«Քաղաքացին պետք է վստահի իշխանության թևերին, ոչ թե Սահմանադրությանը». սահմանադրագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը

– Պարո՛ն Այվազյան, ԲՀԿ-ն հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների հարցով մտադիր են դիմել ՍԴ, սակայն «Լուսավոր Հայաստանը» նշել է, որ գործող Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս ԱԺ պատգամավորներին: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ կարող են պատգամավորները սահմանադրական փոփոխությունները վիճարկել ՍԴ-ում:

– ԲՀԿ-ն երբ հայտարարում է, որ դիմում է Սահմանադրական դատարան ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշումը բողոքարկելու առումով, Սահմանադրությամբ նման հիմք չկա, այդ իրավունքը չունի: «Լուսավոր Հայաստանը» դա նկատի ունի: 

Մյուս կողմից՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով իրավունք ունեն վիճարկելու սահմանադրական մարմինների լիազորությունների միջև առաջացած վեճերը: Այսինքն՝ ԲՀԿ-ն եթե դիմեց ՍԴ, պետք է ոչ թե դիմի ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական եղանակով իրականացնելու համար, այլ պետք է դիմի այն հիմքով, որ ԱԺ-ն յուրացրել է ՍԴ-ի լիազորությունները, և կա վեճ ԱԺ-ի և ՍԴ-ի լիազորությունների առումով: 

Եթե այդ հիմքով դրական որոշում եղավ, նոր դրանից հետո, դրա հիման վրա կարող են մյուս խնդրին անդրադառնալ: Միանգամից իրավունք չունեն դիմել Սահմանադրական դատարան և վիճարկել երեկ Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները:

– ՍԴ անդամ դատավորներն են այսօր հայտարարություններով հանդես եկել. նրանից Ալվինա Գյուլումյանն ասում էր, որ ինքը 2014 թվականից է նշանակված, հետևաբար իր վրա այս փոփոխությունները չեն տարածվում, Ֆելիքս Թոխյանն ասում էր՝ վարկեր ունեմ, ինչպե՞ս եմ փակելու, մեզ խոստացել էին, որ մինչև 70 տարեկանը պետք է ՍԴ անդամ լինենք: Հրայր Թովմասյանն էլ հայտարարել է, որ առ ոչինչ իրավական ակտերը կատարելու իրավունք չունի: Ըստ էության, նրանք չեն ցանկանում հեռանալ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

– Ես չեմ ուզում մարդկանց արտահայտած տեսակետների վերաբերյալ դիրքորոշում հայտնել, դա ինձ պատիվ չի բերում, և, ընդհանրապես, խելամիտ աշխատանք չէ: Ամեն մեկն ունի իր կարծիքը, իր մոտեցումը, պատրաստվում է իր իմացած ուղիներով իր իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվել: 

Իհարկե բոլորի տեսակետն էլ հարգում եմ և չեմ պատրաստվում որևէ մեկի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն տալ: Ես միայն կարող եմ մեկնաբանել՝ պետական իշխանության մարմինների գործողությունները Սահմանադրությանը հակասո՞ւմ են, թե՞ ոչ, նրանց ընդունած ակտերը որքանո՞վ են իրավունքի տրամաբանության մեջ և այլն: 

– Սահմանադրական այս փոփոխություններով ՍԴ-ի խնդիրը լուծվո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ ՍԴ անդամները մտադիր չեն կատարել այդ որոշումը:

– Ամեն ինչի վերաբերյալ էլ կարող են լինել տարբեր կարծիքներ: Մենք 3 մլն բնակչություն ունենք, 3 միլիոնն էլ կարող են տարբեր կարծիքներ ունենալ, բայց մենք ունենք պետական իշխանության մարմիններ, և դրանց ընդունած ակտերը ենթակա են պարտադիր կատարման՝ անկախ նրանից, թե ով ինչ կարծիք ունի: 

– Այսինքն՝ ՍԴ այդ երեք անդամները, ուզեն-չուզեն, պետք է հեռանա՞ն ՍԴ-ին:

– Բա ուրիշ կերպ ինչպե՞ս եք կարծում: 

– Նրանք հայտարարում են, որ մինչև ՄԻԵԴ կհասնեն: Ի՞նչ գործընթաց է մեզ սպասում:

– Եթե կվիճարկեն, կդիմեն, և եթե կլինի վերջնական որոշում, այդ դեպքում՝ կարող ենք դրա մասին խոսել, հիմա օդի մեջ է: Թե ինչ կանեն և իրենց քայլերի արդյունքում ինչ արդյունք կլինի, ինչ ընթացակարգեր կլինեն՝ այդ մասին հիմա չենք կարող եզրահանգումներ անել: Եթե մարդիկ տրամադրված են դիմելու իրենց իրավունքները պաշտպանելու, դա ի պատիվ իրենց է խոսում:

– Ընդհանրապես, դուք ի՞նչ կարծիք ունեք մեր ՍԴ-ի վերաբերյալ, որովհետև, օրինակ՝ ՍԴ նախագահը հայտարարում է, որ ամաչում է երեկվա ԱԺ նիստում տեղի ունեցածի համար:

– Ես չեմ ցանկանում այլ մարդկանց հայտարարությունները մեկնաբանել: Թե ով ինչ է ասել, ամաչում է, թե չի ամաչում՝ դրա վերաբերյալ ինձ թույլ չեմ տա տեսակետ արտահայտել: 

Ուղղակի խնդիրն այն է, որ մենք ունենք 2015 թվականին ընդունված Սահմանադրություն, որի կարգավորումներով ՍԴ դատավորի պաշտոնավարման առավելագույն ժամկետը 21 տարի է, և իշխանությունները փորձում են ՍԴ կառուցվածքը համապատասխանեցնել այսօրվա գործող Սահմանադրության պահանջներին: 

Սա է խնդիրը: Թե դա իրենց մոտ ինչքանով է ստացվում՝ չխախտել Սահմանադրությունը, ընթացակարգային սխալներ թույլ չտալ, դա հարցի երկրորդ կողմն է: Նրանց ցանկությունն է ՍԴ-ն բերել գործող Սահմանադրության սահմանադրական կարգավորումների տիրույթ: Թե հիմա ով է ամաչում, ով է ոգևորված, ով է վատ զգում՝ դա իմ խնդիրը չէ: 

– Իսկ որքանո՞վ է հաջողվում այդ խնդիրը կարգավորել առանց սահմանադրական շեղումների:

– Ես արդեն ասել եմ, որ ընթացակարգային շեղումներ կան, որոնք Սահմանադրությանը հակասում են: 

– Ինչպե՞ս եք գնահատում սահմանադրական փոփոխությունների հետ կապված իշխանության տեսակետը, նրանք ասում են, որ պետք է այնպիսի Սահմանադրություն ունենալ, որին կվստահի քաղաքացին:

– Սահմանադրությունն իր բնույթով շատ ավելի բարդ փաստաթուղթ է, քան, ասենք, գերժամանակակից տիեզերանավի նախագիծը: Եթե պետք է այդ բարդ փաստաթուղթը որոշվի քաղաքացիների վստահությամբ՝ դա անհեթեթություն է: Քաղաքացու վստահությունը պետք է լինի ոչ թե Սահմանադրության հանդեպ, այլ իշխանության թևերի: Քաղաքացին պետք է վստահի իշխանության թևերին, ոչ թե Սահմանադրությանը: Իսկ թե կհաջողվի՞ ճիշտ Սահմանադրություն գրել և ընդունել՝ դա արդեն հարցի երկրորդ կողմն է, կապրենք՝ կտեսնենք:

Մանե Հարությունյան