«Հայաստանը պետք է կարողանա ճիշտ վայրում, ճիշտ հռետորաբանությամբ օգտագործել Սենատի հայտարարության բովանդակությունը». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

 – Պարո՛ն Նորիկյան, Ֆրանսիայի Սենատի ընդունած Հայաստանին աջակցող ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի վերաբերյալ ձեր քաղաքական ու իրավական գնահատականն եմ խնդրում, այս բանաձևն ի՞նչ է տալու Հայաստանին ու Արցախին։

– Իրավական առումով այնքան էլ շատ ասելիք չկա, դա ֆրանսիական օրենսդրության մաս կազմող կամ քաղաքական բնույթի հայտարարություն է։ Այս խնդիրն ավելի շատ պետք է դիտարկել քաղաքական համատեքստում՝ նկատի ունենալով Ֆրանսիայի ով լինելը թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես աշխարհաքաղաքական գործընթացների լուծման հարցում, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու համատեքստում։

Բնականաբար, Հայաստանի խնդիրը պետք է լինի քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել ու ճիշտ վայրերում օգտագործել նշված հայտարարության բովանդակությունը, որովհետև շատ կարևոր ուղերձներ են բերված՝ և՛ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, և՛ Արցախի Հանրապետության հնարավոր ճանաչումը։ Սրանք դետալներ են, որոնք հայկական դիվանագիտությունը պետք է իրատեսորեն ու ճիշտ վայրում ու ժամանակին օգտագործի։

Բացի այս, ընդամենը պետք է շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այս վարքագծի համար, բայց պետք է հասկանալ, որ նման հայտարարություններով չեն կարգավորվելու ո՛չ Արցախի հակամարտությունը, ո՛չ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Հետևաբար սա դիվանագիտության տեսանկյունից միջազգային հանրությանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի իրական հիմնախնդիրը ներկայացնելու միջոց է, որը կնպաստի միջազգային հանրության մոտ օբյեկտիվ ընկալմանը, քանի որ այդ մասին ասողը Հայաստանը չէ, այլ՝ ՄԱԿ-ի Անվտանգության մշտական խորհրդի անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող, Եվրամիության հեգեմոն կարգավիճակ ունեցող Ֆրանսիան։

– Այսինքն՝ այս բանաձևից շոշափելի արդյունք ունենալ-չունենալը մեծապես կախված է Հայաստանի դիվանագիտությունի՞ց։

– Հայաստանը պետք է կարողանա ճիշտ վայրում, ճիշտ հռետորաբանությամբ օգտագործել այս հայտարարության բովանդակությունը։ Պետք է կարողանա այս հայտարարությունը քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել՝ հետագա բանակցություններում ցույց տալու համար այս կոնֆլիկտի էությունը, Ադրբեջանի իրական ձեռագիրն ու դեմքը։

Տարիներ շարունակ նույն Ադրբեջանն ինչպե՞ս էր միջազգային ֆոն ստեղծում, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, որ Հայաստանը ագրեսոր պետություն է և այլն, հիմա մենք էլ պետք է կարողանանք օգտվել այս գործիքակազմերից ու միջազգային հանրությանը ցույց տանք, որ, այո՛, Ադրբեջանը զավթել է Հայաստանի տարածքները, պատերազմական հանցագործի վարքագծով է առաջնորդվում, որ այդ պետությունը պատերազմի հանցագործ է։ Հայաստանի դիվանագիտության խնդիրը հենց սա պետք է լինի։

Հայաստանի դիվանագիտության խնդիրն է անել ամեն ինչ, որ այսպիսի հայտարարություններ տարածեն նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանը, եվրոպական այլ երկրներ, Հնդկաստանը, Չինաստանը, այսինքն՝ հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի՝ Ադրբեջանին ագրեսոր պետություն ճանաչելու համար։

– Ֆրանսիայի կողմից նման հայտարարություն տարածելու մեջ հայկական դիվանագիտության ջանքերը ձեզ համար տեսանելի՞ են։

– Եկեք մեր համեստ հնարավորությունները չգերագնահատենք, որովհետև եթե հարցն այդ տեսանկյունից դիտարկենք, տրամաբանական հարց է առաջանալու․ ինչո՞ւ Հայաստանի դիվանագիտությանը չի հաջողվում Ռուսաստանի Պետդումայից կորզել նման հայտարարություն, ԱՄՆ Սենատից կամ այլ երկրներից։ Ես չեմ ասում, թե հայկական դիվանագիտությունը չի ձգտում կամ չի ցանկանում, բայց մեր հնարավորությունները պետք է ռեալ գնահատենք ու այս հայտարարության մեջ ներդրված դիվանագիտական ջանքերի մասով էլ ունենանք համեստ գնահատականներ։

– Իսկ ինչո՞ւ Ֆրանսիայի Սենատը նման բանաձև ընդունեց, պարո՛ն Նորիկյան։

– Ֆրանսիայի աշխարհաքաղաքական շահերը մեր տարածաշրջանում, Թուրքիայի հետ ունեցած նրա հարաբերությունները, նրա հետապնդած ռազմավարական նպատակները՝ հարցը գլոբալ համատեքստում պետք է դիտարկել։ Միայն հայ ժողովրդին սիրաշահելու կամ դուր գալու նպատակ չի հետապնդել Ֆրանսիան՝ հաստատ։ Հերիք է նման հայտարարությունների ֆոնին մեզ հույս տանք, որ խնդիրները կլուծվեն։ Նմանօրինակ հայտարարությունները բազմաթիվ են եղել՝ կապված Հայոց ցեղասպանության հետ, բայց մենք պետք է հասկանանք, որ դրանցով հարց չի լուծվում, այո՛, դրանք արձանագրում են այս կամ այն իրողությունը, բայց խնդիր չեն լուծում։

– Իսկ Ադրբեջանի գործողություններն այս հայտարարությունից հետո կփոխվե՞ն, չնայած նրանց ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն այդ բանաձևի վերաբերյալ լրիվ այլ բանի մասին է խոսում։

– Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր ռազմատենչ քաղաքականությունը և Հայաստանի և Արցախի նկատմամբ իր նկրտումները, հետևաբար նման հայտարարությունները չեն կարող զսպող դեր ունենալ Ադրբեջանի համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am