Մեծ մասի մոտ դեռ պահպանվում է մոտեցումը, որ սեղանին պետք է ասեղ գցելու տեղ չլինի. ի՞նչ ու ինչպե՞ս օգտագործել ամանորին՝ թունավորումներից խուսափելու համար. սննդաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սննդաբան Գայանե Շահխաթունին

Տիկի՛ն Շահխաթունի, սննդի ընտրության հարցում մարդկանց նախասիրությունները պահպանվե՞լ են, թե՞ համավարակով պայմանավորված որոշակի փոփոխություններ նկատելի են:

– Եթե 15-20 տարի առաջ անգամ գրագետ մարդիկ կարևորություն չէին տալիս ճիշտ սննդակարգին ու տեղեկություն էլ չունեին այդ մասին, ապա հիմա զգալի է փոփոխությունն այդ առումով: Իմ աշխատանքային գործունեության 15 տարվա ընթացքում ակնհայտ փոփոխություն կա մարդկանց մտածողության ու սննդի հանդեպ վերաբերմունքում: Մարդիկ հիմա ավելի շատ են տեղեկացված, ավելի գրագետ են դարձել այդ առումով ու սկսել են մասնակցել իրենք իրենց փոխելու գործընթացին:

Քովիդով պայմանավորված՝ չէի ասի, որ կա նախասիրությունների փոփոխություն, գուցե նաև հակառակը, այսինքն՝ հոտառության, համի զգացողության մասամբ չաշխատելը վատ իմաստով նպաստում է, որ մարդիկ շատ հաճախ տարօրինակ հակումներ ձեռք բերեն. Սկսում են սիրել հոտեր, համեր, որոնք երբեք չեն օգտագործել: Քանի որ քովիդի  բուժման ժամանակ օգտագործվում է դեքսամետազոն դեղամիջոցը, դրանից հետո ախորժակի ու քաշի կտրուկ ավելացում է նկատվում մարդու մոտ, որովհետև այդ դեղամիջոցը հենց նույն կորտիզոլ հորմոնն է, որը սկսում է սնվելու կարիք առաջացնել: Այսպիսով՝ քովիդից հետո մենք ունեցել ենք քաշի ավելացման միտում, եթե ոչ 40, ապա 30%-ով՝ հաստատ:

Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ ասել է գրագետ սնվել, ի՞նչ սնունդ պետք է օգտագործել, որ այն համարվի ճիշտ ու գրագետ:

– Գրագետ սննդի առաջնային հիմքը սննդի օրգանիկ, էկո տարբերակներն են: Սնունդներ, որոնց հիմքում մուտացված բաղադրություններ են, օրինակ՝ մայոնեզը, որը ստացվել է տարբեր սնունդների գենետիկական փոփոխությունների արդյունքում՝ ձվի, կաթի փոշուց, չիպսերը, երշիկը և այլն, չեն համարվում գրագետ սնունդ:

Գրագետ սնունդ է համարվում այն սնունդը, որի բնական լինելը դուք պարզ տեսնում եք: Բնական սնունդ պետք է գնել այնպիսի տեղերից, որտեղ ավելի քիչ հավանական է, որ հորմոնային միացություններ կլինեն տվյալ մթերքների մեջ:

Տնային պայմաններում էլ կարելի է ստուգել, ասենք՝ կաթի բնական լինելը. կաթի մեջ կարող եք մեկ կաթիլ յոդ լցնել, ու եթե կապտում է, նշանակում է՝ այդտեղ մեծ քանակությամբ օսլա կա, ու կաթը բնական չէ:

Հավի մսի պարագայում խորհուրդ կտամ տնական կամ, գոնե, մեր տեղականն օգտագործել, որովհետև մնացածների մասով ունենք ինֆորմացիա, որ ակտիվ հորմոնալ դեղերով են աճեցված: Այս պարագայում խորհուրդ կտամ օգտագործել ոչ թե հավի, այլ ճտի միս, որովհետև ճտերին դեռ չեն հասցնում կերակրել այդ հորմոնալ սննդով, քանի որ դեռ փոքր են: Ձուկը՝ ցանկալի է գետի, միսը՝ տավարի: Պետք է զերծ մնալ անհայտ ծագում ունեցող սննդամթերքից:

Հաշված օրեր հետո հայ ազգը ճոխ սեղանների շուրջ նշելու է Ամանորը, որպեսզի անցանկալի հետևանքներից խուսափեն՝ ի՞նչ խորհուրդներ կտաք, տիկի՛ն Շահխաթունի:

– Ինչ խոսք, շատացել են այն մարդիկ, որոնք անգամ այս օրերին, այնուամենայնիվ, հետևում են առողջ ապրելակերպին:

Տարբեր սնունդ միաժամանակ ուտելն արդեն անառողջ երևույթ է, հատկապես, առանց ռիթմիկ ընդունման, այսինքն՝ չորս ժամ դուք խնջույք եք անում ու այդ ողջ ընթացքում ծամում եք, դա համար մեկ սխալն է: Պետք է վերցնել ափսեն, լցնել դրա մեջ ամեն ինչից քիչ-քիչ, այնքան, որ ափսեի ներքևի կլոր մասը լցվի, ու ողջ ընթացքում դանդաղ ուտել ափսեի պարունակությունը, չարժի ձեռքը մեկնել՝ հավելյալ ինչ-որ բան վերցնելու համար:

Սա առաջին կարևոր խորհուրդն է, երկրորդ կարևոր խորհուրդն այն է, որ ցանկալի է օրը բաժանել երեք հատ երեք ժամի, այսինքն՝ 12:00, 15:00, 18:00 կամ 11:00, 14:00, 17:00 ու սնվել այդ ժամերին: Սնվելը դարձնել ռիթմիկ, ոչ թե գնալ-գալ ու ինչ-որ բան ուտել: Անգամ եթե սնվում եք ծանր մարսելիության սննդով, բայց ռիթմիկ, մարսողությունը բավական հանգիստ է կատարվում, ու դուք կազատվեք և՛ թունավորումների, և՛ գիրանալու վտանգից:

Առողջ ապրելակերպին հետևողների աղցաններն ավելի թեթև են ու թարմ՝ չջերմամշակված են, թարմ կանաչեղենով ու մրգերով պատրաստված: Մսային սնունդն ավելի քիչ յուղոտ է ու ջերմամշակումները տապականերով չեն, այլ ջեռոցում են արված: Չեն օգտագործում անհայտ գենի խմիչքներ, միայն ջուր են խմում, անգամ՝ բնական հյութեր չեն օգտագործում, որովհետև, պարզ է, որ գրված է բնական, դա ամենևին էլ բնական չէ:

Շատ կարևոր է, որ ձեր օգտագործած բոլոր աղցանները, սնունդն ու ամեն ինչը թարմ լինեն, ու եթե հյուր եք գնում, որտեղ չգիտեք, թե այդ մթերքն ինչ թարմություն ունի, կերեք այնպիսի սննդամթերք, որի թարմությունը պարտադիր չէ, օրինակ՝ ընդեղեն, թթու վարունգ, ձիթապտուղ, պանիր:

Ամանորին հաճախ են լինում խմիչքային թունավորումներ, դրանից խուսափելու համար ի՞նչ խորհուրդ կտաք:

– Տարբեր տեսակի խմիչքներ միաժամանակ չպետք է օգտագործել, պետք է ընտրել միայն մեկ տարբերակ, ինչպես նաև ձկնկիթի հետ խմիչքը պետք է զգուշությամբ օգտագործել: Օրինակ՝ եթե խմել եք լիկյոր կամ կոկտեյլ, որը պարունակում է կաթնային ինչ-որ մաս ու դրան զուգահեռ կերել եք ձկնկիթ կամ ձուկ, հնարավոր է կտրուկ թունավորում լինի:

Այս օրերին ես խորհուրդ կտամ, որ երեք օրը մեկ մարդը բեռնաթափում անի, ամեն երկրորդ օրը մրգային օր հայտարարել և ուտել միայն միրգ, զուգահեռ՝ մածուն և կեֆիր ու օրվա մեջ մի փոքր՝ շոկոլադ սուրճի հետ:

Իսկ ամանորյա ճոխ սեղանների առումով մարդկանց մոտ փոփոխություն կա՞, թե՞ ոչ, ու, ըստ ձեզ, ինչո՞ւ են ձգտում այդ ճոխությանն անգամ այն պարագայում, երբ ֆինանսապես էլ ի վիճակի չեն դրան:

– Գիտեք՝ մարդկային բնության խնդիր է՝ և՛, և՛, իմ շրջապատում քիչ են այդ ճոխ սեղանների, այսպես ասած, կողմնակիցները, բայց բնակչության մեծ մասի մոտ դեռ պահպանվում է մոտեցումը, որ սեղանին պետք է ասեղ գցելու տեղ չլինի՝ չկարևորելով սննդի պահպանման ժամկետները, ու վերջում կանգնում են փաստի առաջ:

Ճոխ նշելը մի տեսակ սովորույթ է դարձել, ցուցադրականության տարր է նաև պարունակում, չգիտեմ՝ ազգային բնորոշ հատկանիշ է, երևի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am