Իշխանություններն անընդհատ սխալը սխալի հետևից են գործում, և ես 2022-ի հետ կապված ոգևորվելու առիթ չեմ տեսնում. Վարդան Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, 2021-ն ավարտվում է, խնդրում եմ՝ ներկայացրեք՝ ինչպիսի՞ տարի էր Հայաստանի համար: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ժողովրդավարության առումով երկիրը վատ վիճակում է, դե, իշխանություններն էլ հակառակն են պնդում:

– Իհարկե չկա որևէ իշխանություն, որը կհայտարարի, թե իր ղեկավարած երկիրը ժողովրդավար չէ: Այդպես չի լինում որպես կանոն: Նաև չկա ժողովրդավարության այնպիսի մակարդակ, որը կբավարարեր և՛ իշխանություններին, և՛ հանրությանը, և՛ ընդդիմությանը միաժամանակ: Բայց այն հույսերը, որոնք և՛ ժողովրդավարության, և՛ ընդհանրապես բոլոր առումներով կային, ծնվել էին 2018-ից հետո, չարդարացան: Մենք, կամ գոնե ես, վստահ եմ եղել, որ Հայաստանը կտրվելու է իր արատավոր անցյալից, և բոլորովին նոր, բոլորովին այլ Հայաստան ենք ունենալու:

Բայց, ցավոք, շատ բան չեղավ այնպես, ինչպես կուզենայինք: Թե ինչո՛ւ այդպես չեղավ հարցի պատասխանը պետք է ակնկալել իշխանություններից, որովհետև նրանք են, որ իրենց ծրագրին հավատարիմ չեն մնացել, և նրանց պատճառով է, որ այսօր ունենք այս Հայաստանը և ոչ թե այն Հայաստանը, որը կուզենայինք ունենալ:

Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանին և, ընդհանրապես, քոչարյանամերձ միջավայրին, ապա նրանց գնահատականները ժողովրդավարության մասին, կարծում եմ, չպետք է ծանրակշիռ ընկալվեն ու քննարկվեն, որովհետև նրանք են Հայաստանում դրել հակաժողովրդավարության հիմքերը, նրանք են կազմակերպել ու հասցրել մեր երկիրը մի վիճակի, որից Փաշինյանը կամք և ուժ չունեցավ դուրս բերել:

Այնպես որ, այն մեղադրանքները, որ այդ խումբը կարող է ներկայացնել այս իշխանություններին, ապա վերջինները բազմապատիկը կարող են ներկայացնել պաշտոնապես կարգված ընդդիմադիրներին:

– Ի՞նչն է հիասթափեցրել ձեզ, պարո՛ն Հարությունյան:

– Օրինակ՝ ժողովրդավարության ոչ ցանկալի մակարդակը, այն զարգացումը, որը կարող էր լինել այս երեք տարիների ընթացքում, չի եղել: Նաև՝ պատերազմը, պատերազմի հետևանքով կրած արհավիրքը, իշխանությունների վերաբերմունքը պատերազմին, պարտությանը, երկրի այս վիճակին, սեփական սխալները չտեսնելն ու չընդունելը:

– Եթե ավելի գործնական լինի ձեր խոսքը, խնդրում եմ՝ կասե՞ք, օրինակ՝ ժողովրդավարության առումով ինչպես է ձախողել այս իշխանությունը: Օրինակ՝ ցուցարարներն առավել շա՞տ են բռնության ենթարկվել, իշխանությունը ճնշո՞ւմ է գործադրում դատական, իրավապահ համակարգի վրա: Ի՞նչ երևույթներ կարող եք նշել:

– Ո՛չ, ո՛չ, մենք իհարկե կարող ենք ասել, որ 2018 թվականից հետո ունենք որոշակի առաջընթաց: Օրինակ՝ մենք ունենք ընտրություններ, մենք այդ ընտրությունների արդյունքից գոհ ենք թե ոչ՝ կարևոր չէ, կարևորն այն է, որ այդ ընտրությունները չեն ընթանում մեզ համար շատ սովորական դարձած ընտրախախտումներով: Չթվարկեմ դրանք, բոլորը գիտեն:

Մենք հիմա ունենք նախկին դատարաններից քիչ թե շատ էապես տարբերվող դատարաններ: Ճիշտ է՝ հին դատավորներով, որոնք իրավունք չունեն մեկ րոպե ավելի դատական համակարգում լինել, բայց միևնույն է՝ գործող դատական համակարգը զգալիորեն տարբերվում է նախորդ համակարգից: Այսօրվա դատարանները, այո՛, կարողանում են իշխանություններին ոչ հաճո վճիռներ կայացնել:

Հայաստանը, իհարկե, չես համեմատի միջինասիական հանրապետությունների հետ, Իրանի հետ, Ադրբեջանի հետ, նույնիսկ՝ Թուրքիայի, քանզի ժողովրդավարության առումով մենք բավականին առաջ ենք: Բայց մենք չենք ցանկանում այդ երկրների համեմատ առաջ լինել, մենք ուզում ենք համեմատվել ժողովրդավարական երկրների հետ և ասել, որ մենք հասնում ենք նրանց: Իմ բողոքը սրան է վերաբերում: Ես իմ մտքում Հայաստանը ուզում եմ համեմատել Նորվեգիայի հետ, ոչ թե Իրանի, Թուրքմենստանի կամ Ադրբեջանի:

– Հին դատավորներն անկախ են իշխանությունների՞ց, ինչպե՞ս էր հնարավոր ազատվել նրանցից:

– Պետք էր ստեղծել այնպիսի պայմաններ, որ համակարգում ընդգրկվեին իրենց չարատավորած դատավորներ, որոնք, այո՛, կարող էին լինել շատ ավելի անկախ, քան այսօրվա դատավորներն են: Բայց նրանք չպետք է լինեին արատավորված, չպետք է պատվիրված ակտեր կայացրած լինեին:

Գործող դատավորների մի հսկայական զանգված պատվերով աշխատողներ են եղել, նրանք անթաքույց կախված են եղել իշխանություններից: Ես չեմ ուզում կոնկրետ դեպքեր թվարկել՝ մարտի 1-ի գործեր, մարտի 1-ից առաջ եղած գործեր, հիշում ենք բոլորս:

Այսինքն՝ այդ դատավորները բարոյական իրավունք չունեն շարունակելու աշխատել, և որևէ պետություն, որ իրեն համարում է ժողովրդավարական, չպետք է հանդուրժեր նրանց աշխատանքը: Ես չեմ ասում, թե պետք է նրանց պատժել, դատել, ես ասում եմ՝ նրանց չպետք է ունենալ որպես դատավոր:

– Իշխանության որդեգրած վեթինգի մեթոդը, երբ ԲԴԽ-ի միջոցով դատավորներին կարգապահական պատասխանատվության են ենթարկում, ինչպե՞ս եք ընդունում:

– Ճիշտն ասած, այդ վեթինգ կոչվածին արդեն լուրջ չեմ վերաբերվում: Ինձ համար ավելի ընդունելի կլիներ այն ճանապարհը, որով առաջնորդվեցին վրացիները Վարդերի հեղափոխությունից հետո, կտրուկ փոփոխություններ դատական համակարգում: Նրանք բերեցին նոր դեմքեր, երիտասարդ, ակտիվ կադրեր:

Եթե որևէ դատավոր կայացնում է իշխանություններին ոչ հաճո վճիռ, ապա դա բոլորովին չի նշանակում, որ այդ դատավորն անկախ է: Անկախ դատավորը պետք է օրինական վճիռ կայացնի, ոչ թե իշխանություններին դեմ կամ իշխանություններին հաճո:

– Իսկ ի՞նչ հույսեր եք կապում 2022-ի հետ:

– 2020-ի նոյեմբերից հետո, չասեմ, որ ընդհանրապես հույսեր չեմ կապում, ես շատ ոգևորվելու առիթներ չեմ տեսնում: Հայաստանի շուրջ և Հայաստանում այնպիսի զարգացումներ են, որին մեր իշխանությունները համարժեք չեն: Ոչ թե չեն ցանկանում, այլ, կարծում եմ՝ չեն կարողանում: Նրանք ուղղակի չեն ընկալում խնդիրը ու չեն կարողանում կողմնորոշվել: Անընդհատ սխալը սխալի հետևից են գործում, իրականությանը ոչ համարժեք քայլեր են ձեռնարկում, և դա ինձ մեծ հույսեր չի ներշնչում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am