«Որևէ ձևով Ժուռնալիստների միության գոյությունը չենք զգացել, մարզային մամուլը պետք է առանձին կառո՞ւյց ստեղծի, որ իր հոգսերով զբաղվի». Պապ Հայրապետյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանը

– Պարո՛ն Հայրապետյան, Հայաստանի ժուռնալիստների միության 13-րդ համագումարի կազմակերպումն ու անցկացումն ինչպե՞ս եք գնահատում, այն լեգիտիմ համարո՞ւմ եք, որովհետև, օրինակ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այն լեգիտիմ չի համարում։

– Ես հիմա մարզային մի խումբ լրատվամիջոցների անունից եմ խոսում, մեր հիմնական դժգոհությունն այն է, որ մեզ անտեսել են, եթե հրավեր էր համագումարին մասնակցելու համար՝ մեզ էլ հրավիրեին, եթե պատվիրակներ պետք է ընտրվեին, որ համագումարին մասնակցեին՝ մեզ էլ ասեին, ընտրեինք, որովհետև բոլոր մարզերում էլ Լրագրողների միության անդամներ կան։ Մենք միայն ուղիղ եթերից ենք իմացել, որ Ժուռնալիստների միության համագումար է։

– Իսկ սովորաբար ինչպե՞ս է եղել ընթացակարգը, ձեզ հրավիրե՞լ են։

– Երբ Ժուռնալիստների միության նախագահ էր Աստղիկ Գևորգյանը, մենք տեղում պատվիրակներ էինք ընտրում, որոնք էլ մասնակցում էին համագումարին: Մենք մի քանի անգամ մասնակցել ենք, ես 35 տարուց ավելի Ժուռնալիստների միության անդամ եմ։

Սաթիկ Սեյրանյանը 5 տարի առաջ նույն կերպ համագումար արեց ու ընտրվեց, իսկ մենք ոչ մի բանից տեղյակ չենք եղել։ Այդ 5 տարվա ընթացքում մենք այդ միության գործունեության վերաբերյալ որևէ տեղեկություն չենք ունեցել, բայց միշտ մտածել ենք, որ մենք միության անդամ ենք, ոչ ոք չի ասել, որ մենք այդ միությունից դուրս ենք եկել, որևէ մեկը մեզ չի ասել, որ դուք անդամավճար չեք վճարել, այդ պատճառով հեռացվում եք։

– Սաթիկ Սեյրանյանի ղեկավարման տարիների՞ն էլ եք շարունակել անդամավճար վճարել։

– Չէ՛, չենք վճարել, երբ նա ընտրվեց, մեզ ասացին, որ կառուցվածքային ահագին փոփոխություններ են լինելու, այդ հարցերը պետք է կարգավորվեն, որովհետև վերջին տարիներին Աստղիկ Գևորգյանի կազմակերպությունը ոնց որ չաշխատեր։

Իհարկե, մենք էլ քայլ չենք արել, բայց սպասեցինք-սպասեցինք, որ միությունից մեզ կզգուշացնեն, կասեն, եկեք անդամավճարները վճարեք, հակառակ պարագայում դուրս կմնաք, բայց որևէ մեկը մեզ բան չի ասել։ Մարզային թերթերի խմբագիրներս մտածել ենք, որ մնացել ենք միության կազմում, հիմա էլ եմ մտածում, որ անդամ եմ, որովհետև անդամատոմսն ունեմ։

– Ինչո՞ւ մարզային խմբագիրներով այս ողջ ընթացքում չեք դիմել միությանը, պարո՛ն Հայրապետյան։

– Այդ համագումարից հետո որոշել ենք դիմել՝ հասկանանք՝ անդա՞մ ենք, թե՞ ոչ։ Եթե անդամ ենք՝ ինչո՞ւ մեզ չեն հրավիրել, եթե անդամ չենք՝ ո՞ր թվականից են մեզ հեռացրել։ Պարզաբանումներ ստանալու նպատակով կդիմենք։ Ընդհանրապես ոչ մի մարզի ներկայացուցիչ այդ համագումարին ներկա չի եղել, ու կազմակերպությունը կոչվում է Հայաստանի ժուռնալիստների միություն։

Զանգել եմ ու մարզային իմ բոլոր գործընկերներից հետաքրքրվել եմ, որևէ մեկը չի մասնակցել համագումարին ու տեղյակ էլ չեն, թե ինչո՞ւ։ Տարիներ շարունակ Աստղիկ Գևորգյանը մեզ հրավիրել է զանազան միջոցառումների, հետամուտ են եղել որոշ խնդիրների ու լուծել դրանք, բայց այս կազմակերպությունը Սաթիկ Սեյրանյանի գլխավորությամբ մեզ համար որևէ բան չի արել։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ տիկին Սեյրանյանի ղեկավարության տարիներից սկսած միության կապը մարզային գործընկերների հետ կտրվել է։

– Կապը կտրվել է, այո՛։ Նախկին իշխանությունների ժամանակ՝ 1998 թվականից սկսած, մարզային մամուլն ամեն տարի կառավարությունից սուբսիդավորում է ստացել 500 հազար դրամի չափով, ու այդ գումարը մեզ օդ ու ջրի նման պետք է եղել, դրանով կարողացել ենք թերթ հրատարակել: Այս նոր իշխանության օրոք վերացավ մարզային մամուլի սուբսիդավորումը, այդ հարցն էլ ենք բարձրաձայնել, բայց որևէ մեկը չի արձագանքել։

– Ընդհանուր առմամբ, այդ կառույցի գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում Սաթիկ Սեյրանյանի ղեկավարության օրոք։

– Եթե մեր նկատմամբ այդ ուշադրությունը չի եղել՝ ինչպե՞ս գնահատեմ։ Մարզային մամուլը պետք է առանձին կառո՞ւյց ստեղծի, որ իր հոգսերով զբաղվի, որևէ ձևով այդ կառույցի գոյությունը չենք զգացել։ Որևէ մեկը չի զանգել ասի՝ ինչո՞ւ այդ անդամավճարը չեք վճարել, ես էլ կասեի՝ ինչո՞ւ վճարեմ, երբ իմ դարդ ու ցավով այդ միությունը չի զբաղվում։

– Պարզաբանում ստանալուց հետո՞ կորոշեք ձեր անելիքիները, պարո՛ն Հայրապետյան։

– Այնպես չէ, որ մեր խելքը գնում է այդ միության անդամ լինելու համար, բայց մենք խնդիրը արդարացիորեն բարձրաձայնել ենք, մեզ համար վիրավորական է, որ մենք երեք տասնամյակից ավելի լինելով միության անդամ, երբ Սաթիկ Սեյրանյանը գաղափար էլ չուներ այդ կառույցի մասին, Աստղիկ Գևորգյանի հետ նեցուկ ենք եղել ու այն պահել ենք։ Աստղիկ Գևորգյանն ասում էր, որ իր հենարանը մարզային լրագրողներն են, իսկ այսօր մեզ անտեսում են։ Հազար ու մի խնդիր ունենք, որ հնարավոր էր միության միջոցով լուծել։ Մենք ուղղակի այդ անտարբերության դեմ ենք պայքարում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am