, քան Հայաստանի գործող վարչապետը». Վահրամ Աթանեսյան

Ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ բանակցությունների ու Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները վրդովմունքի ալիք են բարձրացրել Արցախում:

Դեկտեմբերի 24-ի իր ասուլիսում վարչապետն ասել էր, թե 2016-ին կողմերին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երեք փաթեթ է ներկայացվել, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթ չի եղել։ Նաև նշել, որ 2016-ին առաջարկված փաստաթղթերով Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցը Մինսկի խմբից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տիրույթ էր տեղափոխվում։ «Էստեղ լուծվելու էր մի հարց, որ մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լինելն, ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով, Ղարաբաղը որ երկրի մաս է կազմում։ Երբ որ սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում է, սա դառնում է շատ կանխատեսելի մի լուծում, ինչո՞ւ, որովհետև 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որտեղ ասվում է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Ասել է հետևյալը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը»,- նշել էր վարչապետը:

Խոսելով Արցախի կարգավիճակի հարցի որոշման մասին՝ Փաշինյանը նշել էր, որ ըստ բանակցված փաստաթղթի՝ նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը ևս մասնակցելու էր ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեին ու եզրահանգել. «Եթե ԼՂ ադրբեջանական բնակչությունը հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի, ուրեմն այն ունի նաև Լեռնային Ղարաբաղից ինքնորոշվելու իրավունք»:

Փաշինյանին բավական կոշտ արձագանքել են Արցախի արտգործնախարարը, այնուհետև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով. «Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն»:

Նաև ընդգծել. «Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991 թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն, և իրենց բնակիչները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ»:

Այսօր էլ Արցախի Ազգային ժողովն էր հայտարարություն ընդունել՝ նշելով. «Անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները»:

Արցախցի վերլուծաբան Վահրամ Աթանեսյանին հետաքրքրում է՝ ինչո՞ւ Փաշինյանն այդ մասին չի խոսել վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո:

«Պոստ ֆակտում դատողությունները, եթե նույնիսկ դրանցում ճշմարտության զգալի չափաբաժին կա, որևէ նշանակություն չունեն։ Նիկոլ Փաշինյանը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դա քաղաքական պաշտոն է։ Այդ կարգավիճակում նա պետք է բանակցային գործընթացից գոնե ընդհանուր գծերով տեղեկացված լիներ։ Այդ դեպքում ինչո՞ւ էր մղվում վարչապետի պաշտոնին։ Ինքը հերո՞ս էր, գնում էր Ադրբեջանին ծնկի բերելո՞ւ։ Ի՞նչ ռեսուրսով։ Կամ ինչու՞ այդ մասին չի խոսել վարչապետի պաշտոնը ստանձնելուց, ասենք, մի ամիս հետո։ Փաշինյանն ունի՞ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխան՝ թող խոսի այդ մասին։ Փաշինյանը ձախողել է պատերազմի օրակարգը, հիմա էլ տանուլ է տալիս խաղաղությունը։ Քաղաքական այդ թիմը բոլոր առումներով ոչ կոմպետենտ է»,- «Մեդիալաբին» ասում է Վահրամ Աթանեսյանը

Ավելին, նա վարչապետի հայտարարությունները հիմնախնդրի լուծման շուրջ համարում է ոչ կոմպետենտ անձի կողմից արված խոսք: «Բոլշևիկյան Ադրբեջանի կառավարիչները Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի գիտակ և կառուցողական էին, քան Հայաստանի գործող վարչապետը։ Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մասին 1923-ի հուլիսի 7-ի Ադրբեջանի ԽՍՀ Կենտգործկոմի Դեկրետում նրանք գրել են, որ մարզը «կազմավորվում է Ղարաբաղի հայկական մասից», և ավելացրել, որ տարածքի «հողը, ջուրը, անտառները» և մյուս բնական ու ձեռակերտ հարստությունները «մնում են որպես ներկայիս տերերի սեփականություն»։ 2021-ի դեկտեմբերի 24-ին ազգակործան պատուհասը հայտարարեց, թե ինքը համաձայն չէ, որ «Լեռնային Ղարաբաղը հայկական է»»,- նշում է Աթանեսյանը։

Ղարաբաղյան հարցը, ըստ նրա, զգայուն հարց է, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած ուժը կոմպետենտ և ադեկվատ չեն, որպեսզի «նման էկզիստենցիալ հարցերում բանակցություններ վարեն»։

Իրականում, նրա խոսքով, թեման բազմաշերտ և տարողունակ է, ու Ստեփանակերտում պետք է բավարարվեին նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձով, մանավանդ որ Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունը դրան ոչինչ չի ավելացնում։ «Սա քաղաքական էպատաժի թեմա չէ։ Ավելին չասեմ»,- նշում է նա։

Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ արդյոք Հայաստանի և Արցախի միջև լուրջ խզում է առաջանում, Աթանեսյանն արձագանքում է. «Ամբողջական կամ սպառիչ պատասխան այս պահին չունեմ։ Տպավորություն է, որ խնդիրն ավելի շատ արտաքին, աշխարհաքաղաքական չափազանց բարդ իրավիճակից է ածանցվում»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am